Պաշտպանեք ԼՂ առևանգված քաղաքական առաջնորդներին Ադրբեջանի շինծու քրեական մեղադրանքներից. Եղիշե Կիրակոսյանը՝ ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանին
Հայաստանը ամիսներ շարունակ զգուշացնում է, որ Ադրբեջանը էթնիկ զտումներ է նախապատրաստում. ցավով եմ արձանագրում, որ սա իրականություն է դարձել: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 12-ին, հայտարարել է միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը՝ ելույթ ունենալով Արդարադատության միջազգային դատարանում Ադրբեջանի դեմ Հայաստանի բողոքի քննության ժամանակ։
Նա հիշեցրեց, որ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնածավալ հարձակում ձեռնարկեց Արցախի դեմ, ապա ցինիկաբար բացեց Լաչինի միջանցքը 9 ամսվա շրջափակման մեջ առաջին անգամ, որպեսզի արցախահայությունը հեռանա այն տարածաշրջանից, որտեղ ապրել է երկար դարեր. «Այժմ այնտեղ հայեր չկան։ Եվ եթե սա էթնիկ զտում չէ, այդ դեպքում ես չգիտեմ, թե ինչ է էթնիկ զտումը։ Ադրբեջանի ներկայացուցիչը կասի, որ պատրաստ է խաղաղության եւ այլն։ Բայց նա նույն բանն ասել է 9 ամիս առաջ: Հետո նա սկսեց շրջափակում, դաժան հարձակում գործեց և հայերին վտարեց իրենց նախնիների երկրից։
Ադրբեջանը կասի, որ պատրաստ է հայերի վերադարձին, բայց պատերազմից հետո նույն բանն ասացին. Ոչ մի հայի թույլ չեն տվել վերադառնալ օկուպացված տարածքներ: Նա խոստանալու է հարգել հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը։ Բայց Ադրբեջանը նախկինում էլ նման խոստումներ է տվել, և դա չի խանգարել նրան խախտել միջազգային կոնվենցիաները։
2020 թվականի սեպտեմբերից Ադրբեջանը քայլեր է ձեռնարկել հայերի էթնիկ զտումների ուղղությամբ։ Եվ դա արել է այս դատարանում հայկական հայցի քննարկմանը զուգահեռ։ Միջազգային հանրությունը չդադարեցրեց այդ գործընթացը: Ադրբեջանի պատասխանատվությունը կորոշվի այս դատարանում քննարկման արդյունքներով։ Բայց հիմա դեռ ժամանակ կա կանխելու հայության գաղթի անշրջելիությունը։
Լեռնային Ղարաբաղում դեռ կան հայեր և նրանց իրավունքները պետք է պաշտպանվեն: Բազմաթիվ բանտարկյալներ առևանգվել և անօրինական կերպով պահվել են Ադրբեջանի բանտերում։ Բաքվի ցինիզմը սահմաններ չունի: Ադրբեջանը պնդում է, որ Հայաստանի պահանջները խախտում են օրենքները և մեղադրում է Երևանին, իբր, դեմ է տարածաշրջանում խաղաղության հաստատմանը և շահագրգռված չէ հարաբերությունների կարգավորման գործընթացով։
Ադրբեջանի պահվածքը հակասում է միջազգային օրենքներին: Նա բազմիցս ցույց է տվել միջազգային հանրությանը մոլորեցնելու իր պատրաստակամությունը։ Միայն դատարանի միջանկյալ միջոցները կարող են կասեցնել տարածաշրջանում էթնիկ զտումները և հայկական հետքը ջնջելու փորձերը, ինչպես եղավ Նախիջևանում, ինչպես նաև պաշտպանել Արցախի նախկին ղեկավարներին Բաքվի անօրինական գործողություններից։
Բայց եթե դատարանի որոշման մեջ անորոշություն լինի, Ադրբեջանն անխուսափելիորեն կօգտվի դրանից։ Մենք արդեն երրորդ անգամ ենք դիմում դատարան»,- նշեց նա։
Նշենք, որ Արդարադատության միջազգային դատարանում սկսվել են Ադրբեջանի դեմ Հայաստանի բողոքի լսումները։ Հայաստանի դիրքորոշումը ներկայացնում է 5 ներկայացուցիչ։