Հայաստան․ Արտաքին փոխառություններն աճում են
Հայաստանի կառավարությունն օրերս կայացած նիստում հավանություն է տվել ՕՊԵԿ-ի զարգացման հիմնադրամի հետ 80 մլն եվրոյի չափով վարկ ներգրավելու մասին համաձայնագրի ստորագրմանը:
Փաստաթուղթը հրապարակվել է կառավարության կայքում։ «Համաձայնագրով ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամը պարտավորվում է Հայաստանի Հանրապետությանը տրամադրել 80 մլն եվրոյի չափով բյուջետային աջակցության վարկ»,- ասված է որոշման հիմնավորման մեջ: Վարկը տրամադրվում է 18 տարի ժամկետով՝ հինգ տարվա արտոնյալ ժամկետով։ Տոկոսադրույքը լողացող է՝ վեցամսյա Euribor-ի (Եվրոպական միջբանկային առաջարկվող տոկոսադրույք) գումարած 1.56%։ Հունիսի 18-ի դրությամբ այն կազմել է 4.166%։
Եթե արտաքին փոխառությունների վերաբերյալ ավելի լայն համատեքստում դիտարկենք, ապա Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) հավանություն է տվել Հայաստանին ավելի քան 25 միլիոն դոլարի հատկացմանը՝ խորհրդարանական ընտրություններում վարչապետ Նիկոլ Փաշինյանի կուսակցության հաղթանակից կարճ ժամանակ անց:
ԱՄՀ կայքում հաղորդվում է՝ հիմնադրամի գործադիր խորհուրդը հանրապետության հետ «Ստենդ-բայ» վարկային համաձայնագրի (SBA) շրջանակներում ավարտել է առաջին դիտարկումը։ Սա Երևանին հնարավորություն է տալիս հասանելիություն ստանալ 18,4 միլիոն ՓՀԻ-ին (փոխառության հատուկ իրավունք) համարժեք գումարին, ինչը կազմում է մոտ 25,1 միլիոն դոլար։
SBA ծրագիրը նպատակ ունի աջակցել պետական քաղաքականությանը և բարեփոխումների ծրագրին՝ տնտեսական և ֆինանսական կայունությունը պահպանելու, ինչպես նաև կայուն, ներառական և երկարաժամկետ տնտեսական աճ ապահովելու համար:
Համաձայնագրով ընդհանուր հասանելիությունը հասել է 36,8 միլիոն ՓՀԻ-ի՝ փոխառության հատուկ իրավունքի (մոտ 50,2 միլիոն դոլար)։ Այն հաստատվել է ԱՄՀ խորհրդի կողմից 2025 թվականի դեկտեմբերի 1-ին։ Հայաստանի իշխանությունները շարունակում են դիտարկել այն՝ որպես նախազգուշական միջոց.
«Նախազգուշական միջոցը» (անգլ.՝ precautionary arrangement) վարկային ծրագրի կարգավիճակ է, որի դեպքում անդամ երկիրն իրավունք ունի ստանալ պայմանավորված գումարը, բայց պարտավոր չէ դա անել և կարող է հրաժարվել դրանից։
Ծրագիրն ընդհանուր առմամբ Հայաստանում ընթանում է ըստ պլանի, նշում է ԱՄՀ-ն։ Նախորդ տարվա դեկտեմբերի վերջին կատարվեցին արդյունավետության բոլոր քանակական չափանիշները: Հիմնադրամում նշել են տնտեսության կայունության բարձրացմանն ուղղված ջանքերի շարունակման անհրաժեշտությունը և հայտարարել, որ ողջունում են կառուցվածքային բարեփոխումները, որոնք ուղղված են արտահանման դիվերսիֆիկացմանը և գործարար միջավայրի բարելավմանը:
2025 թվականի վերջի-2026 թվականի սկզբի դրությամբ Հայաստանի կառավարության արտաքին պարտքը կազմել է մոտավորապես 6.68 միլիարդ դոլար, մինչդեռ ընդհանուր պետական պարտքը (ներառյալ՝ ներքին պարտավորությունները) կազմել է մոտավորապես 14.78 միլիարդ դոլար (մոտավորապես 5.3 տրիլիոն դրամ): Արտաքին պարտքը կազմում է ընդհանուր պետական պարտքի մոտավորապես 45%-ը. վերջին տարիներին պետական պարտքն աճել է ավելի չափավոր տեմպերով (մոտավորապես 21% աճ՝ վերջին ութ տարիների ընթացքում):
Հայաստանի պետական պարտքը 2018 թվականի մայիսից ի վեր, երբ Նիկոլ Փաշինյանը դարձավ վարչապետ, աճել է 110.6%-ով, ըստ ՏԱՍՍ-ի հաշվարկների, որոնք հիմնված են հանրապետության պետական վիճակագրական կոմիտեի բաց տվյալների վրա։
2018 թվականի ապրիլի 30-ի դրությամբ Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակի տվյալներով՝ Հայաստանի պետական պարտքը կազմել է 6,87 մլրդ դոլար, իսկ 2026 թվականի ապրիլի 30-ի դրությամբ՝ 14,46 միլիարդ դոլար: Ընդ որում, պիկ ցուցանիշներն արձանագրվել են 2026 թվականի փետրվարին, երբ պետական պարտքի չափը հասել է 14,78 մլրդ դոլարի նշագծին, ինչը 115,2 տոկոսով ավելի է, քան Ն. Փաշինյանի վարչապետության մեկնարկի պահին։
Ընդ որում, 2025 թվականի դեկտեմբերից Հայաստանի կառավարությունը փոխել է պետական պարտքի հաշվարկման մեթոդը՝ դրանում «հեռատեսորեն» չներառելով կառավարության ստանձնած ներքին և արտաքին պարտավորությունները, ինչպես նաև Կենտրոնական բանկի պարտքը։ ՏԱՍՍ-ի հաշվարկներում հաշվի են առնվել այդ փոփոխությունները, ինչպես պարտավորությունները, այնպես էլ՝ ԿԲ-ի պարտքը։
Վերջին տարիներին տնտեսագետները նշում են, որ դրամի փոխարժեքի թուլացման դեպքում կտրուկ կմեծանա պարտքի բեռը, քանի որ արտաքին պարտքի ավելացումից բացի, կտրուկ ավելացել է նաև ներքին պարտքը: Պետությունն այդպիսով կհայտնվի պարտքային լաբիրինթոսում, որից դուրս գալն առավելապես կապված կլինի նոր փոխառությունների հետ։ Բայց հատկանշական է, որ պարտքային հաշվարկների նոր «մեթոդն» ԱՄՀ-ին հարցեր չի առաջացնում․..
Մինչդեռ, ըստ վիճակագրական կոմիտեի տվյալների, Հայաստանի մշտական բնակչությունը 2026 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմել է գրեթե 3,1 մլն մարդ։
Այսպիսով, Հայաստանի յուրաքանչյուր բնակիչ այժմ պարտք է մոտ 4 665 դոլար։ Մինչդեռ 2018 թվականի ապրիլի դրությամբ այդ ցուցանիշը կազմում էր 2,312 դոլար:
Ալեքսեյ Բալիև
Թարգմանությունը՝ Ժաննա Ավետիսյանի

