Անոմալ շոգ Իսպանիայում. Բարսելոնան գերազանցել է 112 տարվա ջերմաստիճանային ռեկորդը

Չորեքշաբթի Բարսելոնայում ռեկորդային՝ 40,5 աստիճան ըստ Ցելսիուսի ջերմաստիճան է արձանագրվել, ինչը ամենաբարձր ցուցանիշն է դիտարկումների 112 տարիների ընթացքում: Դրա մասին երկրին պատուհասած շոգի նոր ալիքի ֆոնին հայտնել են Իսպանիայի օդերևութաբանական ծառայություններից, հաղորդում է Ֆրանսպրես գործակալությունը:

Նախնական տվյալները ստացվել են Բարսելոնայի արևմտյան մասի բլուրների վրա գտնվող Ֆաբրա աստղադիտարանի օդերևութաբանական կայանից: Այդ ցուցանիշը գերազանցել է քաղաքի նախորդ ջերմաստիճանային ռեկորդը՝ 40 աստիճանը, որը սահմանվել էր 2024 թվականի հուլիսի 30-ին:

Միջերկրական ծովի ափին գտնվող Բարսելոնայի «Էլ Պրատ» օդանավակայանում ջերմաստիճանը հասել է 37,7 աստիճանի։ Իսպանիայի ազգային օդերևութաբանական գործակալության (AEMET) տվյալներով՝ դա ևս դարձել է ամենաբարձր ցուցանիշն այս կայանի դիտարկումների ամբողջ պատմության ընթացքում, որոնք իրականացվում են 1924 թվականից ի վեր:

AEMET-ի ներկայացուցիչ Խոսե Անխել Նունյեսը հաստատել է, որ Բարսելոնայում գրանցվել է դիտարկումների ամբողջ պատմության ընթացքում ամենաշոգ օրը: Սովորաբար Միջերկրական ծովի մոտիկությունը մեղմացնում է շոգը քաղաքում, սակայն այս անգամ բարձր ջերմաստիճանը հասել է ռեկորդային արժեքների:

Շոգ եղանակը, որն Իսպանիայում սկսվել է կիրակի օրը, պետք է պահպանվի մինչև հինգշաբթի: Այս շաբաթ որոշ օդերևութաբանական կայաններում ջերմաստիճանը գերազանցել է 44 աստիճանը։ Չորեքշաբթի AEMET-ը շոգի պատճառով վտանգի առավելագույն՝ «կարմիր» մակարդակ է հայտարարել Կատալոնիայի և Վալենսիայի առանձին շրջաններում: Վտանգի «նարնջագույն» զգուշացումը գործել է երկրի կենտրոնական, հարավային և հյուսիսարևելյան շրջանների մեծ մասում, ներառյալ Բարսելոնայում:

Գիտնականները նշում են, որ մարդու գործունեությամբ պայմանավորված կլիմայի փոփոխությունը հանգեցնում է էքստրեմալ եղանակային երևույթների, դրանց թվում՝ անոմալ շոգի ժամանակահատվածների ինտենսիվության, տևողության և հաճախականության մեծացմանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031