«Անհետ կորածների և գերեվարվածների մասին որոշակի նախնական տվյալներ կան, բայց դրանք ամբողջական չեն». Սիրանուշ Սահակյան
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ իրականացված լայնածավալ պատերազմի արդյունքում զոհվել են բազմաթիվ խաղաղ բնակիչներ, այդ թվում՝ երեխաներ, կանայք, ծերեր։ Մինչև այս պահը բազմաթիվ մարդկանց գտնվելու վայրն անհայտ է, կան գյուղեր, որոնք շարունակում են շրջափակման մեջ մնալ, կան նաև գերեվարված անձինք, նրանց թվի և ճակատագրի վերաբերյալ նույնպես որևէ բան հայտնի չէ։
168.am–ի հետ զրույցում Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) հայ գերիների ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը գերեվարված, անհետ կորած անձանց ճակատագրի վերաբերյալ ասաց, որ տվյալ պահին, բնականաբար, փաստահավաքության ուղղությամբ աշխատանքներ տարվում են։
«Իհարկե, դժվարություններ գոյություն ունեն, որը կապված է մեկուսացվածության աստիճանի և կոմունիկացիաների հնարավորության հետ։ Որոշակի նախնական տվյալներ կան, բայց դրանք ամբողջական չեն, և ամբողջականացնելու համար խիստ կարևորում ենք նաև տեղում մնացած և ներկայումս Հայաստան բռնի տեղահանվածների վկայությունները։ Եվ այս աշխատանքներն ավարտին հասցնելուց հետո կկարողանանք նաև հանդես գալ փաստահավաք զեկույցով։ Դրան, իհարկե, կարող է հաջորդել իրավական գործընթաց, և ժամկետները նման հնարավորություններ տալիս են, ուղղակի պետք է քննարկենք արդյունավետությունը՝ հաշվի առնելով, որ իրավական գործընթացներն ավելի երկար են տևում։ Իսկ այս պահին քաղաքական գործընթացները շատ արագ և ամեն օր են փոփոխվում»,- նշեց Սիրանուշ Սահակյանը։
Հարցին՝ այս պահին կա՞ն հաստատված տվյալներ, թե այսօրվա դրությամբ Ադրբեջանում քանի գերեվարված հայ կա, Սիրանուշ Սահակյանը պատասխանեց, որ չի կարող տվյալներ ասել։
«Տեսեք, որոշ տեղերում նույնիսկ բնակչությունը, որը ենթարկվել է հարձակումների և գտնվում է շրջափակման մեջ, քանի դեռ դուրս չեն եկել, դժվար է հասկանալ, որ, օրինակ, քանի՞սն է ողջ, քանի՞սը՝ վիրավոր ու սպանված։ Այստեղ տեղեկատվության սակավության խնդիր գոյություն ունի, որը լրացվելի է, սակայն ժամանակ է անհրաժեշտ»,- եզրափակեց Սիրանուշ Սահակյանը։
Հիշեցնենք՝ Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի կողմից հավաքագրված տվյալների համաձայն՝ սեպտեմբերի 20-ի ժամը 21:30-ի դրությամբ Արցախում կա առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր։
Քաղաքացիական բնակչության շրջանում վիրավորների թիվը գերազանցում է 40-ը, որոնցից 13-ը երեխաներ են։ Այս պահին հաստատված է 10 խաղաղ բնակիչ, որոնցից 5-ը երեխաներ են։