Եվրոպայի արհմիությունները պահանջում են պարտադիր նորմեր սահմանել աշխատողներին անոմալ շոգից պաշտպանելու համար

Եվրոպական արհմիությունները հանդես են եկել նոր պարտադիր կանոնների ընդունման օգտին, որոնք պետք է պաշտպանեն աշխատողներին աշխատավայրերում շոգի վտանգավոր ազդեցությունից, գրում է The Guardian-ը:

Այս նախաձեռնությունը հայտնվել է Եվրոպայում շարունակվող բարձր ջերմաստիճանի ալիքի և ջերմային սթրեսի հետ կապված մահացությունների թվի աճի ֆոնին:

Արհմիությունների գնահատմամբ՝ Եվրոպայում տարեկան շուրջ 230 մահ կարող է կապված լինել աշխատավայրում ուժեղ շոգի ազդեցության հետ: Ընդ որում, ընթացիկ ամռան հետևանքները կարող են էլ ավելի լուրջ լինել. Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը Եվրոպայում հունիսյան շոգով է պայմանավորում մոտ 1300 լրացուցիչ մահ, իսկ որոշ գնահատականներ զգալիորեն ավելի բարձր ցուցանիշներ են նշում:

Արհմիութենական միավորումներն առաջարկում են աշխատավայրերում ջերմաստիճանի իրավաբանորեն պարտադիր սահմանափակումներ մտցնել WBGT (wet bulb globe temperature) ցուցանիշի հիման վրա, որը հաշվի է առնում մարդու օրգանիզմի ինքնահովացման կարողությունը շոգ պայմաններում: Առաջարկվում է նաև գործատուներին պարտավորեցնել բարձր ջերմաստիճանի հետ կապված ռիսկերի գնահատում իրականացնել:

Բացի դրանից, արհմիությունները պահանջում են որակյալ աշխատատեղերի մասին ապագա օրենքում ամրագրել շոգի ժամանակ աշխատակիցների՝ լրացուցիչ ընդմիջումների, խմելու ջրի, ստվերի ու հովացման հասանելիության, ինչպես նաև էքստրեմալ ջերմաստիճանների շրջանում աշխատանքային ժամանակցույցի փոփոխության իրավունքը:

«Կլիմայի փոփոխությունն այլևս հեռավոր բնապահպանական խնդիր չէ. այն ամենօրյա ռիսկ է աշխատողների առողջության ու անվտանգության համար, ինչպես նաև սպառնալիք՝ զբաղվածության կայունությանը: Ներկայիս եվրոպական իրավական համակարգն ակնհայտորեն անբավարար է դրանից պաշտպանվելու համար»,- հայտարարել է Սննդի արդյունաբերության, գյուղատնտեսության և զբոսաշրջության աշխատողների եվրոպական արհմիության ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Էնրիկո Սոմալյան:

Ըստ առաջարկվող կանոնների՝ WBGT-ի թույլատրելի առավելագույն արժեքները կարող են կազմել 30-ից մինչև 32,5 աստիճան՝ կախված ֆիզիկական ծանրաբեռնվածության ինտենսիվությունից: Այս ցուցանիշների գերազանցման դեպքում աշխատանքը պետք է դադարեցվի, իսկ պահանջները խախտող գործատուներին կարող են սպառնալ տուգանքներ և այլ պատժամիջոցներ:

Նախաձեռնությանը կողմ են հանդես գալիս եվրոպական երեք խոշոր արհմիութենական միավորումներ, որոնք ներկայացնում են շուրջ 15 միլիոն աշխատողների, դրանց թվում՝ Պետական հատվածի աշխատողների եվրոպական արհմիությունների ֆեդերացիան և Շինարարների ու փայտամշակողների եվրոպական ֆեդերացիան:

Մեծ Բրիտանիայում Արհմիությունների կոնգրեսն (TUC) իր հերթին կառավարությանը կոչ է արել աշխատանքի առավելագույն ջերմաստիճան սահմանել: Կազմակերպությունն առաջարկում է գործատուներին պարտավորեցնել միջոցներ ձեռնարկել, երբ փակ տարածքներում ջերմաստիճանը բարձրանում է 24 աստիճանից, ինչպես նաև աշխատողներին իրավունք տալ դադարեցնել աշխատանքը 30 աստիճանի հասնելու դեպքում (կամ 27 աստիճանի՝ ծանր ֆիզիկական աշխատանք կատարողների համար):

TUC-ի գլխավոր քարտուղար Փոլ Նովակը հայտարարել է, որ կլիմայի փոփոխությունը նոր ռիսկեր է ստեղծում աշխատողների համար, որոնք անհրաժեշտ է նվազեցնել։ Որպես միջոցներ նա նշել է ճկուն ժամանակացույցը, ավելի զով ժամերին աշխատելու հնարավորությունը, կանոնավոր ընդմիջումները, բավարար քանակությամբ ջուրը և բացօթյա աշխատողների համար համապատասխան պաշտպանիչ հագուստը:

Եվրոպական արհմիութենական ինստիտուտի տվյալներով՝ Եվրոպայում մինչև 130 միլիոն աշխատող արդեն իսկ ենթարկվում է ջերմային սթրեսի ազդեցությանը, իսկ տարեկան մոտ 277 հազար մարդ շոգի պատճառով տարբեր վնասվածքներ է ստանում:

«Կանաչների» կուսակցությունից եվրոպատգամավոր Մարիա Օհիսալոն աջակցել է նախաձեռնությանը՝ նշելով, որ ներկայում ԵՄ-ում աշխատողներին անոմալ շոգից կամ ցրտից պաշտպանելու միասնական պարտադիր նորմերը բացակայում են:

Այդուհանդերձ, նոր կանոնների ընդունումը կարող է հանդիպել ԵՄ երկրների կառավարությունների մի մասի, հատկապես աջակողմյան կուսակցությունների ներկայացուցիչների դիմադրությանը, որոնք պարտադիր կարգավորումների փոխարեն կողմնակից են ավելի մեղմ խորհրդատվական նորմերի սահմանմանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031