
Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչները ժամանել են Եվլախ
Լեռնային Ղարաբաղից պատվիրակությունը ռուս խաղաղապահների ուղեկցությամբ արդեն ժամանել է Եվլախ, որտեղ հանդիպում է անցկացնելու ադրբեջանական կողմի ներկայացուցիչների հետ։
ԼՂ պատվիրակության կազմում են Արցախի խորհրդարանի «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցության ղեկավար Դավիթ Մելքումյանը և Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Սերգեյ Մարտիրոսյանը։
Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ նախնական տեղեկություններով՝ ադրբեջանական կողմից բանակցելու է մեջլիսի պատգամավոր Ռամին Մամեդովը։
Հանդիպման մասին պայմանավորվածություն էր ձեռք բերվել սեպտեմբերի 20-ին՝ ռուսական խաղաղապահ զորակազմի ղեկավարության միջնորդությամբ։ Պայմանավորվածության շրջանակում Ադրբեջանը պարտավորվել էր դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում, որտեղ ադրբեջանական վերջին ագրեսիայից հետո հայկական կողմն ունի առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր։