«Եթե Նիկոլ Փաշինյանը բանակցեր այն կետից, որը նրան ժառանգել էին՝ չէր լինի բռնագաղթված Արցախ». Հովիկ Ավանեսով

Արցախյան պատերազմն իրականում 1994 թվականին չէր ավարտվել, սակայն Ադրբեջանն ու ալիևյան կլանը չէին կարողանում գրավել,  օկուպացնել Արցախը, քանի որ 30 տարի շարունակ հայկական շահը ներկայացնում էր  ազգային օրակարգով մտածող ղեկավարություն։ 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց Արցախի Հանրապետության Մեսրոպ Մաշտոց Համալսարանի Կովկասագիտության կենտրոնի տնօրեն Հովիկ Ավանեսովը՝ անդրադառնալով Ստեփանակերտում Արցախն օկուպացրած Ադրբեջանի նախագահի կողմից իր երկրի դրոշ բարձրացնելուն և հնչեցրած տարբեր հայտարարություններին:

Հովիկ Ավանեսովի գնահատմամբ՝ նախկին իշխանություններն այնպիսի կոպիտ ու աններելի քայլեր թույլ չէին տալիս, որոնք կարող էին հանգեցնել նման իրավիճակի։ 2018 թվականին կազմակերպված «շոու»-ի արդյունքում փոխվեց իրավիճակը, որը որևէ կերպ հեղափոխություն  անվանել չի կարելի։ Իշխանության եկած թիմը ոչ մի պատկերացում չուներ ո՛չ անվտանգությունից, ո՛չ արցախա-ադրբեջանական բանակցային գործընթացի էությունից, առավել ևս,  որևէ առնչություն չուներ և այժմ էլ չունի հայկական օրակարգի ու շահի հետ։ Այս ամենի արդյունքում Ադրբեջանն ամբողջությամբ օկուպացրեց  Արցախը։

«Նիկոլ Փաշինյանը մեկ վայրկյանում մեկ բան է ասում, մեկ այլ վայրկանին՝ ուրիշ բան։ Ինքը բազմաթիվ հարցազրույցներում նույն Արցախի վերաբերյալ շատ իրարամերժ հայտարարություններ է արել։ Բնականաբար, դրանք միտումնավոր են արվում, հիմա, երբ հետհայացք ես գցում այս իրավիճակին, հասկանում ես, որ, բնականաբար, ինքը երբեք ազգային օրակարգով չի մտածել։

Երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ բանակցությունները սկսում է  զրոյական կետից, նշանակում է՝ զրոյացնում է այն գործընթացները, գոնե նվազագույն ձեռքբերումները կամ խաղաքարտերը, որոնք կային։ Դիվանագիտական առումով միջազգային հարթակներում նմանատիպ քաղաքական գործիչներին լուրջ չեն վերաբերվում։  Երբ ուսումնասիրում ենք տարբեր հակամարտությունների պատմությունը, ոչ մի պետությունում, երբ ղեկավար է փոխվում, բանակցությունները զրոյական կետից չեն սկսվում։ Նա հենվում է  այն կետի վրա, որն առնչություն ունի ազգային օրակարգի հետ, որով կարելի է արդյունքի հասնել։ Բոլոր ձեռքբերումներն ու պայմանավորվածությունները չեղարկելը բերել ու հանգեցրել է նրան, որ հասել ենք պատերազմական իրավիճակի»,- հավելեց Հ. Ավանեսովը։

Կարդացեք նաև

Նա վստահ է՝ եթե Նիկոլ Փաշինյանը բանակցեր այն կետից, որը նրան ժառանգել էին, չէր լինի բռնագաղթված Արցախ։ Այնպես չէ, որ Կազանյան փաստաթուղթը կամ Մադրիդյան սկզբունքներն ամբողջովին բխում էին հայկական շահերից, բայց դրանք Արցախի համար չարյաց փոքրագույնն էին։ Այդ փաստաթղթերում գոնե Արցախի պետականությունը պահպանելու հնարավորություն կար։ Այսինքն, երբ Նիկոլ Փաշինյանը սկսել է բանակցել զրոյական կետից, նա զրոյացրել է Արցախի պետականությունը պահպանելու բոլոր հնարավորությունները։

«Նախկինում, բոլոր տարածաշրջանային այցերի ժամանակ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողները նաև այցելում էին Ստեփանակերտ, հանդիպում էին Արցախի իշխանությունների հետ և ներկայացնում այցի արդյունքները։ Այսինքն՝ Արցախը բոլոր բանակցություններից իրազեկված էր, ու այն, ինչ կար, գոնե մենք հնարավորություն ունեինք պահելու։

Այն, թե իբր նախկին իշխանությունները բանակցել են Արցախը հանձնելու համար, ներկայիս իշխանությունների քարոզչական թեզերից մեկն է։ Ինչպե՞ս են պատկերացնում, եթե նախկին իշխանություններն Արցախը հանձնած լինեին, Ալիևը ձեռքերը ծալած նստելու էր ու սպասեր, երբ է մի Փաշինյան Նիկոլ գալու, որ ամեն ինչ իրագործի՞։

Երկրորդը՝ եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյաները բազմիցս հայտարարել են, որ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի միակ ղեկավարն է, որն Արցախը ճանաչել է Ադրբեջանի կազմում։ Իրականում ոչ իրավականորեն, ոչ էլ պատմականորեն Արցախը երբեք Ադրբեջանի կազմում չի եղել։

Մենք ունենք խաղաքարտեր, որոնք փոխարենն օգտագործվեին բանակցային գործընթացում, զրոյացվել են, որի արդյունքում իրավիճակը տարվել է  փակուղի»,- շեշտեց Հովիկ Ավանեսովը։

Նա ճշգրտեց՝ սեպտեմբերի 19-ին Արցախում Ադրբեջանը ոչ թե սկսել, այլ վերսկսել է պատերազմը, քանի որ 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարությամբ պատերազմը չի ավարտվել, այլ վերածվել է սողացող պատերազմի։ Իսկ արցախյան պատերազմում տարածաշրջանի բոլոր դերակատարներն ունեն իրենց մեղքի բաժինը։

«Մենք ունեինք 2,5 տարի ժամանակ, որը պետք է արդյունավետ օգտագործեինք, այդ ժամանակ մենք Արցախը պահելու հնարավորություն կունենայինք։

90-ականներին, երբ կամավորական ջոկատների միջոցով տեղի է ունեցել անցումը դեպի կանոնավոր բանակի, այն ժամանակ ավելի բարդ վիճակում էինք, չկար կանոնավոր բանակ, պետական ինստիտուտներ չկային, բայց կային ազգային օրակարգով առաջնորդներ, որոնք այդ ամենն առաջ էին տանում։

Այստեղ հարկ է նկատել, որ սեպտեմբերի 20-ին Արցախի նախագահի կողմից ստորագրված փաստաթղթով Արցախի էջը փակվում է։ Դրա հետ համակերպվելը հանցագործություն է, Արցախը գիրք չէ, որ կարդաս ու փակես, մենք անելիքներ ունենք։ Նախ՝ այստեղ մեծ անելիքներ ունեն Արցախի ԱԺ պատգամավորները, որոնք պետք է հրավիրեն արտագնա նիստ, հայտարարեն, որ Արցախի նախագահը նման որոշում ստորագրել է ցեղասպանության վտանգի տակ։ Ֆիքսեն, որ միջազգային պայմանագրերի և հայտարարությունների մասին փաստաթղթերում հստակ ամրագրված է, որ ուժի սպառնալիքի առկայության դեպքում ստորագրված ցանկացած փաստաթուղթ իրավական ուժ չունի։ Նաև նշեն, որ Արցախը մեկ անձ չի ստեղծել, մեկ անձի որոշումով այն չի կարող լուծարվել։ Արցախի հիմնարար փաստաթղթերը գործում են մինչև հիմա ու շարունակելու են գործել անգամ հունվարի 1-ից հետո։

Արցախի հարցը շարունակելու է չլուծված մնալ այնքան ժամանակ, մինչև չի դեօկուպացվել ամբողջ Արցախը»,- նշեց մեր զրուցակիցը։

Խոսելով ադրբեջանական գերության մեջ գտնվող նախկին պաշտոնյաների մասին, Հովիկ Ավանեսովը պնդեց՝ ՀՀ ամբողջ պետական ապարատը պետք է աշխատի  նրանց հայրենիք վերադարձնելու համար։

«Ցավոք, այս իշխանությունները, բացի խաղաղության օրակարգի մասին խոսելուց, այլ բան չեն անում։ Այստեղ մեծ անելիք ունի նաև ՀՀ ՄԻՊ գրասենյակը, որոշակի քայլեր ու հայտարարություններ կան, բայց դրանք բավարար չեն։ Այս առումով իրավական դաշտում հսկայական աշխատանք է տանում ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանի գրասենյակը։

Հիմա պետք է ՀՀ ամբողջ դիվանագիտական դաշտը բերվեր «համար 1» վիճակի, քայլեր ձեռնարկեին այդ մարդկանց հայրենիք վերադարձնելու համար»,- ընդգծեց Հովիկ Ավանեսովը։

Երեկ տեղեկություն տարածվեց, որ Ադրբեջանի նախագահը  Ստեփանակերտում Սաֆարով ազգանունով պարետ  է նշանակել, Հովիկ Ավանեսովն ասաց, որ պատահական չեն ընտրել  այդ պաշտոնում հենց այդ ազգանունով անձին։

«Սա հոգեբանական ահաբեկչության ևս մեկ դրվագ է։ Նշանակել է Սաֆարով ազգանունով մարդու, որովհետև այդ ազգանվամբ ադրբեջանցին տարիներ առաջ գլխատել է քնած հայ սպային։ Սա նաև մեսիջ է, գլխատել են Արցախը, Արցախի ՊԲ-ն, ուժային կառույցները, այսինքն՝ հաջորդ նմանատիպ գործողությունները շարունակվելու են»,- եզրափակեց Հովիկ Ավանեսովը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս