Փաշինյանն այս խաղում Թուրքիայի վրա է խաղադրույք կատարում. Հրանտ Միքայելյան

Ղրղըզստանի մայրաքաղաք Բիշքեկում վաղը կկայանա ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստը, որը կանցկացվի նեղ և ընդլայնված կազմով. ակնկալվում է, որ առաջնորդները համատեղ փաստաթղթեր կստորագրեն։ Այսօր նախատեսված է Ալիևի հանդիպումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

Հիշեցնենք` ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը РБК-ի հետ հարցազրույցում ասել էր՝ Մոսկվան դիտարկում է հոկտեմբերի 12-ին Բիշքեկում ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպում կազմակերպել: Ավելի ուշ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը հայտնեց, որ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը չի մեկնի Բիշքեկ։ Նիկոլ Փաշինյանը ևս ավելի վաղ հայտնել էր, որ չի կարող մասնակցել Բիշքեկում կայանալիք գագաթնաժողովին:

Հայաստանից Բիշքեկ է մեկնել փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանը:

168.amքաղաքագետ Հրանտ Միքայելյանից հետաքրքրվեց՝ եթե ինչպես Նիկոլ Փաշինյանն է հայտարարում՝ «Հայաստանը պատրաստ է հանդիպում անցկացնել «3+3» ձևաչափով», ապա ինչո՞ւ պատրաստ չէ այդ ձևաչափի երկրների հետ այլ հանդիպումների, այդ թվում՝ Բիշքեկում:

Կարդացեք նաև

Ի պատասխան՝ քաղաքագետը նկատեց. «Փաշինյանը նախ ուզում է խուսափել բարդ քննարկումներից, և այդ պատճառով բազմաթիվ հանդիպումներ, ֆորմատներ է չեղարկում, և նաև՝ իր կողմից նվազեցնում է ինստիտուցիոնալ հարաբերությունների մակարդակը Ռուսաստանի հետ, եվրասիական տարածքում»

Հստակեցմանը՝ արդյո՞ք վերջին հանգամանքով Փաշինյանը ևս մեկ անգամ շեշտում է, որ հավատարիմ է Արևմուտքին, նա արձագանքեց, թե՞ այլ պատճառներ կան. «Եթե իր նպատակը ՌԴ-ի հետ հարաբերություններ խզելն է, ապա պարզ է, որ նա չպետք է մասնակցի նման հարաբերություններին: Ինչ վերաբերում է Արևմուտքին, ապա, կարելի է ասել՝ հավատարիմ է Արևմուտքին, բայց Արևմուտքը Հայաստանին հավատարիմ չի լինելու. այսինքն՝ Արևմուտքը Հայաստան չի գալու, Հայաստանն ինստիտուցիոնալ առումով Արևմուտքի մաս չի դառնալու:

Նա ընդամենը կարող է կարող է ՀՀ-ի հետ հարաբերությունները խզել, իսկ այդ պարագայում վակուումը լրացնելու է Թուրքիան՝ մի կողմից՝ որպես Արևմուտքի ներկայացուցիչ, մյուս կողմից՝ Թուրքիան ուղղակի ուժեղանում է, Ռուսաստանը թուլանում է, և Փաշինյանն այս խաղում Թուրքիայի վրա է ստավկա դնում:

Քաղաքագետը հավելեց՝ Արևմուտքին բավական է, որպեսզի Ռուսաստանը չլինի:

Հարցին, թե հատկապես Արցախից հետո հասկանալի չէ՞ր, որ ՌԴ-ն լավագույն գործընկերը, դաշնակիցը չէ ՀՀ-ի համար, օբյեկտիվ չէ՞ ՀՀ դիրքորոշումն այս պարագայում, Հրանտ Միքայելյանը պատասխանեց հիշեցմամբ. «ՌԴ-ն ՀՀ դաշնակիցը չէ, բայց այս հարաբերությունների մակարդակն առաջին հերթին Փաշինյանն է նվազեցրել՝ 2018 թվականից սկսած: Նա ամեն առիթ օգտագործել է, որպեսզի փչացնի այդ հարաբերությունները. դեռ 2018 թվականին Յուրի Խաչատուրովին է ձերբակալել, որպեսզի Հայաստանը ՀԱՊԿ-ում չունենա ներկայացուցիչ, և հետագայում՝ ներկայացվածություն, հետո՝ բազմաթիվ դեպքեր են եղել, ու հարաբերությունները բարելավելու փոխարեն՝ փչացրել է»:

Ըստ նրա՝ հստակ չէ, թե ինչպիսին կլինեին հայ-ռուսական հարաբերությունները, եթե Նիկոլ Փաշինյանն այդ կերպ չմիջամտեր, իսկ այսօր՝ այս բարդ իրավիճակում ակնկալել, թե ՌԴ-ն աջակցելու է Հայաստանին՝ այն պարագայում, երբ ՀՀ իշխանությունները հստակ հակառուսական ուղղվածություն են վերցրել, ադեկվատ չէ:

«Ինչքան էլ Փաշինյանը ձգտի, Թուրքիայի հետ լավ հարաբերություններ չենք կարող ունենալ, որովհետև Թուրքիան ունի շատ հստակ քաղաքական, ռազմաքաղաքական ու ռազմավարական նպատակներ այս տարածաշրջանում, և դրանց մեջ մտնում է ՀՀ ոչնչացումը: Այլ պարագայում՝ ստացվում է ՀՀ ապազինում: Մենք տեսանք դա նույն Արցախի օրինակով:

Այս պարագայում արդյո՞ք մեզ ձեռնտու է ՌԴ-ի հետ հարաբերությունների խզումը. եթե սա ընդամենն էմոցիոնալ քայլ է, ապա այս քայլով ՀՀ իրավիճակը բարելավվո՞ւմ է, թե՞ վատանում է»,- նշեց մեր զրուցակիցը:

Քաղաքագետը համոզված է՝ այս դիրքորոշմամբ Հայաստանն ընդամենը նպաստում է Ռուսաստանի և Թուրքիայի գործընկերությանը մեր դեմ՝ այն պարագայում, երբ մյուս կողմից մեր պետության կողքին ոչ ոք չի կանգնելու և չի աջակցելու:

«Արևմուտքը կարող է մի քանի զորավարժություն անցկացնել, սիմվոլիկ քայլեր անել, Ֆրանսիան կարող է շուկայական գնով մի քանի տեխնիկա վաճառել նույնիսկ (թեև Ադրբեջանն ու Վրաստանը, ըստ մամուլի հրապարակումների, ունեն պայմանավորվածություն, ըստ որի՝ Վրաստանը թույլ չի տալու իր օդային տարածքն օգտագործել ՀՀ ռազմական մատակարարման համար. մնում է միայն Իրանը):

Իրավիճակը պետք է լուրջ գնահատենք. մենք չունենք շռայլություն Ռուսաստանին թշնամացնելու,- ամփոփեց նա՝ համոզմունք հայտնելով, որ ՌԴ-ի հետ հարաբերությունները խզելու Փաշինյանի մոտիվացիան ամենևին վրեժը չի,- Նա նեղացած չէ Արցախի և ՀՀ տարածքային կորուստներից, նա ասում է՝ ցավալի է լինելու, բայց պետք է արվի: Ու ցավալի է լինելու ոչ թե իր համար, այլ մեզ համար: Սրանից կարելի է եզրակացնել, որ Փաշինյանը սա նպատակային է անում, ու Ռուսաստանին դրա մեջ մեղադրելը ևս նպատակային է»:

Հրանտ Միքայելը չի հասկանում, թե հստակ այլընտրանք չունենալու պայմաններում՝ ինչո՞վ է Հայաստանին խանգարում ԱՊՀ-ն, երբ նույնիսկ Ուկրաինան դուրս չի եկել այս կառույցից:

Տեսանյութեր

Լրահոս