«Ֆուկուսիմա-1» ատոմակայանում սկսել են օվկիանոս բաց թողնել ճառագայթումից մաքրված ջրի երկրորդ խմբաքանակը
Ճապոնացի մասնագետներն սկսել են օվկիանոս բաց թողնել «Ֆուկուսիմա-1» ատոմակայանի ռադիոակտիվ նյութերից մաքրված ջրի երկրորդ խմբաքանակը։ Ինչպես տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտարարել է Ճապոնիայի «Ֆուկուսիմա-1» ատոմակայանի օպերատոր Tokyo Electric Power (TEPCO) էներգետիկ ընկերությունը։
Երկրորդ փուլի ընթացքում նախատեսվում է շուրջ 7800 տոննա ջրահեռացում՝ օրական 500 տոննան չգերազանցող ծավալներով։ Բաց թողնված ջուրը մաքրվում է ALPS համակարգի միջոցով, սակայն նախկինի նման պարունակում է տրիտիում: Բաց թողնվող ջուրը նաև նոսրացվում է ծովի ջրով։
Մինչև ընթացիկ ֆինանսական տարվա վերջը (2024 թ․ մարտի 31) նախատեսվում է օվկիանոս բաց թողնել մոտ 31,2 հազար տոննա ջուր։
Ջրահեռացման առաջին փուլն ավարտվել է սեպտեմբերի 11-ին։ Դրա շրջանակներում «Ֆուկուսիմա-1» ատոմակայանից բաց է թողնվել մոտ 7800 տոննա ջուր։ TEPCO-ն ընդգծել է, որ նշված պարամետրերից որևէ անոմալիա կամ շեղում չի արձանագրվել:
2011 թվականի մարտին ցունամիի հարվածը շարքից հանեց «Ֆուկուսիմա-1» ատոմակայանի էներգետիկական և հովացման կայանքները, ինչը հանգեցրեց երեք ռեակտորների միջուկային վառելիքի հալման, դրանց կորպուսների քայքայման, պայթյունների և մեծ քանակությամբ ռադիոակտիվ նյութերի արտանետման: Այժմ կայանի տարածքը և հարակից շրջանները գործնականում մաքրված են։ Սակայն միջուկային վառելիքի բեկորների սառեցման համար քայքայված ռեակտորների մեջ անընդհատ ջուր է լցվում, որը ճեղքվածքներից դուրս է հոսում ռադիոակտիվ վարակվածությամբ:
Այժմ ատոմակայանի տարածքում կուտակվել է ավելի քան 1,34 մլն տոննա ջուր։ Ճապոնիայի կառավարությունը որոշել է մաքրված ջուրն աստիճանաբար բաց թողնել օվկիանոս: Այս գործողությունը կտևի 30-40 տարի։ Համապատասխան գործընթացը հավանության է արժանացել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության կողմից, սակայն առաջացրել է մի շարք երկրների դժգոհությունը: