Ալիևը կարողացավ Փաշինյանին քաշել բրյուսելյան ծուղակ՝ այդ գործընթացից ստանալով առավելագույնը. Քաղաքագետը՝ Ալիևի կողմից Գրանադան մերժելու մասին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրաժարվել է մասնակցել իսպանական Գրանադայում հոկտեմբերի 5-ին նախատեսված հնգակողմ հանդիպմանը։
Այս մասին տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ նկատառմամբ, https://168.am/2023/10/04/1939621.html որ «հնգակողմ ձևաչափում առկա է հակաադրբեջանական մթնոլորտ»։
Նշենք՝ Բաքուն Ֆրանսիային մեղադրում է հայամետության մեջ, նաև քննադատում ԵԽ նախագահի հայտարարությունները։
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով այս տեղեկություններին՝ նկատեց. «Ալիևը կարողացավ Փաշինյանին քաշել, այսպես կոչված, բրյուսելյան գործընթացի ծուղակ, և այդ գործընթացից ստացավ առավելագույնը, այսինքն՝ լեգիտիմացրեց Արցախի նկատմամբ Ադրբեջանի ինքնիշխանությունը:
Դա ստանալուց հետո բրյուսելյան հարթակն Ալիևի համար կորցրել է իր հետաքրքրությունը (Գրանադայի հանդիպումը, մեծ հաշվով, Բրյուսելյան գործընթացի մաս է). նա միշտ կարող է որևէ պատճառ փնտրել՝ այլևս չգնալու այդ բանակցություններին»:
Քաղաքագետը նաև հավելեց՝ այժմ Ալիևի խնդիրը տրանսպորտային հաղորդակցության հարցերն են, իսկ Բաքվի բռնապետը լավ հասկանում է, որ «դա ուրիշների հետ պետք է քննարկի»:
«Ուրիշները», ըստ Սուրենյանցի՝ ՌԴ-ն և ԱՄՆ-ն են:
Հիշեցնենք, որ թուրքական ԶԼՄ-ներն ավելի վաղ հայտնել էին, որ Թուրքիայի նախագահը ևս չի մեկնի Իսպանիա. այցը հետաձգվել է, քանի որ Էրդողանը մրսել է։
Երկու տեղեկություններն էլ դեռ պաշտոնապես չեն հաստատվել։
Նշենք, որ Գրանդայում հոկտեմբերի 5-ին հանդիպում էր նախատեսված Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի, ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի մասնակցությամբ։