Որ արժանիքի համար են միլիոններով պարգևատրվում, երբ հանցագործությունների թիվն անընդհատ աճում է

Պետական բյուջեից ոստիկանության աշխատավարձերը և պարգևատրումները կրկնապատկող Կառավարության անդամները մեկ անգամ չէ, որ խոսել են դրա դիմաց բարեփոխված ոստիկանություն ունենալու հրամայականի մասին։

Ինքը՝ Փաշինյանը, պարբերաբար հպարտությամբ հայտարարում է, թե ոստիկանների բարձր աշխատավարձերը, որոնք, ի դեպ, ավելի կբարձրանան նաև նրանց ատեստավորումից հետո, դառնալու են բարեփոխված և արդյունավետ աշխատող ոստիկանության գրավականը։

Բայց, արի ու տես, որ այս կենացներից անդին իրականությունը լրիվ այլ է. հանցավորությունը մեր երկրում ոչ թե պակասում է, այլ աճում՝ ճիշտ այնպես, ինչպես ոստիկանների աշխատավարձերը։

Ի դեպ, ոստիկանության գործառույթը ոչ միայն հանցագործությունների հայտնաբերումն ու բացահայտումն է, այլ նաև նախազգուշացումը, հանցագործությունների և այլ իրավախախտումների կանխումն ու նախականխումը: Ինչը ենթադրում է, որ եթե ժամանակին կանխվեին, ապա հանցագործությունների աճ չէր գրանցվի:

Կարդացեք նաև

Իսկ ըստ հրապարակված վերջին պաշտոնական վիճակագրության՝ մեր երկրում խուլիգանության դեպքերն ավելացել են 100-ով, թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը՝ 3 անգամ՝ 1200-ից դառնալով 3200, միջին ծանրության հանցագործություններն աճել են 50 տոկոսով, ծանր հանցագործությունները՝ 600 դեպքով, առանձնապես ծանրերը՝ նույնպես 600 դեպքով։

Հատուկ ուշադրության է արժանի այն, որ հանցավորության նման պատկեր է արձանագրվել մի երկրում, որտեղ ոստիկանությանը հատկացված բյուջեն այլ գերատեսչությունների համեմատությամբ աճում է աննախադեպ ծավալով և գտնվում Կառավարության ղեկավարի ուշադրության կենտրոնում։

Ավելին, ոստիկանի ֆինանսական կարգավիճակն այսօր շատ ավելի բարենպաստ է, քան սահմանին թշնամու առաջ կանգնած պայմանագրային հայ զինվորինը, բայց, եթե առաջինի դեպքում անգամ այդ չնչին աշխատավարձն արդարացված է, ապա բյուջեից գումարների վատնում, մսխում կարելի է համարել 600 միլիոն դրամից ավելի պարգևավճարի ֆոնդը՝ ոստիկանության պարագայում, քանզի հանցավորությունը մեր երկրում ոչ թե անկում է ապրում, այլ բարգավաճում է։

Տեսանյութեր

Լրահոս