ՌԴ-ին ուղղված Բաքվի «պատահական կրակոցները» ճակատագրական հանդիպումներից առաջ՝ ռուսական ուղղաթիռի խոցումից մինչև ռուս խաղաղապահների սպանություն

Այսօր Եվլախում տեղի ունեցած Ադրբեջանի և Արցախի Հանրապետության ներկայացուցիչների հանդիպումից մեկ օր առաջ՝ սեպտեմբերի 20-ին, հայտնի դարձավ, որ Արցախում ռուս խաղաղապահներ են զոհվել: Մասնավորապես, ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն տարածեց, որ դիտակետից վերադարձող խաղաղապահների ավտոմեքենայի վրա են կրակել Արցախի Ջանյաթաղի շրջանում:

Խաղաղապահ զորախմբի անդամների ուղղությամբ արձակված կրակահերթի հետևանքով զոհվել են մեքենայում գտնված բոլոր զինծառայողները։

SeverPost գործակալությանը փոխանցմամբ, զոհվածների թվում է նաև ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարի տեղակալ Իվան Կովգանը:

Սկզբում ադրբեջանական տելեգրամ ալիքները և լրատվամիջոցները փորձում էին ռուս խաղաղապահների սպանության մեջ մեղադրել հայկական կողմին:

Կարդացեք նաև

Սակայն ավելի ուշ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն էր տարածել, որտեղ, բացի ցավակցական խոսքից, նշվում էր, թե կատարվածի հանգամանքները պարզելուն ուղղված աշխատանքներ են տանում Ադրբեջանի և Ռուսաստանի քննչական մարմինները:

Իսկ այսօր տեղի է ունեցել Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի հեռախոսազրույցը։ 

Ըստ Կրեմլի մամուլի ծառայության՝ Ադրբեջանի նախագահը «ներողություն է խնդրել և խորը ցավակցություն հայտնել սեպտեմբերի 20-ին Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողների ողբերգական մահվան կապակցությամբ»։

«Ընդգծվել է, որ կատարվածի առնչությամբ իրականացվելու է չափազանց մանրակրկիտ քննություն, և բոլոր մեղավորները համարժեք պատիժ են կրելու։ Այդ կապակցությամբ երկու երկրների գլխավոր դատախազությունները սերտ կապի մեջ են։ Ադրբեջանի նախագահը նաև պատրաստակամություն է հայտնել ֆինանսական օգնություն ցուցաբերել զոհվածների ընտանիքներին»,– նշված է Կրեմլի հաղորդագրության մեջ:

Այս համատեքստում հարկ է հիշեցնել, որ 2020 թ. նոյեմբերի 9-ին ադրբեջանական զինուժի կողմից նախիջևանյան ուղղությունից Հայաստանի տարածքում խոցվել էր ռուսական Մի-24 ռազմական ուղղաթիռ, ինչի հետևանքով զոհվել էին անձնակազմի երկու անդամ՝ ավագ լեյտենանտ Ռոման Վ. Ֆեդինը և մայոր Յուրի Վ. Իշչյուկը: Իսկ Ադրբեջանի նախագահը նույն խոսքերն էր ասել, ինչ ռուս խաղաղապահների զոհվելու դեպքում:

Պուտինը հայտարարել էր, որ Ալիևից հավաստիացումներ է ստացել առ այն, որ ռուս օդաչուների մահվան դեպքի վերաբերյալ մանրակրկիտ հետաքննություն է իրականացվելու, իսկ մեղավորները պատժվելու են: Բաքուն նաև փոխհատուցում վճարելու պատրաստակամություն էր հայտնել: Ի դեպ, դեպքից որոշ ժամանակ հետո Ադրբեջանը խոստովանելով իր զինված ուժերի կողմից Հայաստանի Հանրապետության օդային սուվերեն տարածքում ՀՀ դաշնակից Ռուսաստանի Դաշնության օդատիեզերական ուժերի ուղղաթիռը խոցելու փաստը, նշել էր՝ «այն պատահականության արդյունք է և ուղղված չէր ռուսական կողմի դեմ»:

2023 թվականի մայիսին ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն իր տարածած հայտարարության մեջ ուշագրավ փաստեր էր ներկայացրել այս առնչությամբ:

«2021 թվականի հունվարի 25-ին հրապարակված հարցազրույցում, չբացելով փակագծերը, նշել եմ, որ «զուտ պաշտպանության ոլորտի թեմաներից բացի, ՌԴ պաշտպանության նախարարի հետ մեր մշտական աշխատանքային կապի շնորհիվ հաջողվել է լուծել մի շարք այլ կարևոր հարցեր»:

Այսօր, հաշվի առնելով Հայաստանի և Արցախի առջև ծառացած մարտահրավերները, դարձյալ չբացելով բոլոր փակագծերը, որոշ մանրամասներ կներկայացնեմ:

2020 թ. նոյեմբերի 9-ի երեկոյան ՀՀ վարչապետի մոտ տեղի ունեցած խորհրդակցության արդյունքում նա որոշում կայացրեց, որ չի ստորագրի եռակողմ հայտարարության նոյեմբերի 9-ի տարբերակը՝ միաժամանակ ինձ, ԱԳՆ-ին և այլ գերատեսչություններին հանձնարարելով միայն իր դիրքորոշումը փոխանցել մեր ռուս գործընկերներին:

Մինչ վերոհիշյալ հանձնարարությունը ստանալը՝ ժամը 18:30-ի սահմաններում, Ադրբեջանը Նախիջևանի տարածքից խոցեց ռուսական ուղղաթիռը, և քանի դեռ պատահարի մասին ամբողջական տեղեկատվությունը հասանելի չէր, ՀՀ վարչապետի ընդունարանից բավական ծանր խոսակցություն ունեցա իմ ռուսաստանցի գործընկերոջ հետ:

Դրանից հետո, երբ պարզ դարձավ, որ ուղղաթիռը խոցվել է Ադրբեջանի կողմից, իմ և իմ ռուսաստանցի գործընկերոջ միջև մոտ 4 ժամվա ընթացքում տեղի ունեցած հեռախոսային խոսակցությունների ժամանակ քննարկել ենք հակամարտության գոտուց հարյուրավոր կիլոմետրեր հեռու գտնվող «անկլավների», խաղաղապահ ուժերի տեղակայման, հրադադարի ուժի մեջ մտնելու պահին հայկական ուժերի` այդ պահի դրությամբ իրենց զբաղեցրած դիրքերում մնալու, Լաչինի միջանցքի լայնության և այլ կարևոր հարցեր»,- մասնավորապես, հայտնել էր Դավիթ Տոնոյանը:

Կարելի՞ է, ենթադրել, որ դեպքից հետո ռուսական կողմը նախ մտածել է, թե հնարավոր է, որ Նիկոլ Փաշինյանը կարող էր գնալ նման սադրանքի, գուցե ինչ-ինչ նպատակներից ելնելով: Հետաքրքիր է, որ դեպքից անմիջապես հետո ռուսական կողմը չի կասկածել, որ իրենց պատկանող ուղղաթիռը կարող էր խոցել Ադրբեջանը կամ Թուրքիան:

Մի բան հստակ է՝ արդեն երկրորդ դեպքն է, երբ թուրք-ադրբեջանական տանդեմը ՌԴ-ի դեմ նման քայլի է դիմում կարևոր ճակատագրական հանդիպումներից և փաստաթղթերի ստորագրումից առաջ: Իսկ դրանց արդյունքները միշտ հօգուտ Ադրբեջանի են լինում…

Տեսանյութեր

Լրահոս