Մակրոնը Սիրիայի նախագահին խոստացել է փոխանցել Բաշար Ասադի ընտանիքից բռնագրավված ավելի քան 50 միլիոն եվրո
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Փարիզը սիրիացի ժողովրդին ավելի քան 50 միլիոն եվրո կփոխանցի, որը ստացվել է այն գույքի բռնագրավումից, որը ֆրանսիական արդարադատությունը ճանաչել է որպես Սիրիայի նախկին նախագահ Բաշար Ասադի ընտանիքի անդամների կողմից ապօրինի ձեռք բերված միջոցներ, հաղորդում է Le Monde-ը:
Դրա մասին Մակրոնը հայտնել է հուլիսի 7-ին՝ Դամասկոս կատարած այցի ժամանակ: Ֆրանսիան և Սիրիան ստորագրել են համագործակցության համաձայնագիր, ինչպես նաև մտադրությունների մասին նամակ՝ Սիրիայի նախկին առաջնորդի հորեղբոր՝ Ռիֆաթ Ասադին առնչվող ակտիվների վերադարձի վերաբերյալ:
«Նախկին բռնապետի ընտանիքի ապօրինի ձեռք բերված գույքի բռնագրավումից ստացված ավելի քան 50 միլիոն եվրոն կվերադարձվի սիրիացի ժողովրդին՝ երկրի տարածքում զարգացման կոնկրետ ծրագրեր ֆինանսավորելու համար»,- հայտարարել է Ֆրանսիայի նախագահը: Ստորագրված փաստաթղթում նշված է 51 միլիոն եվրո գումար:
Մակրոնը նշել է, որ Ֆրանսիան դարձել է առաջին երկիրը, որն Ասադի ընտանիքի ակտիվների դեմ դատական գործը հասցրել է մինչև վերջ, և խոստացել է շարունակել նմանատիպ գործողությունները «այնտեղ, որտեղ դա հնարավոր է»։

