ՔՊ-ական վարչակարգն ինքն իր ոտքին է կրակում. Հակոբ Տեր-Խաչատուրյան
Արևմուտքն այսօր Հայաստանում հանդուրժում է այնպիսի ժողովրդական ոտնահարումներ, որ այլ պարագայում մեծ աղմուկի պատճառ կդառնար Եվրոպայում և ԱՄՆ-ում։ Այսօր ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների համահայկական խորհրդաժողովի պաշտոնական բացման ժամանակ ասաց ՀՅԴ Հայ դատի կենտրոնական խորհրդի նախագահ Հակոբ Տեր-Խաչատուրյանը՝ անդրադառնալով իշխանությունների կողմից իրականացվող հակաեկեղեցական արշավին։
Նա շեշտեց՝ մեծագույն մտահոգություն է եկեղեցու և վեհափառի դեմ տարվող արշավը, որին դիմակայելու համար ՀՅԴ կառույցները մեծ աշխատանք են տանում։
«Մենք լուրջ աշխատանք ենք տանում այս ուղղությամբ՝ թե վեհափառների հետ խորհրդակցելով (Գարեգին Բ, Արամ Ա` խմբ․), թե միջազգային կազմակերպությունների, Եկեղեցիների համաշխարհային խորհրդի, Վատիկանի միջոցով զորակցության կոչեր ապահովելով, ինչպես նաև հստակորեն բացահայտելով, որ այս արշավը որևէ հիմք չունի, քաղաքական վրեժխնդրության հարց է։ Դժբախտաբար, Հայաստանում ժողովրդավարությունը նահանջի մեջ է, և հատուկ պայքար է տարվում ազգային արժեքները, գաղափարախոսությունը և ինքնությունը պաշտպանող կազմակերպությունների դեմ, որոնց առաջատարն է Հայ առաքելական եկեղեցին»,- նշեց Խաչատուրյանը։
Նա հույս հայտնեց, որ հարցը չի հասնի Ամենայն հայոց կաթողիկոսի ձերբակալությանը, միաժամանակ նրա կարծիքով՝ իշխանություններն արդեն հատել են բոլոր կարմիր գծերը և վայելում են Արևմուտքի աջակցությունը, քանի որ ՀՀ գործող իշխանությունն առաջ է տանում նրանց շահերը՝ դուրս բերելու տարածաշրջանից, այսպես կոչված, ռուսական ազդեցությունը։

