Իրանի դեսպանը՝ Գագիկ Ծառուկյանի ու Իրանի քաղաքացիների միջև տնտեսական տարաձայնությունների մասին
«Կողմերի միջև ի հայտ են եկել որոշակի տնտեսական ու առևտրային տարաձայնություններ այն նախագծի շուրջ, որը նախաձեռնել են միահամուռ ջանքերով։ Այս ոլորտը մշտապես օգտվել է թե՛ Իրանի կառավարության, թե՛ ՀՀ-ում Իրանի դեսպանատան աջակցությունից»,- այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին՝ խոսելով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կալանավորման մասին, որի պատճառը, ըստ ՔԿ հաղորդագրության՝ նաև ԻԻՀ քաղաքացու ներկայացրած հաղորդումն է։
Ըստ դեսպանի, երկուստեք այդ նախագիծը հաջողության չի հասել և տապալվել է։
«Ինչպես գիտենք, այս տարաձայնության բուն պատճառը տնտեսական ու առևտրային բիզնես ոլորտն է և այլ համագործակցություններ, որոնցում կողմերը չկարողացան արդյունքի հասնել ու ունեն տարաձայնություններ։
Կարծում եմ՝ որոշակի միջնորդության արդյունքում մենք կարող ենք, ի վերջո, հասնել կողմերի միջև համաձայնության և նմանօրինակ խնդիրների վերացման։ Ցանկալի չէ, որ հանրային կարծիքի շրջանակներում քննարկումներ ընթանան այն կոնտեքստով, որ ՀՀ և ԻԻՀ քաղաքացիները նմանօրինակ տարաձայնություններ ունենան և նման վեճ առաջանա նրանց միջև։ Ամեն դեպքում պետք է հաշվի առնենք, որ երկու կողմերն էլ միմյանց նկատմամբ ունեցան բողոքներ և հասան դատական փուլի։ Ինքս փորձել եմ կապի մեջ լինել երկու կողմերի հետ էլ, այս պահին ունենք այն, որ գործընթացը թևակոխել է դատական ու իրավական փուլ»,- ընդգծեց դեսպան Խալիլ Շիրղոլամին։
Դեսպանը նաև շեշտեց, որ առանձին դետալների չի ցանկանում անդրադառնալ, քանի որ դրանք ունեն իրենց առանձնահատկությունները։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

