Պետք է գործել «մեկը բոլորի ու բոլորը մեկի համար» սկզբունքով, ոչ թե սպասել ուժայինների ներխուժմանը՝ ոտքի կանգնելու և բռնաճնշումների դեմ բողոքելու համար. Արեգնազ Մանուկյան
Ընդդիմադիր դաշտում գլխավոր հարցերից մեկը մնում է միասնականությունը, որի բացակայությունից օգտվում է Նիկոլ Փաշինյանը։ Այս մասին նշված է «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Արեգնազ Մանուկյանի՝ փաստաբանների միջոցով փոխանցված ուղերձում։
Սեպտեմբերի 22-ին դատարանը փոխեց Արեգնազ Մանուկյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը՝ այն փոխարինելով տնային կալանքով։ Միաժամանակ, դատարանի որոշմամբ Մանուկյանի շփումները սահմանափակված են, բացառություն են ընտանիքի անդամներն ու փաստաբանները, արգելված է նաև պատգամավորների տեսակցությունը։
«Նույնիսկ քաղբանտարկյալների պաշտպանության հարցում նկատվում է տարբերակում։ Մինչդեռ չպետք է լինի իմ ու քո թիմի քաղբանտարկյալ հասկացությունը (ընդդիմադիր որոշ շրջանակներ ակնհայտորեն խուսափում են անգամ քաղբանտարկյալներից խոսել, ինչը ցավալի տպավորություն է թողնում՝ հատկապես երբ դա ֆիքսում ես կալանավայրում գտնվելու ժամանակ)»,- նշում է Արեգնազ Մանուկյանը։
Նա շեշտում է՝ հատվածականությունը ոչ մի լավ տեղ չի տանելու։ Պետք է գործել «մեկը բոլորի ու բոլորը մեկի համար» սկզբունքով, այլ ոչ թե սպասել ուժայինների ներխուժմանը՝ ոտքի կանգնելու և բռնաճնշումների դեմ բողոքելու համար։
Ըստ նրա՝ պետք է հանրային լայն համախմբում և գաղափարական պայքար։ Կան հարցեր, որոնց շուրջ կարելի է միասնական օրակարգեր և գործողություններ ծրագրել, այդ թվում՝ Հայ առաքելական Սուրբ եկեղեցու և քաղբանտարկյալների պաշտպանության շուրջ, որոնք վերկուսակցական հարցեր են։ Մանուկյանի կարծիքով՝ օրակարգային են նաև իշխանությունների վարած ներքին ու արտաքին քաղաքականությանը հակազդելու ծրագրեր ունենալը և կոնկրետ գործողություններ նախապատրաստելը՝ լինի դա ալիևյան սահմանադրության մերժումը կամ Հայաստանի տարածքների հանձնումը։

