Առնետների ժամանակը
Երբ պետական կառավարման համակարգը, ուժային կառույցները դառնում են մեկ հոգու անձնական ճղճիմությամբ պայմանավորված հաշվեհարդարի իրականացման գործիքներ, պետությունը՝ որպես այդպիսին, ԱՎԱՐՏՎՈՒՄ Է։
Բովանդակորեն ավարտվելով և պահպանելով ֆորմալ ատրիբուտները, այդպիսի պետությունը դառնում է այլոց նպատակների, շահերի իրացման գործիք։ Հենց դա է այս օրերին տեղի ունենում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի դեմ Նիկոլ Փաշինյանի անձնական հաշվեհարդարի միջոցով։
Նիկոլ Փաշինյանը՝ արտաքին ամենատարբեր դերակատարների միջոցով վերարտադրելով իր իշխանությունը, իրավապահ մարմիններին, այդ թվում՝ պետության ազգային անվտանգությունն ապահովելու առաքելություն ունեցող ԱԱԾ-ին վերածել է հրոսակախմբի, որոնք այլևս կատարում են ոչ թե Սահմանադրությամբ ու օրենքներով իրենց վերապահված գործառույթները, այլ կենդանական բնազդով ենթարկվում են Փաշինյանին։ Ճիշտ այնպես, ինչպես բանդայի անդամները կուրորեն կատարում են իրենց տիրոջ հրահանգները՝ անգամ մտածելու իրավունք չունենալով, որ վերածվում են առանձին վերցրած մեկի անձնական օգտագործման փալասի։
Իրականում այսօր ամենագռեհիկ ձևով տեղի ունեցողը համակարգային առումով ապապետականացում է՝ պետության զավթում գործառույթների իմաստով։ Եվ խնդիրը շատ ավելի խորն է, քան պետական մարմինների հեղինակազրկումը։
Հասարակության մի մասը, եթե ոչ՝ զգալի հատվածը, արդեն 8 տարի շարունակ իշխանության կողմից վերածված լինելով կենդանական բնազդներով առաջնորդվող զանգվածի, պետական մարմինների միջոցով մարդու նվաստացումը կա՛մ ողջունում է հորթային հրճվանքով, կամ, լավագույն դեպքում՝ լուռ անտարբերությամբ՝ լռելով այդ թվում՝ «սաղին հասնում ա» իշխանական քարոզչությանն ի պատասխան։
Նիկոլ Փաշինյանը՝ բավարարելով սեփական ցածր բարդույթներից ծնված պաթոլոգիկ պահանջմունքները, այդուհանդերձ հաշվարկում է, որ իր բեմադրած տեսարանները դուր են գալու հանրության ինչ-որ հատվածի։ Դա իր հենարան հատվածն է, որը ներկայացվում է՝ որպես «ժողովուրդ», որի «պահանջով» Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում հայտարարում է, որ այս կամ այն անձը պետք է նստի։
Այսինքն՝ իշխանությունն այլևս կատարում է հանրության այն հատվածի «պահանջը», որը պայմանականորեն արյուն ու ինքնադատաստան է տենչում բոլոր նրանց համար, ովքեր նույն իշխանական քարոզչության կողմից հռչակվել են՝ որպես «պետության թշնամի»։
Այս մթնոլորտի, դա ստեղծող իշխանության հանդուրժումը, իրերն իրենց անուններով կոչելու դեպքում, ողջ հասարակությանն է վերածում փալասի, որի ցանկացած անդամի դեմ իշխանությունը կարող է անել ամեն ինչ՝ «դրան հասնում ա» արդարացմամբ։
Վաղուց արդեն իրողություն դարձած Հայաստանի ադրբեջանացումը միայն Ադրբեջանի շահերը բավարարող իշխանության գոյությունը չէ։ Ադրբեջանացումը նշանակում է նաև պետական կառավարման համակարգի, ավանդույթների, քաղաքական մթնոլորտի համապատասխանեցում ադրբեջանական ավտորիտարիզմին, այդ թվում՝ նաև հիվանդագին սիմվոլիզմի դրսևորումներով։ Այդ շարքին են դասվում նաև Փաշինյանի խորհրդանիշները՝ սրտիկից մինչև ցիլինդրներ։
Նույն տրամաբանության մեջ է տեղավորվում նաև Գագիկ Ծառուկյանի առյուծի՝ ըստ ամենայնի կանխամտածված սպանությունը՝ ժողովրդական բանահյուսությամբ համարձակությունը բնորոշող «առյուծի կաթ խմելու» փոխաբերությունը վերածելով «առյուծի արյուն խմելու» բարբարոսության։
Հարություն Ավետիսյան

