Պատանդի ցուցմունքն անթույլատրելի ապացույց է. Մարուքյանը` ԼՂ պաշտոնյաների ձերբակալման մասին

Գերեվարված ցանկացած պատանդի կամ ռազմագերու ցուցմունքները համարվում են անթույլատրելի ապացույցներ և չեն կարող օգտագործվել որպես որևէ մեղադրանքի հիմք։ Այս մասին ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը գրել է X-ի իր միկրոբլոգում։

Նա ընդգծել է, որ ադրբեջանական հատուկ ծառայություններն այդ ցուցմունքները ստանում են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի կոպիտ խախտմամբ:

«Վերջերս ադրբեջանցի ուժայինները տեսանյութեր են տարածել Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների մասին, որոնք առևանգվել են Ստեփանակերտից և ապօրինաբար պահվում են ադրբեջանական բանտերում: Նրանք Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նախկին և ներկա, ընտրված կամ նշանակված ներկայացուցիչներն են։ Ամենօրյա նվաստացուցիչ տեսարաններից բացի՝ ադրբեջանական քարոզչությունը նաև լուրեր է տարածում այս կամ այն մարդու իբր տրված ցուցմունքների մասին»,– նշել է Մարուքյանը:

Մարությանը շեշտել է, որ Բաքվում պատանդ պահվող ԼՂ պաշտոնյաները հնարավորություն չունեն իրենց ընտրությամբ պաշտպան ունենալ, չեն կարող օրենքով սահմանված անկախ ու անկողմնակալ դատարանի առջև կանգնել, չի կարող նրանց նկատմամբ արդար դատաքննություն իրականացվել։
Մարուքյանը շեշտել է` ԼՂ–ում պահվող անձինք բոլոր ցուցմունքները տալիս են խոշտանգումների և կյանքի իրավունքի խախտման սպառնալիքով։ Բոլոր այն ապացույցները, որոնք այժմ իբր ձեռք են բերվել այդ անձանցից, ձեռք են բերվել ՄԻԵԴ 3-րդ, 5-րդ, 6-րդ, 13-րդ, 14-րդ հոդվածների և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի կոպիտ խախտումներով:

Էդմոն Մարուքյանը նշել է` ըստ Freedom House-ի, Լեռնային Ղարաբաղի նախկին և ներկա ընտրված առաջնորդներին հաջողվել է ստեղծել ժողովրդավարություն, մինչդեռ այժմ նրանք առևանգվել և ապօրինի ձերբակալվել են և կեղծ մեղադրանքների են ենթարկվում Ադրբեջանում։

Լեռնային Ղարաբաղում ժողովրդավարությունը գնահատվել է «մասամբ ազատ` 37 միավորով», իսկ Ադրբեջանը` «ոչ ազատ` 9 միավորով»։ Բոլոր ռազմագերիները և պատանդները, անկախ իրենց քաղաքական և/կամ այլ դերից, ընտրված կամ նշանակված, պետք է անհապաղ ազատ արձակվեն, շեշտում է նա:

Տեսանյութեր

Լրահոս