Ստանալով Արցախն առանց հայերի՝ Ալիևը դիվանագիտական հերթական ծուղակն է գծագրում

Չնայած սեպտեմբեր ամսին իր նախաձեռնած ռազմական ծանր օպերացիայի հետևանքով Ադրբեջանը ստացավ Արցախն առանց հայերի, քանի որ արցախահայությունը բռնի տեղահանվեց, Արցախը հայաթափվեց, ինչը հետպատերազմյան բանակցությունների կանխատեսելի, սակայն Հայաստանի համար ամենածանր ելքերից էր, Իլհամ Ալիևը շարունակում է դիվանագիտական ծուղակներ լարել՝ դրանով իսկ նպատակ ունենալով Արևմուտքի հովանու ներքո ընթացող բանակցային գործընթացը տապալել՝ այն տեղափոխելով Մոսկվա կամ Թբիլիսի։ Նախօրեին Բաքվում ԱՊՀ անդամ երկրների ԱԱԾ և ՆԳՆ պետերի հետ հանդիպման ժամանակ Ալիևը հայտարարել է, որ այսօր ռուսական կողմի առաջարկով Բիշքեկում պետք է կայանար Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպումը, և իրենք Ռուսաստանի միջնորդությունը երախտագիտությամբ են ընդունում, քանի որ նա թե Ադրբեջանի, թե Հայաստանի դաշնակիցն է ու ներկա է տարածաշրջանում՝ «ի տարբերություն հազարավոր կիլոմետրեր հեռու գտնվողների»։

«Բնականաբար, մեր երկրների հարաբերությունների պատմությունը ներառում է ռուսական կողմի միջնորդությունը։ Մենք դրական ենք ընդունել այս առաջարկը, և մեր արտգործնախարարը պատրաստ է հանդիպել իր ռուս և հայ գործընկերների հետ։ Ցավոք, հայկական կողմը հրաժարվեց այս հանդիպումից։

Հիմա հարց է առաջանում՝ Հայաստանը խաղաղություն ուզո՞ւմ է։ Կարծում եմ՝ ոչ, քանի որ եթե խաղաղություն ցանկանար, չէր հրաժարվի այս հնարավորությունից։ Հայաստանի վարչապետը 6 ժամով թռչում է Գրանադա, այնտեղ անհասկանալի հանդիպման է մասնակցում, որտեղ քննարկվում է Ադրբեջանը՝ առանց Ադրբեջանի, բայց նա 2-3 ժամով Բիշքեկ չի կարողանում թռչել․ կարևոր գործեր ունի։ Սա այն է, ինչ մենք բոլորս պետք է բացահայտ ասենք։ Սա տեսնում են բոլորը, ու սրանից պետք է ելնել»,- հայտարարել է Ալիևը։

Այստեղ հարկ է հիշեցնել, որ երբ անցյալ տարի ռուսական կողմն առաջարկում էր կարգավորման փաթեթ, որը նախատեսում էր Արցախի կարգավիճակի հարցի քննարկման հետաձգում, և այդ փուլում, դրանից բացի, հայ-ադրբեջանական այլ խնդիրների քննարկում, Ալիևը Փաշինյանի հետ «ձեռք ձեռքի տված» մեկնում էր Պրահա, Բրյուսել և բանակցում լիովին այլ օրակարգ։

Կարդացեք նաև

Հիշեցնենք, որ Մոսկվայի և Արևմուտքի առաջարկներից անցյալ տարի աշնանը «Վալդայ» դիսկուսիոն ակումբում խոսել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, այդ առաջարկն այդ պահի դրությամբ առկախում էր Արցախյան հիմնահարցի կարգավորումը։ Այս մասով ռուսական առաջարկն առավել ձեռնտու էր հայկական կողմի համար, սակայն ՀՀ իշխանություններն այլ ճանապարհով գնացին և նախընտրեցին ճանաչել Արցախն Ադրբեջանի կազմում, դրանով իսկ այս հարցը, ինչպես նաև ռուսական առաջարկը փակելով։

Այդ ժամանակ Ալիևը չէր հիշում, որ Ռուսաստանը Հայաստանի ու Ադրբեջանի դաշնակիցն է, այդ ժամանակ Ադրբեջանը կարծես երախտագիտությամբ չէր ընդունում Մոսկվայի միջնորդությունը։

Երբ ադրբեջանական կողմը խոսում է հանդիպման չմասնակցելու մասին, կրկին մոռանում է, որ հոկտեմբերի 5-ին Գրանադայում նախատեսվող հանդիպմանը չմասնակցելը ևս ապակառուցողականության նշան է, այլ հարց է, թե արդյո՞ք կառուցողական էր և ընդհանրապես հայկական կողմի շահերի տեսանկյունից պատճառաբանված դրան հայկական կողմի մասնակցությունը։

Ադրբեջանական կողմը թերևս մոռանում է նաև այն, որ ոչ Ռուսաստանի, ոչ Արևմուտքի աշխարհագրությունը չի փոխվել, և Արևմուտքը հեռու էր Հարավային Կովկասից նաև մեկ տարի առաջ, երբ նա մերժում էր Մոսկվային և շտապում Արևմուտք, օրինակ՝ 2022 թվականի հոկտեմբերի 6-ին՝ Պրահա, որտեղ քառակողմ հայտարարություն է ընդունվում 1991 թվականի Ալմա Աթայի Հռչակագրի հիման վրա․

«Հայաստանն ու Ադրբեջանը հաստատեցին իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991թ. Ալմա Աթայի Հռչակագրին, որոնց միջոցով երկու կողմերն էլ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: Նրանք հաստատեցին, որ դա հիմք կհանդիսանա սահմանազատման հարցերով հանձնաժողովների աշխատանքների համար, և, որ այդ հանձնաժողովների հաջորդ նիստը կկայանա Բրյուսելում, մինչև հոկտեմբերի վերջ»։ Բանակցային այս հիմքի վրա է Նիկոլ Փաշինյանը սկսում հայտարարություններ անել, թե ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, այդ թվում՝ Արցախը։ Այդ ժամանակ Ալիևը դեմ չէր, ներկայումս երբ ստացել է Արցախն առանց հայերի՝ Ալիևը կարծես չի ցանկանում բանակցությունների, այսպես կոչված, վերջնական փուլն ամրագրել Արևմուտքում՝ նախընտրելով Ռուսաստանին։

168amի հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովն ասաց, որ նման աշխարհաքաղաքական դեգերումների հետևանքով կողմերը և հատկապես Հայաստանն է կորցրել, իսկ Ադրբեջանը ժամանակ է կորցրել։

Ըստ նրա, Ռուսաստանը որպես միջնորդ՝ ոչինչ չի կորցրել, քանի որ Ռուսաստանի համար այս հարցը, չնայած իր ներկայությանը, Ուկրաինայի ֆոնին էականորեն ավելի պակաս կարևոր հարց է, հենց այդ պատճառով աշխարհաքաղաքական պայքարն ուժեղ է, բայց ՌԴ ղեկավարությունը մեծ ջանքեր չի ներդրել, որպեսզի կողմերը բանակցեն հենց Ռուսաստանում։

«Եղել է առաջարկ, դա չի գոհացրել, Արևմուտքում այլ բան են համաձայնեցրել, որը հանգեցրեց գետնի վրա այն արդյունքին, ինչը կա։ Եվ ներկայումս եթե կողմերը որոշեն վերադառնալ Մոսկվա, ապա բնականաբար Ռուսաստանում ոչ միայն դեմ չեն, այլև կողմ են, քանի որ դեռ բազմաթիվ հարցեր կան, և ինչպես օրերս նաև ՌԴ ԱԳ փոխնախարարն ասաց՝ խաղաղապահների առաքելությունը Լեռնային Ղարաբաղում ավելի քան պահանջված է։

Ակնարկ եղավ նաև, որ կա իրավունքների երաշխավորման հարց։ Եթե բանակցություններ վերսկսվեն Ռուսաստանում, ապա այս հարցերով, կարծում եմ, առաջարկներ կլինեն։ Ալիևն իր համար գլխավորը ստացել է, տրամաբանական է, որ չի ցանկանում այլևս գնալ Արևմուտք, մնացած հարցերը կարող է բանակցել ռեգիոնում՝ իրեն հարմար միջավայրում, քանի որ չի ցանկանում Արևմուտքի ազդեցություն, ինչպես ռեգիոնի երկրների մեծ մասը։

Այս ֆոնին հետաքրքիր է՝ ի՞նչ ճակատագրի է արժանանալու Միշելի հետ նախատեսվող հանդիպումը։ Չեմ բացառում, որ ինչ-որ պատճառներից ելնելով՝ այն ևս տապալվի և սկսվի նոր գործընթաց Մոսկվայում։

Դատելով Փաշինյանի վերջին հայտարարություններից՝ դա չի կարելի բացառել, սակայն դինամիկ զարգացումների կոնտեքստում վաղ է պնդումներ անելը»,- ասաց նա։

Տեսանյութեր

Լրահոս