«Քաղաքական անկայուն իրավիճակով պայմանավորված՝ մարդիկ չեն գնում անշարժ գույք». Վահե Դանիելյան
Քաղաքական վերջին իրադարձությունները՝ Արցախի հայաթափումն ու անվտանգային անորոշ սպասումները, խնդիրներ են ստեղծել տնտեսական տարբեր հատվածներում. դրսևորումներից են տարադրամի թանկացումը, առքուվաճառքի շուկայի պասիվությունը, վարձակալության շուկայում գերտաքացումը:
«Անշարժ գույքի շուկան վատ վիճակում է, վաճառքներ գրեթե չկան, քանի որ քաղաքական անկայուն իրավիճակով պայմանավորված՝ մարդիկ չեն գնում անշարժ գույք: Գնորդներ չկան նաև Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների շրջանակներում. միգուցե շատ քիչ լինեն և շատ փոքր բյուջեով,- 168.am-ի հետ զրույցում արձանագրեց «Կենտրոն» անշարժ գույքի գործակալության տնօրեն Վահե Դանիելյանը՝ մանրամասնելով,- Բոլորն ասում են՝ սպասենք՝ տեսնենք, թե ինչ կլինի, չենք աշխատում»։
Անդրադառնալով վարձակալության շուկայի միտումներին՝ մեր զրուցակիցը նշեց, որ իրենց անշարժ գույքի գործակալության արձանագրմամբ (քանի որ հիմնականում Երևանի մեծ ու փոքր կենտրոնում են գործում, և արդեն իսկ այստեղ գները բարձր են) գնային համընդհանուր և լուրջ տատանումներ չկան:
«Այս պահին հիմնականում բարեգործական ինչ-ինչ տարբերակներ ենք դեռ իրականացնում: Սպասում ենք՝ կարգավորվի:
Ամեն օր զանգեր ենք ստանում բռնի տեղահանված մեր հայրենակիցներից, փորձում ենք անվճար աշխատել, բայց շատ դժվար է, քանի որ քանակը շատ է, ու այդքան տներ չկան: Սեփականատերեր կան, որոնք նույնիսկ 6 ամսով անվճար տրամադրում են տներ, բայց մարդիկ էլ կան՝ հրաժարվում են տալ՝ պատճառաբանելով, թե Արցախի մեր հայրենակիցները գուցե 1-2 ամիս հետո գումար չեն ունենա, որ վարձը վճարեն, իսկ մենք կամաչենք ասել՝ դուրս եկեք»,- մանրամասնեց նա:
Շուկայի վրա մյուս հարվածը, ըստ Վահե Դանիելյանի, դոլարի հանկարծակի թանկացումն է եղել:
«Գործարքներ ունեինք, որ պետք է կատարեինք, պայմանագիր էինք կնքել նախավճարի, մարդիկ կան՝ հրաժարվեցին, որովհետև կուրսով պայմանավորված՝ ահագին գումար էին կորցնում: Պայմանականորեն ասված, եթե գնորդը 300 հազար դոլարով էր անշարժ գույքը ձեռք բերելու (շատերը դոլարով են պայմանավորվում), այժմ ասում է՝ եթե վարկը դրամով վերցնեմ, այդքան դոլար չի դառնում»,- պարզաբանեց նա:
Ի դեպ, գործարարը դոլարի այս թանկացումը ևս պայմանավորում է հանրային առկա տրամադրություններով, բացասական սպասումներով, երկրի հանդեպ վստահության նվազմամբ, թեև նկատում է, որ ԿԲ-ն, փաստորեն, այլ կերպ էր մեկնաբանել:
Հիշեցնենք՝ դոլարի թանկացման, դրամի արժեզրկման մասին ԿԲ-ից հայտնել էին, որ փոխարժեքի փոփոխությունները պայմանավորված են արտարժույթի շուկայում առաջարկի և պահանջարկի փոփոխությամբ: