Բա դո՞ւ ով ես… Հայաստանում կա դատավոր, ով ասում է՝ Կոլումբիայի նախագահին ու ԵԱՀԿ ԽՎ նախագահին չեմ ճանաչում, նրանք ինձ վստահություն չեն ներշնչում
Հոկտեմբերի 12-ին Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ, քննվում էր Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ, հունիսի 16-ից կալանավորված Արմեն Աշոտյանի խափանման միջոցը փոխելու՝ պաշտպանական թիմի միջնորդությունը:
Այն, որ Արմեն Աշոտյանի վերաբերյալ հարուցված քրեական վարույթը ոտքից գլուխ քաղաքական ենթատեքստ ունի, փաստված է վաղուց և անգամ՝ միջազգային գործընկերների կողմից: Մասնավորապես, այս տարվա սեպտեմբերի 4-5-ին Բրյուսելում տեղի ունեցած Եվրոպայի Ժողովրդական Կուսակցության (ԵԺԿ), որը եվրոպական ամենամեծ կուսակցությունն է, քաղաքական ասամբլեայի եզրափակիչ հաղորդագրության մեջ նշված էր, որ ԵԺԿ քաղաքական ասամբլեան պահանջ է ներկայացրել ազատ արձակել բոլոր քաղաքական բանտարկյալներին, մասնավորապես՝ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին:
Կենտրոնամետ դեմոկրատների միջազգային միությունը (CDI) խստորեն դատապարտել է ՀՀ իշխանությունների` քաղաքական հետապնդումները ընդդիմադիր քաղաքական գործիչների նկատմամբ: Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում էր, որ խորը մտահոգությամբ նկատելով պետականորեն կազմակերպված լայնածավալ քաղաքական հալածանքը ՀՀ-ում ընդդիմության ականավոր առաջնորդների և հատկապես Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանի նկատմամբ, խորապես անհանգստացած լինելով Աշոտյանի անհիմն կալանավորմամբ՝ չնայած հիմնավոր ապացույցների իսպառ բացակայությանը, գիտակցելով ընդդիմադիր քաղաքական գործիչների մեջ վախ սերմանելու ՀՀ իշխանությունների նպատակը՝ դրանով իսկ փորձելով ճնշել քաղաքական այլախոհությունը և լռեցնելով նրանց ձայնը, CDI-ը խստորեն դատապարտելով ՀՀ իշխանությունների` քաղաքական հետապնդումները ընդդիմադիր գործիչների նկատմամբ, ինչը քաղաքական ազատության, մարդու իրավունքների և ժողովրդավարական սկզբունքների կոպտագույն խախտում է, կոչ էր անում անհապաղ և անվերապահորեն ազատել Աշոտյանին կալանքից, արդար, թափանցիկ և անկախ դատական գործընթաց իրականացնել:
Աշոտյանի գործի քաղաքական շարժառիթների մասին է փաստում նաև այն, որ հարուցված լինելով 2019թ., դեգերելով Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) քննչական դեպարտամենտով, Հակակոռուպցիոն կոմիտեի (նախկին ՀՔԾ) դարակների փոշին տևական ժամանակ իր վրա պահելուց հետո, այն, ի վերջո, ծվարեց Քննչական կոմիտեում՝ անձամբ ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանի բարձր հովանու ներքո, ով Նիկոլ Փաշինյանի հետ միասին այս շինծու գործն իրենց ցանկալի հանգրվանին հասցնելու շահառուն է՝ թերևս, իրեն հայտնի պատճառներով:
Հիշեցնենք, որ ՀՀԿ փոխնախագահին մեղադրանք է ներկայացված առ այն, որ լինելով ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի նախագահը՝ 2012-2018թթ. Բժշկական համալսարանի ռեկտորի պաշտոնը զբաղեցրած Միքայել Նարիմանյանի, «Հերացի» արհեստակցական կազմակերպության նախագահ Մարթա Սիմոնյանի օժանդակությամբ դիտավորությամբ, վատնման եղանակով, ծառայողական դիրքն օգտագործելով` կատարել է իրեն վստահված, իր տնօրինմանը հանձնված Հիմնադրամին պատկանող առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակություն՝ 39 մլն 660 հազար դրամի չափով։
Գործը հարուցվել է Պետական վերահսկողական ծառայության կողմից 2018թ. ԵՊԲՀ-ում կատարված ուսումնասիրությունների արդյունքում կազմված տեղեկանքի հիման վրա: Ուշագրավ է, որ ՊՎԾ-ում այդ ժամանակ բարձր պաշտոն էր զբաղեցնում նույն Արգիշտի Քյարամյանը:
Քրեական վարույթի մանրամասների մեջ չմտնելով՝ նշենք միայն, որ խոսքը ԵՊԲՀ կարիքների համար Սևանի ափին գտնվող հյուրանոցներից մեկում մի քանի սենյակ գնելու մասին է: Արմեն Աշոտյանը կալանավորված է մի գույք ձեռք բերելու համար, որն այսօր էլ կա, որի գործարքից գեթ մեկ դրամ շահույթ ինքը չի ունեցել, և որի շուկայական արժեքն այսօր կրկնակի բարձր է, քան այն ժամանակ, երբ Բժշկական համալսարանն այն գնել է: Այսինքն՝ որևէ վատնման մասին այստեղ խոսք անգամ չէր կարող լինել:
Բայց ՔԿ-ն ավելի հեռու է գնացել և Աշոտյանի վրա «կարել» նաև փողերի լվացման հանցակազմ: Ինչպես ավելի վաղ Ա. Աշոտյանն ասել էր, դա արվել է բացառապես մի նպատակով, որպեսզի իր միջազգային գործընկերների աչքերում անվանարկեն իրեն: Սակայն, ի պատիվ նրանց, պետք է նշել, որ Արմեն Աշոտյանի եվրոպացի գործընկերներն այդ «կուտը չկերան»:
Ավելին, օրերս Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը՝ ի դեմս դատավոր Սերգեյ Մարաբյանի, փաստեց՝ փողերի լվացման հիմնավոր կասկածի շեմը չի հաղթահարվել, այլ կերպ ասած՝ փողերի լվացում չկա:
Արմեն Աշոտյանի վերաբերյալ հարուցված քրեական վարույթի շրջանակում վերջինս ենթարկվել է օպերատիվ-հետախուզական միջոցառումների մի ամբողջ ծաղկաբույլի՝ արտաքին դիտում, թվային խուզարկություն, բանկային, նոտարական գաղտնիքի բացահայտում, բոլոր հեռախոսազանգերի ու հաղորդագրությունների վերծանում, կապերի ու շփումների բացահայտում, ներխուժում անձնական կյանքի տիրույթ, և դրա արդյունքում որևէ էական հանգամանք, որը կապացուցեր, որ Աշոտյանը կատարել է իրեն վերագրվող արարքը, չի հայտնաբերվել:
Ինչևէ, Ա.Աշոտյանը, ում ՍԷԿՏ-ը փակել էին, այսինքն՝ երկրից ելքն արգելել էին դեռևս մինչև նրան մեղադրանք առաջադրելը, հենց քաղաքական որոշման արդյունքում էլ կալանավորվեց: Կալանավորվեց, որովհետև նա Նիկոլ Փաշինյանի այն եզակի քաղաքական ընդդիմախոսներից էր, ով բացի քաղաքական սուր ու ազդեցիկ խոսք ունենալուց, նաև իր միջազգային լայն շփումների ու կապերի շնորհիվ կարողանում էր բացահայտել այս իշխանության ստերն ու կեղծիքները, Արցախի հարցով հայրենակործան քաղաքականության մանրամասները:
Հիշեցնենք, որ հենց Արմեն Աշոտյանն էր, որը փաստաթուղթ գաղտնազերծեց այն մասին, որ բանակցային գործընթացում Նիկոլ Փաշինյանը փակել է Արցախի հարցը՝ հօգուտ Ադրբեջանի:
Նախորդ ամիսներին այդպես էլ ոչինչ չհայտնաբերելով և գործն ափալ-թափալ դատարան ուղարկելով՝ իշխանությունները փակեցին Արմեն Աշոտյանին կալանքից ազատելու ընդամենը մեկ փորձ, երբ Վերաքննիչ դատարանում կալանքի փոփոխության միջնորդության ժամանակ պարզվեց, որ այդ ընթացքում դատախազը հասցրել է գործը հանձնել դատարան: Իսկ այս պարագայում, ըստ Վճռաբեկ դատարանի նախադեպի, դատարանն էլ իրավունք չունի որոշում կայացնել խափանման միջոցի վերաբերյալ՝ թողնելով դա առաջին ատյանին:
Առաջին ատյանում, ինչպես արդեն նշեցինք, պաշտպանության թիմը կրկին Աշոտյանի նկատմամբ ընտրված կալանավորում խափանման միջոցը փոխելու միջնորդություն էր ներկայացրել:
Քրեական դատավարության նոր օրենսգրքով նախատեսված խափանման միջոցների ողջ ցանկն առաջարկված էր դատարանին՝ գրավ, տնային կալանք, երաշխավորություն, համակցված միջոցներ, և սա այն պարագայում, երբ մեղադրող կողմը կամ նախաքննության մարմինը որևէ նոր երևան եկած հանգամանք, որ դույզն-ինչ հնարավորություն կտար կասկածել, որ Արմեն Աշոտյանը կարող է խոչընդոտել քննությանը, չկար: Տեղին է նշել, որ կալանավորման հիմքերի մեջ նշված է միայն քննությանը խոչընդոտելը. Դատարանը բացառել էր Արմեն Աշոտյանի կողմից նոր հանցանք կատարելը կամ փախուստի ռիսկը:
Եվ այստեղ տեղի ունեցավ ամենաարտառոց բանը: Ինչպես ասում են, դա կլիներ շատ զավեշտալի, եթե այդքան ողբերգական չլիներ:
Պաշտպանության թիմի անդամ Ռուբեն Մելիքյանը ներկայացրեց երաշխավորներին: Ի թիվս ԱԺ երեք պատգամավորների (Լիլիթ Գալստյան, Էլինար Վարդանյան, Հայկ Մամիջանյան), Արմեն Աշոտյանի խափանման միջոցը փոխելու համար երաշխավորություններ էին ներկայացրել նաև ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, Մայր Աթոռի Դիվանապետ Արշակ Արքեպիսկոպոս Խաչատրյանը, Մեծի տանն Կիլիկիո կաթողիկության նվիրապետական առաջնորդներից, ԱՄԷ, Քաթարի և հարակից շրջանների Թեմի առաջնորդ Մեսրոպ եպիսկոպոս Սարգսյանը, «Եվրոպական Վրաստան» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ, ԵԺԿ ընտանիքի անդամ, ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի երկարամյա նախկին նախագահ Գեորգի Ծերեթելին և Կոլումբիայի 37-րդ նախագահ Անդրես Պաստրանա Արանգոն։
Այս անձինք երաշխավորել էին, որ Արմեն Աշոտյանը կդրսևորի պատշաճ վարքագիծ, չի խոչընդոտի գործի քննությանը, չի խուսափի վարույթն իրականացնող մարմին ներկայանալուց, չի կատարի քրեական օրենքով արգելված արարք, ազատության պայմաններում գործի քննության ողջ ընթացքում դատավարական պարտականությունների կատարում
Շուրջ 5 ժամ տևած նիստից հետո, որի ընթացքում երկու դատախազներից մեկն առհասարակ որևէ բառ չէր արտաբերել, իսկ մյուսն ընդամենն առարկել էր խափանման միջոցը փոխելու դեմ, դատավոր Վահե Դոլմազյանը որոշեց Արմեն Աշոտյանին կալանքի տակ պահել ևս 3 ամիս:
Այդպիսով, քաղաքական հրահանգը կատարվեց:
Վահե Դոլմազյանից, իհարկե, որևէ մեկը չէր էլ ակնկալում, որ նա այլ որոշում կկայացնի, քանի որ նախկին դատախազ, լուսահոգի գեներալ Մանվել Գրիգորյանի գործով դատախազ ներկայիս դատավորը, ով, չնայած գեներալի՝ կալանքի հետ անհամատեղելի բազմաթիվ ծանր հիվանդություններին, շարունակում էր առարկել նրա խափանման միջոցի փոփոխության դեմ, Արմեն Աշոտյանի խափանման միջոցի փոփոխության երկու նիստերի ընթացքում հանդես էր գալիս՝ որպես 3-րդ դատախազ:
Թերևս դրանով էր պայմանավորված դատախազներ Դոլինյանի և Նշանյանի պասիվությունը: Երկու նիստերի ընթացքում մեղադրյալներից որևէ մեկի պաշտպանության կողմի միջնորդություններից գեթ մեկը չբավարարելը, որպես նախագահող դատավոր՝ անհարկի նիստի ընթացքում լարվածություն ստեղծելը, հանիրավի Արմեն Աշոտյանի խոսքի իրավունքը սահմանափակելն ու այն խմբագրելու փորձերն այլ որոշման ակնկալիք չէին տվել:
Դատավոր Վահե Դոլմազյանը գերազանցեց նույնիսկ ինքն իրեն՝ հայտարարելով, որ ԵԱՀԿ ԽՎ նախագահ Ծերեթելիին ու Կոլումբիայի նախկին նախագահ Արանգոյին չի ճանաչում, վստահություն չունի նրանց նկատմամբ, հետևաբար՝ նրանց երաշխավորությունն իր համար հավատ չի ներշնչում: Ի դեպ, պաշտպանության կողմն առաջարկել էր տեսակապով հաստատել վերջիններիս երաշխավորությունները:
Ողբերգություն է գիտակցել, որ Հայաստանում կա դատավոր, ով չի հասկանում՝ ում մասին է խոսքը: Երաշխավորություն ներկայացնողն Արմեն Աշոտյանի «խադավիկ» հարևանը չէր, այլ ԵԱՀԿ ԽՎ նախագահն ու Լատինական Ամերիկայի խոշորագույն երկրներից մեկի՝ Կոլումբիայի նախկին նախագահը: Որքան պետք է Փաշինյան-Քյարամյան-Կարեն Անդրեասյան խողովակով իջեցված պատվերը կացնային լինի, որ նման բան ասես: Որքան պետք է դատավորը չգիտակցի իր պատմուճանի ծանրությունը, որ մտքով անցկացնի, որ որևէ երկրի նախագահի կամ Եվրոպական ազդեցիկ կառույցի նախագահին ինքն անձամբ պետք է ճանաչի, որ նրանք իր համար վստահություն ներշնչեն:
Համակարգում Վահե Դոլմազյանին ճանաչողներն ասում են, որ պարտադիր չէ նրան ինչ-որ բան հրահանգել, որովհետև իր ստացած 1 միլիոն դրամ աշխատավարձը հենց այն եդեմական խնձորն է, որից ոչ մի կերպ նա չի համաձայնի հրաժարվել, և այդ աշխատավարձից չզրկվելու համար ինքն անգիր գիտի՝ ինչ է իրենից ակնկալում քաղաքական իշխանությունը:
Եվ վերջում՝ Երևանյան միջավայրում մի հումորային երկխոսություն կա: Երբ մեկի անունը տալիս են, ու երրորդ անձը, նրան չճանաչելով, հարցնում է՝ ո՞վ է, պատասխանում են՝ բա դո՞ւ ով ես…