Հայաստանը հարձակման կիզակետում է. թուրքական նախապայմանները չեն ավարտվում. Ռուբեն Մելքոնյան
Արդեն քանի տարի է՝ բարդ իրավիճակում ենք ապրում, բայց հիմա այդ բարդ վիճակը փոխվել է աննախադեպ վատի, քանզի մի կողմում պատմության մեջ երբեք չարձանագրված բան է տեղի ունեցել՝ Արցախն ամբողջությամբ հանձնվել է ու հայաթափվել, մյուս կողմում այդ աղետը բերած իշխանությունն է, որն ամրապնդվում է օր օրի: 3-րդ կողմում էլ ունենք պատմության ընթացքում ամենաթույլ ընդդիմությունը, որը տարիներ շարունակ չի կարողանում անել այն, ինչն ընդդիմության գործառույթն է, և ես սա արձանագրում եմ՝ ունենալով հակաիշխանական հայացքներ։ Նման պայմաններում կա հստակ քաղաքագիտական բանաձև՝ մենք ունենք չստացված պետություն և գնում ենք տապալման ճանապարհով։
168 TV-ի «Ռեվյու» հաղոորդաշարում նման տեսակետ հայտնեց ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը՝ ընդգծելով՝ հասել ենք նրան, որ տարածաշրջանային երկրներն առանց մեզ խոսում են Հայաստանի տարածքը պաշտպանելու մասին և դրանով ահազանգում սպասվող վտանգի մասին։
«Ամոթ է, վիրավորական, որ Իրանը, ԱՄՆ-ը կամ այլ երկիր է խոսում Հայաստանի տարածքային ամբողջականության մասին։ Դա նույնն է, որ ընտանիք ստեղծես, բայց ընտանիքդ պահելու մասին խոսեն հարևաններդ»,- ասաց Ռուբեն Մելքոնյանը՝ շեշտելով՝ Արցախի և Հայաստանի անվտանգային համակարգերը միմյանց շարունակությունն են, և, եթե փլուզվում է մեկը, դա հանգեցնում է նաև մյուսի փլուզման, հատկապես, որ անվտանգային համակարգը պաշտպանելու համար մեր դիվանագիտությունը որևէ բան չի անում։
«Իրանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի կողմից հաճախակիացած հայտարարությունները՝ Հայաստանի ինքնիշխանության պահպանության մասին, գալիս են նաև փաստելու, որ Հայաստանն իր անվտանգային վերջին բեկորներն էլ է մսխել և կարող է կանգնել լուրջ խնդիրների առաջ»,- ասաց Ռուբեն Մելքոնյանը։
Թուրքագետի մեկնաբանությամբ՝ մի ողջ ազգ հայտնվել է համազգային աղետի մեջ, որը չի ավարտվում Արցախի կորստով, որովհետև դրանից հետո, որպես ազգ, զրկվել ենք տոներից, հերոսներից, պետական խորհրդանիշներից՝ կանգնելով պետությունը կորցնելու վտանգի առաջ։
«Մենք այս պարագայում պետք է արձանագրենք, որ համազգային աղետը սկսվում է մեր հոգեկերտվածքից, ավարտվում՝ անվտագային համակարգի փլուզմամբ»,- ասաց Մելքոնյանը՝ այս աղետալի վիճակում հայտնվելու համար մեղադրելով օրվա իշխանությանը, որն իր վարած քաղաքականությամբ մնացել է միայնակ, լքվել աշխարհից՝ ունեցած մեկ դաշնակցից էլ կերտելով թշնամի։
«Ու էստեղ է, որ պետք է հիշեմ մեր հոգևորականներից մեկի խոսքը. ասում էր՝ Ռուսաստանի դաշնակցությունը տեսել ենք, բա որ Ռուսաստանի թշնամանքը տեսնենք, դրանից ի՞նչ ենք շահելու»,- ասաց Մելքոնյանը՝ շեշտելով՝ դժգոհ լինելով Ռուսաստանի պահվածքից՝ միևնույն է, փաստում է, որ հարաբերությունները կարող էին նորմալ վիճակում լինել, եթե լիներ դիվանագիտություն, իսկ մենք արտաքին քաղաքականություն վարելու փոխարեն՝ ունենք ընդամենը արտգործնախարարության շենք, որի մեջ քայլող ինչ-որ մարդիկ են՝ պետականության շահի համար արված զրոյական աշխատանքով։
«Լավ, դու ինչպե՞ս ես կարողացել հասնել նրան, որ աշխարհում մնաս միայնակ և որևէ ուժային կենտրոնի հետ չկարողանաս աշխատել։ Պատմության ընթացքում, գիտե՞ք, Հայաստանի վրա հարձակումները երբ են լինում, երբ Հայաստանը մնում է միայնակ, և ուժային կենտրոնները մեր նկատմամբ դառնում են անտարբեր։ Օրինակ՝ 1920 թվականի հայ-թուրքական պատերազմը տեղի ունեցավ, երբ Հայաստանի նկատմամբ ուժային բևեռների կողմից կար անտարբերություն։ Երբ որպես պետություն՝ քո նկատմամբ անտարբեր են դառնում, դա նշանակում է, որ տեսականորեն դու պարտվել ես, իսկ դրանից բխողը՝ պատերազմն ու ագրեսիան»,- ասաց Ռուբեն Մելքոնյանը:
Նա Հայաստանի պետականությանը սպառնացող վտանգների շարքում դասեց նաև թուրքական նախապայմանները, որոնք սկսվում են Սյունիքով միջանցքի պահանջից, ավարտվում հայ-թուրքական սահմանների նոր սահմանագծմամբ և սահմանազատմամբ։
«Հայաստանը թուքական նախապայմանների հարձակման կիզակետում. այդ նախապայմանները չեն ավարտվում, դրանց բավարարման դեպքում 8000 քառակուսի կիլոմետրանոց Հայաստան էլ չի մնալու, իսկ եթե մնա, նշանակելու է, որ դրա վրա էլ է Թուրքիան պայմաններ թելադրելու. օրինակ՝ դրոշի վրա Արարատը պետք է չլինի, Ցեղասպանություն բառը պետք է չասել, և այլն, և այլն։ Կրկնում եմ՝ թուրքական նախապայմանների ցուցակը շատ երկար է»,- խոսքը եզրափակեց թուքագետը։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։