
Արցախցիներին կենսաթոշակների տրամադրման գործընթացը հարցականի տակ է. կառավարությունում դեռ քննարկումներ են ընթանում

Արցախում ադրբեջանական իշխանությունների կողմից իրականացված ցեղասպանական գործողություններից ու բռնի տեղահանությունից հետո ՀՀ տեղափոխված արցախցի մեր մի շարք հայրենակիցներ դեռևս չեն ստացել իրենց հասանելիք կենսաթոշակները:
Հիշեցնենք, որ դեռևս նախորդ տարվա դեկտեմբերի 12-ից սկսած, Արցախն ավելի քան 10 ամիս շարունակ մնաց ադրբեջանական շրջափակման ներքո: Արդեն այս տարվա սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում գործեց Արցախի ուղղությամբ՝ թիրախավորելով բազմաթիվ քաղաքացիական ենթակառուցվածքներ, շենք-շինություններ, դպրոցներ ու մանկապարտեզներ:
Արցախի ՄԻՊ գրասենյակի հրապարակած վերջին տվյալներով՝ Արցախի նկատմամբ ադրբեջանական ագրեսիվ գործողությունների հետևանքով հայկական կողմի զոհերի թիվը հասել է 200-ի: Նրանցից 10-ը խաղաղ բնակիչներ են: Զոհերի մեջ եղել են նաև երեխաներ:
Ադրբեջանի նախահարձակ գործողությունների հետևանքով հայկական կողմն ունեցավ նաև ավելի քան 400 վիրավոր, որոնցից 13-ը՝ երեխաներ:
Արցախահայության նկատմամբ ցեղասպանական գործողությունների հետևանքով, Արցախի էթնիկ հայ բնակչությունը ենթարկվեց բռնի տեղահանության:
Վերջին տվյալներով՝ Արցախից Հայաստան է տեղափոխվել 100.632 արցախցի: Նրանք այստեղ կանգնած են բնակարան ու ապրուստի միջոցներ հայթայթելու խնդիրների առջև:
Անցած ամիս նախկին զինվորականներն ահազանգել էին, որ սեպտեմբեր ամսվա համար նախատեսված իրենց զինվորական թոշակներն ուշանում են: Ահազանգից կարճ ժամանակ անց, սակայն, գումարներն ուշացումով փոխանցվեցին:
Արցախից Հայաստանի Հանրապետություն տեղափոխված Անի Հովսեփյանը 168.am-ին հայտնեց, որ այս անգամ էլ իրենց ընտանիքը կանգնած է իր տատիկի կենսաթոշակը ստանալու խնդրի առջև:
Նրա խոսքով՝ այս հարցով ճշտումներ կատարելու համար իրենք կապ էին հաստատել ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, որտեղից նրանց հայտնել էին, որ այս պահի դրությամբ որևէ բան դեռևս հստակ չէ թոշակների տրամադրման հետագա գործընթացի հետ կապված:
«Հայրիկիս զինվորական թոշակը, որ թեկուզ ուշացումով, բայց փոխանցվեց, համոզված էինք, որ խնդիրն արդեն պետք է որ լուծված լիներ: Զուտ ուզում էինք իմանալ, թե տատիկի թոշակի համար երբ և ում դիմեինք: Կապվեցինք սոցապնախարարություն, մեզ ասացին, որ այդ հարցը դեռևս հստակ չէ, ու որևէ հստակ բան ասել չեն կարող: Ուղղորդեցին Արցախի տեղեկատվական շտաբ, որտեղից էլ ասացին, որ այժմ կառավարության հետ քննարկումներ են ընթանում այդ հարցերի վերաբերյալ: Մեզ ասացին, որ կարող է այնպես լինել, որ այլևս ընդհանրապես թոշակ չվճարեն՝ ո՛չ զինվորականը, ո՛չ քաղաքացիականը: Ես չգիտեմ, թե ինչ սկզբունքով են մոտենում մեր հարցին: Մենք այլևս ՀՀ քաղաքացինե՞ր չենք»,- վրդովմունք արտահայտեց արցախցի մեր հայրենակիցը՝ հայտնելով, որ պատճառների մասին իրենք որևէ մեկնաբանություն չեն ստացել:
Անի Հովսեփյանի խոսքով՝ իր տատիկը վերջին անգամ թոշակ ստացել էր Արցախում՝ Հայաստան տեղափոխվելուց առաջ՝ սեպտեմբերի սկզբին: Ասում է՝ թոշակով կարողանում էր իր անձնական որոշ ծախսերի հարցը լուծել: Հիմա էլ կանգնել են փաստի առաջ, անցած ամսվանից ծրագրավորված ծախսերը չեն կարողանալու հոգալ: Ընտանիքի անդամներից միայն Անին է աշխատում, և ստացած գումարով ընտանիքի անգամ մինիմալ ծախսերը չի կարողանում հոգալ:
«Ուրիշ որևէ աջակցություն չենք ստացել: Հաշվի առնելով նաև, որ հայրիկիս անունով այստեղ անշարժ գույք ունենք, մեզ միանվագ գումարն էլ չի տրամադրվել: Հայրիկս էլ ասել է, որ եթե կողմնակի որևէ գումար տրամադրվի, ինքը կհրաժարվի, քանի որ դա Ղարաբաղի «վաճառքի» գումարն է: Մեզ հետ էլ Արցախից գրեթե բան չենք վերցրել: Այստեղ հազար ու մի ծախս ունենք հոգալու: Չգիտենք՝ ինչ է լինելու թոշակները կտրելու պարագայում»,- անհանգստություն հայտնեց մեր զրուցակիցը:
Խնդրի վերաբերյալ պարզաբանում ստանալու համար 168.am-ը կապ հաստատեց ՀՀ Աշխատանքի և սոցիալական աշխատանքի նախարարության լրատվության բաժնի պատասխանատու Զառա Մանուչարյանի հետ։ Նա հայտնեց, որ այս պահի դրությամբ խնդրի վերաբերյալ հստակ մեկնաբանություն տալ չի կարող:
«Այդ հարցով մեզ դիմող քաղաքացիներին խնդրում ենք սպասել, որովհետև դա քննարկման առարկա է: Ընդ որում, այդ քննարկումները նոր չեն ու բավականին երկար ժամանակ ընթանում են: Առաջիկայում հայտարարություն կլինի»,- տեղեկացրեցին սոցապնախարարությունից:
Հարցին, թե ինչո՞վ են պայմանավորված ձգձգումներն ու քննարկումները՝ Զառա Մանուչարյանը պատասխանեց, թե դրանք ներքին քննարկումներ են՝ առաջիկա ընթացակարգերի ու պաշտոնական հաղորդագրություն տարածելու հետ կապված, ինչը, նրա խոսքով, բնական է:
Նախարարությունից նաև հայտնեցին, որ խոսքն այս պարագայում վերաբերում է միայն կենսաթոշակներին:
«Զինվորական թոշակներն այս պահի դրությամբ նախատեսվում է տրամադրել ամենամսյա սկզբունքով»,- տեղեկացրեց ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացուցիչը:
Նազելի Ստեփանյան