Սա բացահայտ նախապայման է, որի կատարումից է կախված ակնկալվող հարաբերությունների բարելավումը. ի՞նչ է լինելու, ե՞րբ հարաբերությունները կբարելավվեն
Հայաստանի իշխանությունները մեկ անգամ չէ, որ հավաստիացրել են, թե հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու շուրջ Թուրքիայի հետ բանակցում են առանց նախապայմանների։ Թե ի՞նչ են հասկանում՝ առանց նախապայմանների բանակցել ասելով, թողնենք իրենց։ Փաստն այն է, որ Թուրքիայի իշխանություններն այդ բանակցությունները լրիվ այլ տրամաբանության մեջ են պատկերացնում ու միշտ էլ իրենց պահանջներն են ներկայացրել՝ Հայաստանի հետ հարաբերություններ հաստատելու, առավել ևս՝ սահմանները բացելու համար։
Թուրքիայի նախագահը պարզ ասում է՝ պատրաստ ենք Հայաստանի հետ հարաբերությունները քայլ առ քայլ բարելավել մի դեպքում՝ եթե կատարեն խոստումները, մասնավորապես՝ բացեն «Զանգեզուրի միջանցքը»։
«Ակնկալում ենք, որ Հայաստանի կառավարությունն առաջիկայում կորդեգրի խաղաղությանը, անվտանգությանը և բարօրությանն ուղղված քաղաքականություն։
Նորից ուզում եմ կրկնել, որ եթե այդպես լինի, և Հայաստանը պահի իր տված խոստումները, մասնավորապես՝ «Զանգեզուրի միջանցքի» բացումը, պատրաստ ենք Հայաստանի հետ քայլ առ քայլ զարգացնել մեր հարաբերությունները»,- սա հերթական հայտարարությունն է, որը Թուրքիայի նախագահն արեց օրերս՝ անդրադառնալով Հայաստանի հետ հարաբերություններին։
Այլ կերպ դժվար է պատկերացնել, թե ինչ ասել է՝ նախապայման։ Էրդողանն առանց թաքցնելու՝ բացեիբաց հայտարարում է, որ մինչև չկատարեք խոստումները և չբացեք «Զանգեզուրի միջանցքը», հարաբերությունների ոչ մի բարելավում էլ չի լինելու, ինչքան էլ ձեզ կոտորեք։
Այսքանից հետո ինչպե՞ս ասես, որ ՀՀ իշխանությունները հասկանան, թե ինչի հետ գործ ունեն։ Սա բացահայտ նախապայման է, որի կատարումից է կախված ակնկալվող հարաբերությունների բարելավումը։
Դեռ չենք խոսում նախկինում ներկայացված այն նախապայմանների մասին, որոնք Հայաստանի իշխանությունների թեթև ձեռքով արդեն իրականություն են դարձել։
Խոսքը մասնավորապես՝ Արցախը ոչ միայն Ադրբեջանին հանձնելու, Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը մետր առ մետր՝ Արցախով հանդերձ, ճանաչելու, այլև ամբողջությամբ հայաթափելու մասին է։
Հիմա հերթը այլ նախապայմաններինն է։ «Զանգեզուրի միջանցքի» բացումն են պահանջում՝ հարաբերությունները «քայլ առ քայլ» բարելավելու համար։
Այսպես կոչված՝ անկլավների մասին դեռ այդքան բացահայտ չեն խոսում, բայց դա էլ շատ չի ուշանա։
Արցախն իրենով անելուց ու հայաթափելուց հետո Ադրբեջանը հիմա էլ անկլավների թեման է ակտիվացրել։ Կասկած չկա, որ շուտով նրան կմիանա նաև Թուրքիան, ու կրկին՝ հարաբերությունները բարելավելու նախապայմանի շրջանակներում։
Այսքանից հետո դեռ Հայաստանի իշխանությունները Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերություններ հաստատելու մասին են խոսում։ Եվ ոչ միայն խոսում են, այլև ամեն ինչ անում են դրա համար՝ մինչև անգամ նվաստացումների գնով։
Մինչ Թուրքիայի իշխանությունները բացահայտ իրենց աջակցությունն են ցույց տալիս Ադրբեջանի հայատյաց քաղաքականությանը, բոլոր հնարավոր միջոցներով օգնեցին հայրենազրկելու Արցախի մեր հայրենակիցներին, օր չկա, որ հաթաթաներ չտան ու չսպառնան Հայաստանին, Հայաստանի իշխանությունները մարդասիրական օգնություն են ուղարկում Թուրքիա, իսկ Նիկոլ Փաշինյանը «քաղաքավարական» կամ քաղաքական ժեստեր է անում Թուրքիայի իշխանություններին, հաճոյանալու ու սիրաշահելու համար՝ շտապում է մասնակցել Թուրքիայի նախագահի երդմնակալության արարողությանը՝ հավանաբար նրա գթասրտությանն արժանանալու համար։
Թե այդ ամենն ի՞նչ արդյունք է տալիս, տեսնում ենք։ Թուրքիան շարունակում է նույն ագրեսիվությամբ ու նախապայմաններով խոսել Հայաստանի հետ։ Քայլ առ քայլ առաջարկում է բարելավել հարաբերությունները, բայց բոլոր նախապայմանները կատարելուց հետո։
Զամանալի չէ, որ Հայաստանի իշխանությունների այդքան փայփայած հայ-թուրքական հարաբերությունների հաստատումն ու սահմանների բացումը, նույնիսկ նվաստացումների գնով, տեղի չի ունենում։
Ձև արեցին, թե օդային սահմանը բացել են բեռնափոխադրումների համար, թեև առիթը բաց չթողեցին կրկին փակելու, լավ իմանալով, որ այն ոչինչ չի տալու։
Հայտարարում էին ցամաքային սահմանը տարվա կեսից գոնե մասնակի բացելու մասին, դա էլ տեղի չունեցավ։
Տնտեսական հարաբերությունների և թուրքական շուկայում հայկական ապրանքների իրացման հնարավորությունների մասին, բնականաբար, իմաստ էլ չկա խոսելու։
8 ամսում հազիվ 3,9 մլն դոլարի արտահանում է իրականացվել Հայաստանից Թուրքիա։
Ընդ որում, վերջին չորս ամիսներին՝ միասին ընդամենը 215 հազար դոլարի չափով։
Նույնիսկ ծիծաղելի է սա արտահանում կամ առևտրային նպատակով իրականացված արտահանում համարելը։ Հավանաբար խոսքն անձնական օգտագործման որոշ ապրանքների առաքման մասին է։
Այն դեպքում, երբ ներմուծումը Թուրքիայից այս տարի արդեն հասել է 210 մլն դոլարի։
8 ամսում այդքան ապրանք ենք բերել մի երկրից, որի հետ պաշտոնական հարաբերություններ չունենք։ Այդքանից հետո հարաբերությունները բարելավելու համար դեռ նախապայմաններ են դնում։
Չբարելավված հարաբերությունների պայմաններում Թուրքիայից ներմուծումներն այս տարի գրեթե 47 տոկոսով ավելացել են։ Եթե չբարելավված հարաբերությունների պայմաններում է այսպես, ի՞նչ է լինելու, երբ հարաբերությունները բարելավվեն։ Մինչ այդ էլ ներմուծումները տասնյակ անգամներով գերազանցում են արտահանմանը։
Ներմուծումները, այսպես թե այնպես, ավելանում են, իսկ արտահանումն այս տարի նույնիսկ 13 անգամով կրճատվել է։ Նախորդ տարվա 8 ամսում 52 մլն դոլար էր, այս տարի՝ 3,9 միլիոն։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ