Ասկերանի քաղաքապետի հետ ամենավերջինն ենք դուրս եկել, մարդ չէր մնացել. վստահ եմ՝ արցախահայության մեծ մասը դեմ է լինելու ինտեգրմանը. Համլետ Ապրեսյան
Սեպտեմբերի 19-ին, երբ Ադրբեջանը 9 ամիս Արցախը տոտալ շրջափակման մեջ պահելուց հետո սկսեց լայնածավալ ռազմական գործողությունները, արցախահայերի համար արդեն պարզ էր՝ Ադրբեջանը հստակ ծրագրով գնում է ցեղասպանության և էթնիկ զտման։ Սեպտեմբերի 20-ից հետո ցեղասպանության սպառնալիքի տակ սկսվեց արցախահայության բռնի տեղահանությունը, մարդիկ իրենց կյանքը փրկելու համար Ստեփանակերտից նույնիսկ հեծանվով և ձիով էին հասնում Կոռնիձոր։
Հազարավոր արցախահայեր, որոնք իրենց տները լքելիս չեն հասցրել անգամ առաջին անհրաժեշտության իրեր վերցնել և մնացել են առանց ապրուստի միջոցի, այսօր Հայաստանում առաջին հերթին փորձում են լուծել իրենց երեխաներին կերակրելու հարցը:
168.am–ի հետ զրույցում Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Համլետ Ապրեսյանն ասաց, որ շրջանի վարչական ղեկավարների միջոցով կապը պահում է գրեթե բոլոր ասկերանցիների հետ՝ պարզելու, թե որտեղ են տեղավորվել, ինչ խնդիրներ ունեն և այլն։
«Մեր շրջանի բնակիչներն ամբողջ Հայաստանով մեկ սփռված են։ Դեռ չենք հաշվառել, թե ով ինչ խնդիր է լուծել կամ ինչ խնդիրներ ունի, առայժմ բնակիչների հաշվառում ենք անում մեզ համար՝ հստակ իմանալու համար, թե բնակիչներից ով որտեղ է։
Մի մասն այդպես էլ Սյունիքում մնաց, Գեղաքունիքում ունենք քիչ մարդիկ, մնացածն Արարատում, Կոտայքում, Արմավիրում, Շիրակում են։
Կարծում եմ՝ այս պահին հիմնական խնդիրը մարդկանց աշխատանքով ապահովելն է։ Եթե մարդուն այս կամ այն մարզում տեղավորում են աշխատանքի, լավ կլինի հենց այդ մարզում էլ լուծեն նրա բնակարանային հարցը»,- նշեց Համլետ Պետրոսյանը։
Ըստ նրա, Ասկերանի բնակիչներից որևէ մեկը, որևէ բան իր հետ չի չի վերցրել, ամբողջ ստեղծածն ու ապրուստը թողել և դուրս են եկել։ Նրանք Հայաստան են հասել մարդատար մեքենաներով։
«Ասկերանի վերջին բնակիչը դուրս է եկել սեպտեմբերի 29-ին, ես և Ասկերանի քաղաքապետը դուրս ենք եկել ամենավերջինը, երբ շրջանում մարդ չէր մնացել։
Գիտեմ, որ Ասկերանում մեկ մարդ է մնացել, ով առողջական խնդիրներ ունի։ Պատերազմից հետո նրան մի քանի անգամ տարել ենք Ստեփանակերտ, որպեսզի բերենք Հայաստան, բայց այդ մարդը չմնաց Ստեփանակերտում, վերադարձավ Ասկերան, ասում էր՝ ես չեմ ուզում իմ տնից դուրս գամ։
Այն բնակավայրերը, որոնք սեպտեմբերի 19-ից սկսած հայտնվել էին ռազմական գործողությունների թիրախում, այդ շրջանների բնակիչներն ունեն փաստաթղթային խնդիրներ։ Նրանք իրենց տներ չեն կարողացել մտնել ու հանել այդ փաստաթղթերը»,- հավելեց Համլետ Ապրեսյանը։
Ըստ շրջվարչակազմի ղեկավարի, դեռ չեն տեսել այնպիսի տեսանյութ, որ Ադրբեջանն Ասկերանում ադրբեջանական դրոշ բարձրացրած լինի, ի տարբերություն Մարտունու և Մարտակերտի։ Թե ինչ ավերածություններ են արել Ադրբեջանի Զու ներկայացուցիչներն Ասկերանում, Համլետ Ապրեսյանը տեղեկություններ չունի։
Խոսելով Ադրբեջանի այն հայտարարությունների մասին, թե ծրագրեր են մշակում արցախահայության ինտեգրման համար, մեր զրուցակիցը նկատեց.
«Եթե արցախահայությունը որոշեր ինտեգրվել, ապա կինտեգրվեր և բռնի չէր տեղահանվի։ Կարծում եմ՝ սա յուրաքանչյուր արցախցու որոշումն է, ես վստահ եմ, որ արցախահայության մեծ մասը դեմ է լինելու ինտեգրմանը։ Ադրբեջանի հետ անհնար է խաղաղ ապրել»,- եզրափակեց Համլետ Ապրեսյանը։