Ես վախենում եմ, թե այս անկարող դեսպանուհին ի՞նչ պետք է ասի այդ կոնգրեսմենների օգնականներին. Հարութ Սասունյան

«Ամերիկահայությունը, ինչպես աշխարհի բոլոր հայերը, շոկի մեջ են: Այս ցնցումն էլ ավելացավ 2020 թվականի պատերազմի օրերին մեր ապրած ցնցումներին,- Արցախում ադրբեջանական ագրեսիային ու ցեղասպան քաղաքականությանն անդրադառնալով՝ 168.am-ի հետ զրույցում նշեց «Կալիֆոռնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյանը և հավելեց,- Բոլորս էլ սաստիկ զայրացած ենք, որ ՀՀ իշխանություններն այսպես անհոգ են վարվում 120 հազար հայերի հետ, որոնք ոչ միայն հայ են, այլև ՀՀ քաղաքացիներ են. ՀՀ իշխանությունների անմիջական պարտավորությունն է՝ պաշտպանել ՀՀ քաղաքացիների կյանքը, անվտանգությունը: Մի բան, որ վարչապետ Փաշինյանը չի հասկանում՝ ասելով, որ Հայաստանը փորձում են ներքաշել պատերազմի մեջ, մենք պետք է պաշտպանենք ՀՀ անկախությունն ու սահմանները»:

Հարութ Սասունյանը տարակուսած է ՄԱԿ ԱԽ նիստից առաջ Նիկոլ Փաշինյանի՝ «Լեռնային Ղարաբաղի բնակչությանն ուղիղ սպառնալիք չկա» հայտարարությունից:

«Նույն օրը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում՝ արտգործնախարար Արարատ Միրզոյանը հակասում է նրան՝ նշելով, որ Արցախի ժողովուրդը մեծ վտանգի առաջ է, հնարավոր են էթնիկ զտումներ:

Ծիծաղելի է Փաշինյանի ասածը, երբ ինքն էր ամիսներ ի վեր ասում, որ մեծ վտանգ կա, ադրբեջանցիները ծրագրում են էթնիկ զտում, Ցեղասպանություն: Ու երբ այդ ամենը տեղի է ունենում, ինքն ասում է՝ չէ՛, վտանգ չկա»,- արձանագրեց ամերիկահայ գործիչը:

Կարդացեք նաև

Հարութ Սասունյանը տեղեկացրեց՝ ԱՄՆ հայ համայնքն ամենօրյա ռեժիմով տարբեր նախաձեռնություններ է իրականացնում արցախահայության խնդրի մասին բարձրաձայնելու, Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ. բազմաթիվ ցույցեր են կազմակերպվել Գլենդելում, Նյու Յորքում, Վաշինգտոնում, Լոս Անջելեսում, և ցավով նկատեց, որ այսօր ավելին հնարավոր չէ անել, անորոշ իրավիճակ է:

Թե ինչո՞վ է հայրենիքի համար օրհասական այս օրերին զբաղված ԱՄՆ-ում գտնվող ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը՝ մեր հարցադրմանն ի պատասխան էլ՝ նա նշեց. «Դեսպանը, կարծեմ, երկու տարի է ՝այստեղ է, ու մենք ոչ մի աշխատանք չենք տեսել իր կողմից:

Նույնիսկ Կոնգրեսի անդամները, որոնց հետ ես կապի մեջ եմ, ասում են՝ Ադրբեջանի դեսպանն ամեն օր գալիս է, գրասենյակից գրասենյակ է գնում, լոբբի է անում (մի բան, ինչի կարիքն այսօր Ադրբեջանը չունի. իրենք արդեն իրենց ուզածն անում են ուժով, բռնարարքներով. այդ աշխատանքի կարիքն ունի հայկական կողմը, որովհետև մենք օգնության, մարդկանց կարեկցանքի ու հասկացողության կարիքն ունենք), բայց երբեք չենք տեսել ՀՀ դեսպանին ՄԱԿ-ի շենքում:

Միակ բանը, որ տեղեկացա և ուղղակի զարմացա, առաջին անգամ երկու տարում մի բան է ձեռնարկել Լիլիթ Մակունցը՝ հանդիպումների հրավերներ է ուղարկել կոնգրեսմենների օգնականներին, որ բացատրի՝ ինչ որ տեղի է ունենում:

Չգիտեմ՝ ինչու, կոնգրեսմենների օգնականներին պետք է բացատրի, և ոչ կոնգրեսմեններին: Եվ երկրորդ՝ ես վախենում եմ, թե այս անկարող դեսպանուհին ի՞նչ պետք է ասի այդ կոնգրեսմենների օգնականներին, ի՞նչ պատգամ պետք է փոխանցի. ասելու է, որ այս հարցը որևէ կապ չունի Հայաստանի հետ, որ Արցախը կապ չունի ՀՀ-ի հետ, Արցախի ժողովուրդը պետք է իր հարցը լուծի Բաքվի հե՞տ: Դա՞ է լինելու պատգամը. դա է պատգամը, որը վարչապետը Երևանից է ասում, դեսպանն էլ չի կարող այլ բան ասել»:

Հայաստանում մեկնարկած հանրային գործընթացներին, Արցախի ու արցախահայության ճակատագրով մտահոգ տասնյակ-հազարավոր քաղաքացիների փողոցի պայքարին անդրադառնալով՝ Հարութ Սասունյանը նշեց, որ իշխանափոխության նրանց պահանջը արդար է, և այդ մասին պատերազմից հետո բարձրաձայնել են շատերը:

«Բայց Փաշինյանն ասել է, որ չի պատրաստվում հրաժարվել, ինչը սպասելի էր, որովհետև նախկինում ասել էր՝ մնալու է, որպեսզի ուղղի արված սխալները, բայց դա իր սխալներն են: Մի մարդ, որ սխալ բաներ է անում, ինչպե՞ս կկարողանա ուղղել իր սխալները:

Երբ աշխարհի որևէ երկրում տեղի է ունենում նման ահավոր պարտություն, այդ երկրի ղեկավարը խոստովանում է իր մեղքի բաժինն ու նույն օրը տալիս է հրաժարական, բայց Փաշինյանն այնքան է սիրահարվել իր աթոռին, որ իր աթոռն իր համար ավելի թանկ է, քան հայրենիքի շահերը»,- ամփոփեց սփյուռքահայ գործիչը:

Տեսանյութեր

Լրահոս