Ադրբեջանի համար իր տարածքային ամբողջականությունը ոչ թե 86.600 քկմ-ն է, այլ 98.900 քկմ՝ ներառյալ Սյունիքը, Գեղարքունիքը, Տավուշն ու Վայոց ձորը. ադրբեջանագետ
«Ադրբեջանը չի ճանաչել ու երբեք էլ չի ճանաչի ՀՀ տարածքային ամբողջականությունը: Այդ երկիրն ինքն իրեն հռչակելով, այսպես կոչված, Առաջին Հանրապետության իրավահաջորդ, քարտեզը բոլորովին այլ ձևով է պատկերացնում: Այն ժամանակվա սահմանադրական ակտերում հռչակված էր ոչ թե 86.600 քկմ, այլ մոտ 98.900 քկմ: Այնպես որ` այս համատեքստում, հասկանալի է, թե ինչ նկատի ունի Ադրբեջանի իշխանությունը՝ հայտարարելով տարածքային ամբողջականության մասին, և, թե դրա տակ ինչ է հասկանում Հայաստանի Հանրապետությունը»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանը՝ անդրադառնալով նախօրեին Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը:
Հիշեցնենք, որ Փաշինյանը, խոսելով Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության մասին՝ հերթական անգամ արձանագրել էր, որ Ադրբեջանի նախագահը մինչև այժմ էլ 29.800 քկմ թվային ցուցիչով չի ճանաչել ՀՀ տարածքային ամբողջականությունը:
«Պատկերացրեք, թե այդ տարածությունն ինչ տարածքներ է ընդգրկում՝ Սևանի ավազանը, Զանգեզուրը, Վայոց ձորն ու Տավուշի մարզն Ադրբեջանի պատկերացմամբ մտնում է իր երկրի տարածքի մեջ՝ ինչպես այդ «անկլավները»: Այսինքն, իրենց այս պահելաձևով հետագա գործունեության ու հնարավոր տարածման հնարավորություն են ստեղծում իրենց իսկ համար: Մանավանդ, որ մենք անընդհատ կրկնում ենք՝ 86.6 հազ. Քկմ, դա Ադրբեջանին քարտ-բլանշ է տալիս: Մտածում է՝ դե, առայժմ անդրադառնանք Խորհրդային Ադրբեջանի սահմաններին, «վերադարձնենք» Տիգրանաշենն ու Տավուշի սահմանին գտնվող «անկլավները»»,- ասաց Գրիգորի Այվազյանը:
Սրան արդեն, ըստ ադրբեջանագետի, հաջորդելու է Ադրբեջանի հաջորդ պահանջը, այն է թե՝ իրենք ինչպես են կապվելու ձեռք բերված այդ անկլավների» հետ:
«Բնականաբար, դրանից հետո արդեն դրանց համար կսկսի միջանցքներ պահանջել, իսկ դրանք նաև նոր էսկալացիայի առիթ կարող են դառնալ ու անպայման կդառնան»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է Գրանադայում կայացած հանդիպմանն ու միակողմանիորեն ստորագրված հայտարարությանը, ապա եվրոպական երկրները, ըստ մեր զրուցակցի, դրանով որևէ երաշխիք չեն տվել ՀՀ-ին Ադրբեջանի կողմից հնարավոր ագրեսիան զսպելու և անվտանգության վերաբերյալ։
Այս առումով ադրբեջանագետը հղում կատարեց օրերս Թբիլիսի կատարած այցի ժամանակ Ալիևի՝ «ՀՀ տարածքում գտնվող 8 անկլավների վերադարձման մասին» հայտարարություններին ու սպառնալիքներին, թե դա չանելու դեպքում ինքն այլ կերպ կիրականացնի դա: Միևնույն ժամանակ, այս համատեքստում, ըստ Այվազյանի, հստակ խոսք չկա նաև Արծվաշենի վերաբերյալ, իսկ Փաշինյանի հայտնած սահմանների հարաբերական անդորրը, ըստ նրա, կարող է խախտվել ցանկացած պահի:
Անդրադառնալով հարցին, թե Ադրբեջանի կողմից ՀՀ տարածքային ամբողջականությունը չճանաչելու պարագայում ինչո՞ւ Փաշինյանը Գրանադայում ստորագրեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու մասին փաստաթուղթը՝ Այվազյանը պատասխանեց, որ դա պարզապես հայտարարություն էր, ու Փաշինյանի այցը Գրանադա նպատակ ուներ ցուցադրելու Հայաստանի հավատարմությունը ձեռք բերված պայմանավորվածություններին:
Ինչ վերաբերում է ստեղծված իրավիճակից դուրս գալու ուղիներին, ապա, ըստ մեր զրուցակցի, հայկական կողմը դա պետք է փորձի իրականացնել իրավական ու դիվանագիտական ճանապարհով:
«Պետք է ստեղծենք Արցախի վտարանդի կառավարություն: Գոնե այդպես չեզոքացնենք ադրբեջանական շահարկումները, այսպես կոչված, «ադրբեջանցիներին Հայաստան վերադարձնելու վերաբերյալ»: Այս առումով շատ անելիքներ կան: Անշուշտ, պետք է աշխատենք նաև մեր բանակի ուժեղացման, գիտական, քարոզչական ու այլ ոլորտների ուղղությամբ: Փորձենք ոչ թե կտրենք մեր կապը նախկին դաշնակիցների հետ, այլև ամրապնդենք ու նոր և իրական դաշնակիցներ ձեռք բերենք, որոնք չեն լինի զուտ անվանական»,- համոզմունք հայտնեց ադրբեջանագետը:
Հարցին՝ արդյոք ՀՀ ներկա իշխանությունների օրոք դա հնարավոր կլինի՞ անել՝ Գ. Այվազյանը պատասխանեց.
«Վախենամ, որ հիմա այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ, կոպիտ ասած, ով էլ լինի, շատ կբարդանա այդ իրավիճակը փոփոխելու գործընթացը: Կարծում եմ, որ ժողովուրդը պետք է որոշի դա՝ արտահերթ կամ հերթական ընտությունների ժամանակ»:
Նազելի Ստեփանյան