Նախորդ տասնամյակներին մոտ էինք հակամարտության կարգավորմանը, առանցքային էր ԼՂ կարգավիճակի հարցը, իսկ ՀՀ նոր ղեկավարությունը այդ թեման վերջնականապես փակեց՝ ԼՂ ճանաչելով Ադրբեջանի մաս․ Պուտին

«ԼՂ Ադրբեջանի մաս դարձավ այն բանից հետո, երբ անցյալ տարի Պրահայում Հայաստանի վարչապետը հայտարարություն հնչեցրեց, որն արմատապես փոխեց իրավիճակը ։ Հայաստանը ճանաչեց, որ Ղարաբաղը Ադրբեջանի մաս է», – ԱՊՀ գագաթնաժողովի արդյունքներն ամփոփող ասուլիսի ժամանակ ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

Անդրադառնալով նախկին տասնամյակներին վարվող արցախյան հակամարտության բանակցային գործընթացին, Պուտինն ընդգծել է՝ տարբերությունն այն է, որ այդ ժամանակ առանցքային էր Արցախի կարգավիճակի հարցը, իսկ ՀՀ նոր ղեկավարությունը այդ թեման վերջնականապես փակեց՝ ԼՂ ճանաչելով Ադրբեջանի մաս։

«Նախկին տասնամյակների ընթացքում բազմիցս մոտ ենք եղել ԼՂ հարցով համաձայնության կայացմանը։ Խնդիրն այն էր, որ պայմանավորվում էինք, որ անհրաժեշտ է հանրաքվե անցկացնել, բայց կողմերց մեկը՝ Ադրբեջանը, ասում էր, որ չի կարող այդ հանրաքվեի համար ժամկետներ նշել, որովհետև եթե այդ ժամանակվա պայմաններում հանրաքվե անցկացվեր, անկախ դրա ժամկետներից՝ այն կանցկացվեր հենց հաջորդ օրը, թե անգամ 20 տարի անց, հանրաքվեի արդյունքը հասկանալի էր՝ ինչպիսին էր լինելու, այդ պատճառով էլ առաջարկվում էր այդ հարցի լուծումը թողնել ապագա սերունդներին։

Հայկական կողմն, ընդհակառակը, պնդում էր, որ հանրաքվեի անցկացման ժամկետ սահմանվի, իսկ այդ հանրաքվեով էլ՝ հստակեցվի Ղարաբաղի կարգավիճակը, որովհետև նրանք նույնպես ելնում էին այն հանգամանքից, որ եթե հանրաքվեն անգամ 20 տարի հետո անցկացվի, այսօրվա բնակչության կազմը հաշվի առնելով՝ արդյունքն ակնհայտ էր լինելու։ Ահա սա էր խնդիրը, սրա շուրջ էր ամեն ինչ պտտվում, սա էր մեխը՝ կարգավիճակը հստակեցումը»,- ասել է ՌԴ նախագահը։

Իսկ հիմա, նրա խոսքով, իրավիճակն այլ է՝ անցյալ տարի ՀՀ գործող իշխանությունը այդ թեման փակել է։

«ՀՀ ղեկավարությունն այդ թեման փակեց ու ասաց՝ Ղարաբաղն Ադրբեջանի մաս է ու նախանշեց նույնիսկ քառակուսի կիլոմետրերը և հղում արեց 1991 թվականի պայմանագրին, երբ ԽՍՀՄ նախկին հանրապետությունների պետական սահմանները այն տեսքով էին, որը գոյություն ուներ ԽՍՀՄ-ում։ Վերջ, թեման փակվեց»,- ասել է Վլադիմիր Պուտինը։

Նա անդրադարձել է նաև նոր պայմաններում ԼՂ-ում ռուս խաղաղապահների առաքելությունը շարունակելու խնդրին։

«Երբ 2020 թվականի նոյեմբերին մենք պայմանավորվեցինք այդ տարածքում մեր խաղաղապահներին տեղակայելու մասին, Ղարաբաղի կարգավիճակը վերջնականապես հստակեցված չէր։ Սա է խնդիրը, կրկնում եմ։ Իսկ երբ Հայաստանը Ղարաբաղն Ադրբեջանի մաս ճանաչեց, ստացվեց, որ մեր խաղաղապահները գտնվում են Ադրբեջանի տարածքում։ Եվ հիմա, այս ծանր իրադարձություններից հետո՝ կապված այդտեղից հայ բնակչության դուրս գալու հետ, իրավիճակն արմատապես փոխվել է։

Ֆորմալ առումով մեր խաղաղապահներն այնտեղ գտնվելու են մինչև 2025 թվականի նոյեմբերը և մենք մեր գործընկերների հետ պետք է որոշենք՝ ինչ ենք անելու և ինչպես ենք վարվելու։ Դա կորոշենք բանակցությունների ընթացքում»,- ասել է Վլադիմիր Պուտինը։

Տեսանյութեր

Լրահոս