Հորդառատ շաբաշներ՝ Արցախի ու Հայաստանի դիմաց

Հայաստանի իշխանությունների ինչպես ներքին, այնպես էլ՝ արտաքին քաղաքականության հիմքում ընկած է քարոզչությունը, էժան, բայց եկամտաբեր քարոզչությունը: Ընդ որում, ներքին ու արտաքին քաղաքական քարոզչությունների միջև կա դիալեկտիկական կապ:

Նիկոլ Փաշինյանը ներքաղաքական կյանքում իր արձանագրած պրոպագանդիստական հաջողությունները վաճառում է արտաքին քաղաքական շուկայում և հակառակը` գեոպոլիտիկ գնորդներից ստացված թեյավճարները, որպես քարոզչական ֆասթ-ֆուդ` հրամցնում է ներքին լսարանին:

Օրինակ, նա ներքին կյանքում իբրև թե պայքարում է «5-րդ շարասյան», ռուսական լրտեսների դեմ, և դա արևմտյան աշխարհաքաղաքական բորսայում վաճառում է մակրոններին ու միշելներին, իսկ վերջիններիս հետ ժպտադեմ լուսանկարներն ու նրանց թփթփոցները սեփական ուսին` որպես «արևմտյան հզոր աջակցություն», իրացնում է վիրտուալ հայաստանասերների ներքին սոցցանցային շուկայում, որը կազմված է ոչ միայն տեղական նշանակության, այլ նաև մոտիկ ու հեռավոր սփյուռքը ներկայացնող բազմոցափրկիչներից:

Նիկոլ Փաշինյանի ինչպես ներքին, այնպես էլ՝ արտաքին քաղաքական քարոզչության անգաղափար գաղափարախոսությունը պոպուլիզմն է` հաճությունը, մի դեպքում՝ ամբոխահաճությունը, մյուս պարագայում գեոպոլիտիկ էլիտային հաճոյանալը: Տարբեր է, սակայն, դրանցից յուրաքանչյուրի դիմաց նրա ստացած դիվիդենտների արտահայտությունը:

Եթե ներքին պոպուլիզմապրոպագանդիզմը նրա համար ապահովում է սոցցանցային հավանումներ, մարմնի ոչ այնքան բարձրաձայնելի օրգանները զանազան տիկնանց կողմից ուտելու պատրաստակամության ճիչեր, ապա արտաքին քարոզչական ավանտյուրիզմը չափվում է իշխանությամբ ու փողով, շատ փողով:

Իրենց անհրաժեշտը ստացած մակրոնները, բլինքեններն ու շոլցերը` լուսանկարներից, պուտինները` հեռակա գովասանքի խոսքերից բացի, ապահովում են Նիկոլ Փաշինյանի իշխանության շարունակականությունը, իսկ արևմտյան ֆոտոմոդելները՝ ի հավելումն, նաև շռայլորեն վարձատրում են:

Մինչ հայ հասարակությունն ապրում է Արցախի ողբերգության, Արցախի հայաթափման ու արցախահայերի բռնի տեղահանության շոկը, իշխանությունները շոկի մեջ են հայտնվել այդ նույն ողբերգության հետևանքների հաղթահարման համար Արևմուտքի հատկացրած տասնյակ-միլիոնավոր դոլարների ու եվրոների, դրանց «պարգևավճարային» ծախսման հաշվարկների դժվարությունից:

Արցախի դիմաց Հայաստանին առատորեն վճարում են, և որքան էլ նողկալի է հնչում` Արցախի կորուստը հրաշալի գործարք էր մի իշխանության համար, որի` ամենայնի չափման միակ միավորը փողն է:

Մինչ այս պահը Նիկոլ Փաշինյանն Արցախի հանձնումից ստացել է միայն դիվիդենտներ` պահպանել է իշխանությունը, և նրա առաջ բացվել են աշխարհաքաղաքական կեղտոտ գործարքների վճարման համար նախատեսված համաշխարհային գանձարանի դռները:

Նիկոլ Փաշինյանը ներքին, բայց հատկապես արտաքին քաղաքականություն է իրականացնում ռեստորանի ռաբիս երգչի սկզբունքով:

Նրան հուզում է ոչ թե կլկլոցի որակը, այլ հարուստ հաճախորդների նետած շաբաշի քանակը:

Իրականում ունկնդիրները թքած ունեն նրա կլկլոցի վրա, բայց վճարում են ոչ թե երգածի, այլ չերգածի, իմա` հայկական շահի մասին չխոսելու ու փոխարենը՝  հակահայկական զառանցաբանությամբ զբաղվելու համար:

Հայաստանի պետականության կոռոզիայի հիմնարար պատճառը պոպուլիզմն է, որի միջոցով երկրի ինստիտուցիոնալ հիմքերի կազմաքանդումը կատարվել է երկու հիմնական փուլով: Պոպուլիզմի առաջին հաղթարշավը` 2018 թվականին հաջորդած սկզբնական շրջանում ներքնապես կազմալուծեց պետական կառավարման համակարգն այնքան ու այնպես, որ այն արդեն պատրաստ էր արտաքին քաղաքական պոպուլիզմի միջոցով երկիրն աշխարհաքաղաքական մուղամբազի վերածելու անդառնալիությանը:

Հարություն Ավետիսյան

Տեսանյութեր

Լրահոս