ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատարը եվրոպացիներին կոչ է արել գնել հայկական մթերքներն ու արտադրատեսակները

Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը եվրոպացիներին կոչ է արել գնել հայկական մթերքներն ու արտադրատեսակները: Այս մասին Կոսը գրել է «Ինստագրամ»-ի իր էջում:

«Մենք որոշում կայացրինք բացել մեր շուկան հայկական արտադրանքի, գրեթե, 80 տոկոսի համար՝ ծիրանից և կեռասից մինչև լոլիկ և ծաղիկներ: Մենք ցանկանում ենք հայաստանցի գյուղատնտեսներին և արտադրողներին նոր հնարավորություններ ընձեռել այն բանից հետո, երբ Ռուսաստանը սահմանափակել է հասանելիությունն իր շուկաներ՝ Եվրոպայի հետ Հայաստանի մերձեցման ժողովրդավարական ընտրությամբ պայմանավորված: Այդ մթերքներից մեկը հայտնի հայկական լավաշն է: Նախորդ տարի ես այցելել եմ ավանդական հացատուն և տեսել, թե ինչպես է այն պատրաստվում: Այն շատ համեղ է»,- գրել է Կոսը:

Հանձնակատարը հորդորել է շաբաթական գնումները կատարելիս ուշադրություն դարձնել հայկական մթերքներին:

«Ձեր զամբյուղում ոչ մեծ ընտրությունը կարող է օգնել հայ գյուղատնտեսներին և արտադրողներին, և աջակցել հայ ժողովրդի սեփական ապագան ինքնուրույն ընտրելու իրավունքին»,- եզրափակել է նա:

Սեպտեմբերի 24-ին Եվրոպական միության խորհուրդը պաշտոնապես հաստատել է հայկական արտադրանքի համար առևտրի ժամանակավոր ազատականացման միջոցներ սահմանելու կանոնակարգը՝ Ռուսաստանի կողմից վերջերս կիրառված առևտրային սահմանափակումներից հետո Հայաստանի տնտեսությանն աջակցելու նպատակով։ Արտոնյալ ռեժիմով կազատականացվի Հայաստանից ԵՄ արտահանման շուրջ 80 տոկոսը։ Այն նախատեսում է վերացնել ԵՄ ներմուծվող հայկական բազմաթիվ ապրանքների մաքսատուրքերը, այդ թվում՝ որոշ գյուղատնտեսական արտադրանքի համար։ Միջոցները կգործեն կանոնակարգն ուժի մեջ մտնելուց հետո երկու տարի։ Դրանք կընդգրկեն ապրանքատեսակներ, որոնք կազմում են դեպի Ռուսաստան Հայաստանի թարմ մրգերի, բանջարեղենի և բույսերի արտահանման գրեթե 99 տոկոսը, ինչպես նաև խմիչքների և ոգելից ըմպելիքների արտահանման ավելի քան 91 տոկոսը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930