Այս մարդու քաղաքականությունը Հայաստանի ոչնչացման քաղաքականությունն է՝ առանց անգամ որևէ վեկտորի. Ստեփան Դանիելյան

Դեռևս հոկտեմբերի 10-ին, Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցի ժամանակ, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՀՀ-ն չի փոխում իր արտաքին քաղաքական վեկտորը՝ դեպի Արևմուտք: Որպես հավելում՝ նա ասաց, որ ՌԴ-ի հետ ձեռք բերված որևէ պայմանավորվածություն այս ամբողջ ընթացքում փոփոխության չի ենթարկվել ու ՀՀ-ի կողմից լիարժեքորեն կատարվել է:

Փաշինյանի այս հայտարարությունը, սակայն, լիարժեքորեն տարբերվում էր երեկ Եվրախորհրդարանում հնչեցրած ելույթից: Մասնավորապես Ստրասբուրգում նա հայտարարեց. «երբ 100 հազար հայ փախչում էր ԼՂ-ից Հայաստան՝ անվտանգային ոլորտի մեր դաշնակիցները մեզ ոչ միայն չէին օգնում, այլև Հայաստանում իշխանափոխություն անելու, ժողովրդավարական իշխանությունը տապալելու հրապարակային կոչեր էին հնչեցնում», ինչը, սակայն, նրա խոսքով, ձախողվել է:

Փաշինյանն իր ելույթում շեշտադրել էր, որ «Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է առավել մոտ լինել ԵՄ-ին, ինչքան ԵՄ-ն դա հնարավոր կհամարի»:

Իսկ արդեն այսօր, ռուսական բարձրաստիճան պաշտոնյաներից մեկն արձագանքել էր ՌԴ-ի դեմ Եվրախորհրդարանում հնչեցրած հայտարարություններին՝ դրանք անվանելով անպատասխանատու և սադրիչ:

Կարդացեք նաև

«Մենք տեսնում ենք, թե ինչպես են Հայաստանը փորձում վերածել երրորդ Ուկրաինայի, եթե Մոլդովան համարենք երկրորդ Ուկրաինան: Իսկ Փաշինյանը յոթ մղոնանոց քայլերով գնում է Վլադիմիր Զելենսկու ճանապարհով»,- ռուսական TASS գործակալության ասել է ռուս բարձրաստիճան պաշտոնյան, որի անունը չի հրապարակվում:

Անդրադառնալով Փաշինյանի հակառուսական հայտարարություններին ու ռուսական կողմի արձագանքից հետո հայկական կողմին ուղղված հնարավոր պատժիչ գործողությունների վերաբերյալ հարցին՝ քաղաքագետ Ստեփան Դանիելյանը համոզմունք հայտնեց, որ այդ երկիրը դա կանի ո՛չ անմիջական:

«Եթե Ռուսաստանը ցանկանա Հայաստանի նկատմամբ պատժիչ գործողություններ իրականացնել, ապա նա ընդամենը կարող է չխառնվել ու թույլ տալ, որ դրանք իրականացնեն Ադրբեջանն ու Թուրքիան: Այսինքն, անգամ ցանկության դեպքում, այդ երկիրն ինքնուրույն որևէ գործողություն անելու անհրաժեշտություն չունի»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Դանիելյանը:

Անդրադառնալով Հայաստանի ներկա իշխանությունների՝ ժամանակ առ ժամանակ քաղաքական վեկտորը փոխելու մոտեցմանը՝ քաղաքագետը շեշտեց, որ ո՛չ Արևմուտքը, ո՛չ ԱՄՆ-ը չեն խոստանում, որ ՀՀ ուղղությամբ թուրք-ադրբեջանական տանդեմի հնարավոր հարձակման դեպքում իրենք ռազմական միջամտություն կցուցաբերեն: Այս պարագայում, ըստ Դանիելյանի, Փաշինյանի գործողությունները, «ավանտյուրա և Հայաստանը ոչնչացնելու քաղաքականությունից» բացի, այլ ձևով հնարավոր չէ բնութագրել:

«Հարավային Կովկասում և՛ Ռուսաստանը, և՛ Իրանը, և՛ Թուրքիան շահագրգռված չեն, որ Արևմուտքը մուտք գործի տարածաշրջան: Իսկ այն երկիրը, որը նպաստի դրան՝ դառնալու է այդ երեք պետությունների թշնամին: Ժամանակին՝ 2008 թվականին, Վրաստանը դա արեց, հետևանքները տեսանք, հիմա փորձում է անել Հայաստանը: Էլի հետևանքները տեսնում ենք՝ Արցախում հարված ստացանք, հայաթափվեց, և այլն: Դա չի նշանակում՝ Արևմուտքը վատն է, Ռուսաստանն ու Իրանը լավն են: Քաղաքականության մեջ լավ ու վատ չկա, կա իրականություն: Իրականությունն էլ այն է, որ ով փորձել է փոխել այդ վեկտորը՝ պատժվել է:

Այս մարդը (նկատի ունի Նիկոլ Փաշինյանին.- Ն.Ս.) ծառայում է դրսի շահերին՝ Հայաստանի դեմ: Դրսում պետք է, որ այստեղ մեծ պատերազմներ լինեն, մեզ պետք է, որ ոտատակ չլինենք այդ պատերազմներին: Այս մարդու քաղաքականությունը Հայաստանի ոչնչացման քաղաքականությունն է՝ առանց անգամ որևէ վեկտորի»,- ասաց քաղաքագետը:

Իրանը մեկ անգամ չէ հայտարարել տարածաշրջանում արևմտյան ուժեր ներգրավելու անթույլատրելիության մասին՝ շեշտելով, որ դա կարող է ուղիղ սպառնալիք դառնալ իր անվտանգության համար:

Այս համատեքստում, անդրադառնալով ՀՀ տարածքում, մասնավորապես՝ Եղեգնաձորում ԵՄ դիտորդական առաքելության հերթական օպերատիվ շտաբ բացելու փաստին, Ստեփան Դանիելյանը տեսակետ հայտնեց, որ Փաշինյանը գնում է այն ուժերի կողմը, որոնք որևէ հստակ քայլ ու անգամ խոստում չեն տվել՝ Հայաստանին պաշտպանելու: Ինչ վերաբերում է ԱՄՆ-ին՝ քաղաքագետն ուշադրություն հրավիրեց, որ այդ երկիրն այժմ էլ որևէ քայլ չի իրականացնում՝ Միջերկրական ծովի ափին գտնվող ու իր դաշնակիցը համարվող Իսրայելին պաշտպանելու ուղղությամբ:

«Ո՛չ վերջերս Իրանի նախագահը Հայաստանի ավանտյուրիստին, որը հիմա վարչապետ է աշխատում, շատ կոնկրետ զգուշացրել է, որ որևէ երրորդ ուժի մուտքը տարածաշրջան՝ անընդունելի է: Եթե Հայաստանը փորձում է մտնել ՆԱՏՕ, դա Իրանի համար թշնամական կառույց է, բնականաբար, այդ երկրի կողմից կլինի համապատասխան արձագանք»,- ասաց քաղաքագետը՝ շեշտելով, որ Սյունիքի հայկական մնալու համար Հայաստանը պարտական է հենց Իրանին:

Անդրադառնալով ԵՄ-ին առավել մոտ լինելու՝ երեկ Ստրասբուրգում Փաշինյանի հայտնած պատրաստակամությանը՝ քաղաքագետը մոտեցումն անվանեց «ապուշ» դիտարկում և օրինակ բերեց մի շարք այլ երկրների անցած ճանապարհը: «Ուկրաինան, որը գտնվում է Եվրոպայի գրեթե կենտրոնում, ունի ԵՄ և ՆԱՏՕ անդամ հարևաններ, դարձա՞վ ՆԱՏՕ անդամ: Ընդ որում, Ուկրաինան Թուրքիայի և Իրանի պես հարևաններ չունի: Վրաստանը, որ ունի Սև ծով, դարձա՞վ ՆԱՏՕ-ի կամ ԵՄ անդամ: Բա ինչպե՞ս են պատկերացնում, որ Հայաստանը կարող է դառնալ: Դա հիմարագույն մոտեցում է: Կան նաև հավատացողներ, որ կա «Վիլսոնի» վճիռ, ու Արևմտյան Հայաստանի մի մասը բերելու և հետ են տալու: Այդ հարցերը շահագործողներին պետք է պատժել, իսկ պարզապես հավատացողներին թույլ չտալ, որ որևէ լսարան կարողանան ձեռք բերել իրենց պարզունակ մտածողությամբ»,- ասաց քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:

Նազելի Ստեփանյան

Տեսանյութեր

Լրահոս