Արցախի տարածքն ամբողջովին օկուպացված է, բայց արցախահայությունը կա, պետք է աշխատանքներ արվեն՝ ապագայի համար հիմքեր ստեղծվեն. Վահրամ Բալայան
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծած պատերազմի արդյունքում Արցախն ամբողջովին օկուպացվեց, 120 հազար խաղաղ բնակիչներ ենթարկվեցին էթնիկ զտման և ցեղասպանության սպառնալիքի տակ բռնի տեղահանվեցին իրենց բնակավայրերից։ Չնայած Արցախի հայաթափմանն ու օկուպացիային, փորձագետները պնդում են՝ Արցախի հարցը լուծված չէ։
168.am–ի հետ զրույցում Արցախի ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի անդամ Վահրամ Բալայանը նույնպես կիսում է փորձագետների այդ կարծիքը։
«Անկախ ստեղծված իրավիճակից, պետք է Արցախի խնդրի ու ինքնորոշման իրավունքի մասին հարցը բարձրաձայնվի։ Արցախի Հանրապետության տարածքն այսօր ամբողջովին թշնամու տիրապետության տակ է, բայց արցախահայությունը կա, և պետք է աշխատանքներ արվեն։ Չեմ կարող ասել, որ այս աշխատանքները 1-2 տարի հետո կարող են արդյունք տալ, բայց պետք է հիմքեր ստեղծվեն ապագայի համար»,- նշեց Վահրամ Բալայանը։
Ինչ վերաբերում է Արցախի ԱԺ ճակատագրին, Վահրամ Բալայանն ասաց, որ դժվար հարց է, գուցե լուծարվի, սակայն հստակ որևէ բան չի կարող ասել, քանի որ կան հարցեր, որոնց շուրջ առայժմ չեն կարող բարձրաձայն խոսել։
Վահրամ Բալայանը նաև անդրադարձավ քննադատություններին, որ Արցախի ԱԺ 22 պատգամավորներն ուղիղ կապ ունեն Արցախի կորստի հետ, քանի որ, եթե նրանք նախագահ չընտրեին, հավանաբար Ադրբեջանը պատերազմ չէր սկսի։
«Երբ այդ քննադատողներն ասում են՝ 22 պատգամավորներ աններելի քայլ են արել, սխալվում են։ Առաջին հերթին՝ ԱԺ նիստին մասնակցել է 23 պատգամավոր, 22-ը կողմ է քվեարկել, 1-ը՝ դեմ, գաղտնի քվեարկություն է եղել, որևէ մեկը չի կարող ասել՝ ով է դեմ քվեարկել։ Այդ քննադատողների կարծիքով՝ ԱԺ պատգամավորներն ի՞նչ պետք է անեին, երբ Հանրապետության ղեկավարը հրաժարական էր ներկայացրել և երկիրը մնացել էր անգլուխ։ Ներկայացվել էր մեկ թեկնածու, պատերազմական իրավիճակում գտնվող երկրում ի՞նչ պետք է անեին, պիտի գնային փողոցները ման գային ու ասեին՝ եկեք ձեր թեկնածությունը դրե՞ք։ Սա մանիպուլյացիա է, իսկ ո՞վ չգիտեր, որ 2020 թվականի նոյեմբերին ամեն ինչ ավարտված էր, ո՞վ չգիտեր, որ այդ պատերազմից հետո մեր հարցերն արդեն լուծել էին՝ չգիտեմ որ սենյակներում ու որ երկրներում։
Նման բան չի կարելի անել, մարդկանց զգացական պահի վրա չպետք է խաղալ ու ասել՝ եթե չքվեարկեին, այսպես կլիներ, ես էլ կարող եմ, օրինակ, այլ բան ասել»,- քննադատողներին հակադարձելով՝ հստակ պարզաբանեց Վահրամ Բալայանը։