Փողերի լվացում չկա. Դատավոր Սերգեյ Մարաբյանի որոշումը՝ ինդիկատոր Արմեն Աշոտյանի գործով

Երեկ Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով դատալսումների առաջին նիստն էր:

Ընդհանուր առմամբ նիստն անցավ գործով մեղադրյալների պաշտպանների տարատեսակ միջնորդությունների ու նիստը նախագահող դատավոր Վահե Դոլմազյանի` դրանք մերժելու տրամաբանության ներքո:

Այդ նիստի ավարտին, սակայն, ուշագրավ հայտարարությամբ հանդես եկավ Արմեն Աշոտյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը՝ վկայակոչելով ՀՀ ողջ տարածքում գործող դատական ակտի մասին:

«Խոսքը գնում է սեպտեմբերի 28-ին իմ պաշտպանյալի վերաբերյալ՝ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի որոշման մասին, որով թեպետ Արմեն Աշոտյանը թողնվել է կալանքի տակ, բայց դատարանը հստակ դիրքորոշում է արտահայտել փողերի լվացման մասով հիմնավոր կասկածի բացակայության մասին»,- ասաց նա՝ հավելելով, որ դատական ակտը ստանալու են այսօր:

Կարդացեք նաև

Ըստ նրա՝ քանի որ այդ դատական ակտն Արմեն Աշոտյանի արարքում բացառում է հիմնավոր կասկածի առկայությունը, ապա դա միջնորդություն ներկայացնելու հիմք է:

Ի պատասխան՝ դատավորը հարցրեց՝ եթե պայմանականորեն մինչդատական վարույթի երաշխիքների շրջանակում որևէ դատարանի կողմից կայացված որևէ դատական ակտի դեպքում, եթե դա վերջնական դատական ակտ չէ,  որով վարույթի ընթացքին լուծում են ստացել, արդյո՞ք պայմանականորեն խափանման միջոցի վերադարձի քննարկման վերաբերյալ հիմնավոր կասկածի մասին դատարանի դատողությունները քրեադատավարական առումով կարող են վերաբերել այս հարցի քննարկմանը:

Տիգրան Աթանեսյանն արձագանքեց՝ ինքը չի ասում՝ պարտադիր պետք է կարճել քրեական հետապնդումը, բայց այդ դատական ակտն իրեն միջնորդություն ներկայացնել թույլ է տալիս: Մեղադրող դատախազների կարծիքով էլ վերաքննիչ դատարանի նշված ակտը  չի կարող ըստ էության գործը լուծող դատարանի համար հիմք հանդիսանալ առնվազն այս պայմաններում դատական նիստը հետաձգելու համար: Դատախազը նշեց, որ խոսքը չի կարող վերաբերել միջնորդություն ներկայացնելուն:

«Իսկ առհասարակ ի՞նչ նշանակություն ունի Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի կողմից Արմեն Աշոտյանին վերագրվող փողերի լվացման մեղադրանքի հիմնավոր կասկածի բացակայության արձանագրումը» հարցի վերաբերյալ իրավաբանների դիրքորոշումը հստակ է:

Փաստաբան Երվանդ Վարոսյանի կարծիքով՝ սա միանշանակ չի նշանակում, որ քրեական հետապնդումը պիտի դադարեցվի:

«Բայց հարցի քննարկման համար վերաքննիչ դատարանի դիտարկումներն էական նշանակություն ունեն»,- ասաց Երվանդ Վարոսյանը:

Մեկ այլ փաստաբան՝ Վահան Հովհաննիսյանը, նկատեց՝ Վերաքննիչ դատարանի որոշումը դեռևս վերջնական չէ, կա Վճռաբեկ դատարան բողոքարկելու հնարավորություն, իսկ Վճռաբեկ դատարանը կարող է նաև բեկանել Վերաքննիչի որոշումը:

«Հետևաբար՝ Սերգեյ Մարաբյանի կողմից կայացրած որոշումը օրինական ուժի մեջ մտած վերջնական որոշում չէ ու չի կարող հիմք հանդիսանալ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ: Իսկ եթե Վճռաբեկը Վերաքննիչ դատարանի որոշումը թողնի ուժի մեջ, արդեն իսկ դա նշանակում է, որ պետական իրավասու մարմնի կողմից փաստվում է, որ Արմեն Աշոտյանի արարքում հանցակազմ չկա: Իսկ սա արդեն գործի լուծման համար էական հանգամանք է»,- ասաց Վահան Հովհաննիսյանը:

Նրա խոսքով՝ պրակտիկայում շատ են դեպքերը, երբ դատարանը մերժում է քննիչի միջնորդությունը հիմնավոր կասկածի բացակայությամբ, բայց երբ պաշտպանության կողմը միջնորդում է դադարեցնել քրեական հետապնդումը, չեն բավարարում այն՝ ասելով, որ քննությունը դեռևս գտնվում է նոր ապացույցների ձեռքբերման փուլում:

«Բերում են նաև այլ պատճառաբանություններ, բայց Հայաստանի դատական և իրավակիրառ պրակտիկաներում չի եղել դեպք, որ երբ վերաքննիչ դատարանը արձանագրի հիմնավոր կասկածի բացակայությունը, գործը կարճվի»,- ասաց Վահան Հովհաննիսյանը:

Փաստաբանները նաև նշում են՝ ամեն դեպքում Վերաքննիչ դատարանի արձանագրումը փողերի լվացման հանցակազմի հիմնավոր կասկածի բացակայության մասին խոսում է այն մասին, որ առնվազն այդ մասով լուրջ խնդիր կա, և նախաքննության մարմինը համենայն դեպս գործը դատարան ուղարկելու պահին բավարար կերպով չի հիմնավորել Արմեն Աշոտյանի առնչակցությունը փողերի լվացման հանցակազմին:

Ինքը՝ Արմեն Աշոտյանը, դեռևս մինչև իր ձերբակալությունը, բազմիցս նշել է, որ իշխանությունները իրեն փողերի լվացման հանցակազմ վերագրելով՝ փորձել են հեղինակազրկել իր միջազգային գործընկերների աչքերում, որովհետև իրենք էլ լավ գիտեն, որ «փողերի լվացումը», այսպես ասած՝ հեչ լավ հանցակազմ չէ եվրոպացիների աչքերով: Ամեն դեպքում Արմեն Աշոտյանի և ՀՀԿ-ի միջազգային գործընկերները չէին հավատացել դրան, այլապես առկա չէր լինի մասնավորապես Եվրոպայի ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) աներկբա արձանագրումն այն մասին, որ Արմեն Աշոտյանը քաղբանտարկյալ է:

Տեսանյութեր

Լրահոս