«Ալիևն այժմ իր հոր դիակի հետ է մրցում». Հոգեբանը՝ Ալիևի արցախյան գաստրոլների մասին

Այսօր, առավել քան երբևէ, ադրբեջանական կողմից ակտիվացել են հոգեբանական գրոհները հայ հանրության ուղղությամբ. Բաքվի բռնապետի գաստրոլները հայկական Արցախում այդ շղթայի մի դրվագն են միայն:

Հոկտեմբերի 15-ին Ալիևն իր երկրի դրոշն էր բարձրացրել Արցախի  մայրաքաղաք Ստեփանակերտում, իսկ Արցախի դրոշը գետնին էր նետել:  Նա հատուկ իր ժողովրդի համար ելույթում վստահեցրել էր. «Ադրբեջանցի ժողովուրդն այնպիսի հաղթանակ նվաճեց, որը հավերժ կմնա մեզ հետ»: Ի դեպ, հոկտեմբերի 15-ը պատահական չէր ընտրվել. 20 տարի առաջ հենց այդ օրը Իլհամը հորից՝ Հեյդար Ալիևից ստացել էր իշխանությունը։

Հոգեբան Իրինա Ծատուրյանի գնահատմամբ, Արցախի կորստից հետո հայ հանրությունը, առհասարակ,  հոգեբանական լրջագույն խնդիրների է բախվել: 168.am-ի հետ զրույցում նա ցավով արձանագրեց՝ այժմ վիճակը շատ ծանր է:

«Այն, ինչ հիմա է կատարվում, մենք իսկապես դրա նախադեպը չունենք»,- հավելեց նա:

Կարդացեք նաև

Արցախում Ալիևի ցուցադրական շոուները մասնագիտական վերլուծության ենթարկելով՝ Իրինա Ծատուրյանը նկատեց՝ նա իրեն դրսևորում է՝ իբրև հաղթող, բայց չի հասկանում, որ  ինչ-որ ժամանակ հետո իրավիճակը կարող է փոխվել:

«Թող աշխարհի հանրությունը նաև տեսնի, թե ում հետ գործ ունի. դրոշը ոտնահարելն արդեն բնութագրում է իրեն, և ողջախոհ ուժերը դրա գնահատականը տալիս են:

Մենք պետք է հասկանանք, որ սադրանքների չպետք է ենթարկվենք, որովհետև մեր տարածաշրջանը շարունակում է մնալ շատ պայթյունավտանգ, և այդ ամենն արվում է, որ Հայաստանն էլ հայաթափվի:

Ադրբեջանական ալիքներով այսօր այնպիսի հակահայկական ալիք է գնում, բայց մեր ռեակցիայից շատ բան է կախված (հոգեբանության մեջ ամեն ինչ գալիս է ռեակցիայից). ես կարող եմ հասկանալ, որ դա սադրանք է, բայց կարող եմ բարկանալ, մազապուրծ թողնել-գնալ: Երկրորդն անել պետք չէ. հոգեբանական գրոհ է, բայց մենք պետք է հիշենք, որ քրիստոնյա ենք»,- վստահեցրեց մասնագետը:

Ի դեպ, Իրինա Ծատուրյանի մասնագիտական գնահատմամբ՝ Ալիևի այս վարքի մեջ հոր հետ հարաբերությունների հոգեբանական խնդիրն է:

«Ինձ մոտ անընդհատ այն տպավորությունն է, որ նա իր և իր հոր հարաբերությունների «մուռն է հանում».  հայրը չկարողացավ, իսկ ինքը կարողացավ:

Այսինքն՝ ինքն իր հոր դիակի հետ է հիմա մրցում՝ դու չկարողացար, ես կարողացա»,- ասաց նա:

Բռնի տեղահանության ենթարկված արցախահայության հոգեբանական խնդիրներին անդրադառնալով՝ մասնագետը նշեց, որ այսօր նրանք հոգեբանական ամենատարբեր խնդիրներն ունեն:

«Այդ մարդիկ կորցրել են ամեն ինչ. մենք այստեղ մի փոքր կորուստ ենք ունենում, անընդհատ մտածում ենք՝ ինչ եղավ, իսկ իրենք կորցրել են ամեն ինչ.  եկել են մի անձնագրով: Իրենք չեն պատկերացնում՝ ինչպես կլինի, նաև, կարծեք, ժամանակավոր են իրենց Հայաստանում տեսնում (այս մասին թեև չեն բարձրաձայնում, բայց  ինձ մոտ այդ տպավորությունն է ձևավորվել)»,- իր շփումներից ստացած տպավորությունները ներկայացրեց հոգեբանը՝ խորհուրդ տալով առավել ըմբռնումով մոտենալ բռնի տեղահանված մեր հայրենակիցների հանդեպ,- Հոգեբանության մեջ քրիստոնեությանը հարող մի շատ լավ մոտեցում կա՝ «տեղերով փոխվենք». եթե մենք լինեինք այդ վիճակում, մենք մեզ ինչպե՞ս կպահեինք»

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031