Արարատ Միրզոյանի «կանտորայի» համար ՀՀ ռազմական ուժը չհզորացնելու հստակ պահանջն ընդամենը նկատառում է, իսկ ՀՀ-ն՝ ասես չճանաչված պետություն

Սեպտեմբերի 18-ին Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունում բրիֆինգի են հրավիրվել Ադրբեջանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետները, որին մասնակցել են Ադրբեջանի նախագահի օգնական-Ալիևի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերի բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը, Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը և երկրի փոխարտգործնախարար Ֆարիզ Ռզաևը:

Այս հանդիպմանն ադրբեջանական կողմը հերթական անգամ պնդել է, թե իբր ՀՀ զինված ուժերից ավելի քան 10.000-անոց ուժ է տեղակայված Արցախում, ինչպես նաև՝ «ավելի քան 100 տանկ և այլ զրահատեխնիկա, ավելի քան 200 ծանր հրետանային միջոց, ՌԷՊ պայքարի տասնյակ միջոցներ, ավելի քան 200 ականանետ և այլն»:

Այս համատեքստում ադրբեջանցի պաշտոնյաները նշել են, թե իբր ՀՀ-ն խախտում է իր պարտականությունները և պետական բյուջեից ֆինանսավորում է այդ «զինված խմբավորումներին»՝ ցուցաբերելով նաև տեխնիկական, ռազմական և լոգիստիկ աջակցություն և այլն: Ադրբեջանական կողմը օտարերկրյա դիվանագետների ներկայությամբ իր պնդումը փորձել է «լեգիտիմացնել» 2020 թվականի նոյեմբերի 9-10-ի եռակողմ հայտարարության 4-րդ կետով, թե «Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է հայկական զինված ուժերի դուրսբերմանը զուգահեռ»:

Բնականաբար, հնչել են նաև ականապատման վերաբերյալ մեղադրանքներ, որոնց հիման վրա Ադրբեջանը փորձում է նոր մեղադրանքներ առաջ քաշել՝ «ահաբեկչություն»: Սա առանձին քննարկման թեմա է:Իսկ Ադրբեջանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետների հետ բրիֆինգին Ադրբեջանի պաշտոնյաները պահանջներ են ներկայացրել նաև Հայաստանի Հանրապետության զինված ուժերի առնչությամբ, թե «Հայաստանը պետք է դադարեցնի ռազմական ուժի կամ հզորության զարգացումը, զերծ մնալ ռեվանշիստական պլաններից, չխախտել և չվիճարկել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը» և այլն:

Կարդացեք նաև

Ինչ արեց Հայաստանի Հանրապետության իշխանությունը: Մեկ օր հետո՝ սեպտեմբերի 19-ին, Արարատ Միրզոյանի «կանտորան»՝ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը, Ադրբեջանի արտաքին գերատեսչությունում հնչած բոլոր պնդումներին և մեղադրանքներին արձագանքեց հերթական անատամ հայտարարությամբ:

Առաջին, «Լեռնային Ղարաբաղում ՀՀ զինված ուժերից ավելի քան 10.000-անոց ուժի ներկայության մասին» ադրբեջանական մեղադրանքին ՀՀ արտաքին գործերի նախարարությունը պատասխանել է հետևյալ կերպ. «Ինչ վերաբերում է ԼՂ-ում ՀՀ բանակի առկայության վերաբերյալ ադրբեջանական պնդումներին, կրկին ընդգծում ենք, որ Հայաստանի Հանրապետությունը Լեռնային Ղարաբաղում բանակ չունի»:

Այս վտանգավոր թեզն առաջ քաշեց Նիկոլ Փաշինյանը՝ հիմք ստեղծելով, որ Ադրբեջանը հետագայում մեղադրանքներ ներկայացնի ՀՀ-ի նկատմամբ, երբ Արցախում ՀՀ ԶՈՒ-ն որևէ ստորաբաժանում չի ունեցել: Ի դեպ, այդ Ադրբեջանի կողմից 10.000-անոց ուժ ասվածը, ըստ էության, դարձյալ Նիկոլ Փաշինյանի ռազմական գաղտնիքի բացահայտման հետևանք է:

Հիշեցնենք, որ 2020-ի հոկտեմբերի 5-ին Նիկոլ Փաշինյանը դիմել էր վերջին մեկ տարում զորացրվածներին և խնդրել ներկայանալ Կենտրոնական հավաքակայան: Նա նշել էր, որ «վերջին մեկ տարում զորացրված մոտավորապես 10 000 երիտասարդ կա Հայաաստանում, ու եթե անգամ դրա կեսն էլ զինվորագրվի, ապա ռազմական ռեսուրսը զգալի կավելանա»:

Երկրորդ, Ադրբեջանը հիշատակում է 2020 թվականի նոյեմբերի 9-10-ի եռակողմ հայտարարության 4-րդ կետով, թե «Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է հայկական զինված ուժերի դուրսբերմանը զուգահեռ»:

168.amն անդրադարձել էր, որ հայկական ուժեր ասվածը ենթադրում է ՊԲ-ն, և ոչ թե՝ ՀՀ զինված ուժեր: Այսինքն, սա ենթադրում է ՊԲ կազմաքանդում, որ տակ ստորագրել է Նիկոլ Փաշինյանը, և որին համաձայնել է Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը: Եվ Ադրբեջանն այսօր օգտվում է նոյեմբերի 9-ի հրադադարի հայտարարության մեջ Փաշինյանի համաձայնությամբ տեղ գտած հակահայ ձևակերպումներից, որին զուգահեռ՝ ոչինչ չկա նշված Արցախի ինքնապաշտպանության իրավունքի մասին, առնվազն նախքան կարգավիճակի վերաբերյալ հստակ որոշումը, որի մասին հայտարարությունում որևէ տող չկա:

Եվ ինչ էլ ասեն ՀՀ իշխանությունները, փաստ է՝ նրանք ոչ միայն միջազգային հանրությանն ընկալելի չեն դարձրել Արցախի ինքնապաշտպանության իրավունքը, այլև լռում են, որ թուրքական զինվորականությունը, այսպես ասած, ընդգրկված են եղել և կան Ադրբեջանի զինված ուժերում, երբ թուրք գեներալը, որը 44-օրյա պատերազմի ժամանակ ղեկավարում էր Ադրբեջանի ԳՇ-ն, Ադրբեջանի ՊՆ խորհրդական է նշանակվում, որ Աղդամում ռուս-թուրքական մոնիտորինգի կենտրոնը բոլորովին այլ նպատակի է ծառայում:

Բայց Ադրբեջանի դեպքում այս և շատ այլ բաներ դիտարկվում են պաշտպանական բարեփոխումների տրամաբանության մեջ, իսկ Արցախի դեպքում, որտեղ ՀՀ-ից ոչ մի զինվոր չի զորակոչվում, չկան ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներ, ադրրբեջանական կողմը շարունակում է պնդել հակառակը, որովհետև Ադրբեջանի շահերից գործող Փաշինյանը միտումնավոր կամ դիվանագիտական ճկունությանը չտիրապետելու արդյունքում համաձայնել է «հայկական զինված ուժերի դուրսբերմանը զուգահեռ» ձևակերպման հետ, որն ամրագրված է եռակողմ հայտարարության մեջ:

Արդյո՞ք փաստաթուղթը ստորագրելուց առաջ Նիկոլ Փաշինյանը խորհրդակցել է ռազմական ղեկավարության և դիվանագիտական կորպուսի հետ: Բաց աղբյուրներում այս հանգամանքի մասին որևէ տեղեկություն չկա: Սա Ադրբեջանին հնարավորություն է տվել իրականացնել «հակաահաբեկչական գործողություններ»՝ թիրախավորելով ՊԲ ստորաբաժանումները և ռազմական օբյեկտները:

Ի դեպ, հուլիսի 25-ին հրավիրված ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանին հարց էր ուղղվել՝ Ադրբեջանում պաշտոնական և փորձագիտական մակարդակում շատ է խոսվում Արցախի ուղղությամբ հնարավոր ռազմական գործողությունների, Արցախում «հայկական զինված խմբավորումները չեզոքացնելու մասին»՝ նկատի ունենալով Պաշտպանության բանակը, պատրա՞ստ են ՀՀ զինված ուժերը հնարավոր պատերազմի դեպքում պաշտպանել մեր հայրենակիցների անվտանգությունը:

Փաշինյանն այս դիտարկում-հարցադրումներին ի պատասխան՝ նշել էր, որ Հայաստանի Հանրապետության խնդիրը ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանելն է, և մնալու են այս տրամաբանության մեջ։

«Լեռնային Ղարաբաղի անվտանգությունն ապահովելու համար կա Պաշտպանության բանակ։ Բայց ես կարծում եմ, որ ԼՂ անվտանգությունն ապահովելու համար դիվանագիտական ճանապարհներ պետք է օգտագործվեն»,- ընդգծել էր Փաշինյանը:

Լրագրողի ճշտող հարցին՝ կարո՞ղ ենք ենթադրել, որ ՀՀ զինված ուժերը չեն միջամտելու Արցախի դեմ հնարավոր հարձակման դեպքում, Փաշինյանն արձագանքել էր. «ՀՀ Զինված ուժերի գործառույթը ՀՀ սահմանադրությամբ Հայաստանի տարածքային ամբողջականությունը և անվտանգությունն ապահովելն է»։ Այսինքն, Արցախում հնարավոր պատերազմի ժամանակ ՀՀ ԶՈՒ-ն չի պատրաստվում օգնել:

Երրորդ, Իսկ Ադրբեջանը բրիֆինգի ժամանակ պահանջել է, որ ՀՀ-ն չզարգացնի նաև սեփական բանակը, ինչն առաջին դեպքը չէ: Մասնավորապես, 2023թ. հունվարին ադրբեջանական լրատվամիջոցների հետ հանդիպման ընթացքում ասել էր, թե գիտեն այն երկրները, որոնք պատրաստվում են Հայաստանին զենք մատակարարել:

«Նման փորձեր կան։ Մենք տեսնում ենք, թե որ երկրներն են պատրաստվում զենք մատակարարել Հայաստանին։ Ցավոք, նրանց թվում է Հնդկաստանը, և մենք դա գնահատում ենք՝ որպես ոչ բարեկամական քայլ, քանի որ այդ հարձակողական զինատեսակների թիրախը միայն Ադրբեջանն է։ Ուստի մենք ձեռնարկում ենք անհրաժեշտ միջոցներ և չենք կարող թույլ տալ, որ Հայաստանը վտանգ ներկայացնի մեզ համար»,- շեշտել էր Ալիևը:

Այս տարվա մայիսի 19-ին Իլհամ Ալիևն Ադրբեջանում Հնդկաստանի նորանշանակ դեսպան Շրիդհարան Մադհուսուդհանանի հետ հանդիպման ժամանակ էլ հայտարարել էր. 

«Եթե Հայաստանն իսկապես խաղաղություն է ցանկանում Ադրբեջանի հետ, ապա ինչո՞ւ է հարյուր-միլիոնավոր դոլարների զենք գնում»:

Հավելենք, որ Ադրբեջանի նախագահը կտրուկ էր անդրադարձել նաև ժամանակին Հայաստանին զինելու մասին ՌԴ-ից հնչած պաշտոնական հայտարարությանը: Նա «անտրամաբանական» էր որակել ՌԴ-ի` Հայաստանին զենք մատակարարելու հայտարարությունները՝ հայտնելով որոշակի անհանգստություն:

«Մենք ակնկալում ենք, որ Ռուսաստանը չի զինի Հայաստանին: Մենք այդ հարցը հասցրել ենք ռուսական կողմին: Դա մեզ անհանգստացնում է»,- 2021 թվականի օգոստոսին ասել էր Ադրբեջանի ղեկավարը CNN Turk-ին տված հարցազրույցում՝ շեշտելով, որ պատերազմն ավարտվել է:

Նշենք, որ 2021-ի օգոստոսի 10-ին այդ ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը մեկնել էր Ռուսաստան՝ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հրավերով, այցի ավարտին Շոյգուն Կարապետյանին դաշույն էր նվիրել և խորհրդանշական նվերը հանձնելիս՝ ասել էր. «Կարող ենք համարել, որ Հայաստանին սպառազինություն մատակարարելու գործընթացը մեկնարկած է»:

Բայց ինքը՝ Ադրբեջանը, շարունակում է թուրքական մոդելի բանակի «շինարարությունը» և ժամանակակից սպառազինությամբ սեփական բանակի լայն թափով զինման գործընթացը: Բայց այս մասին, չգիտես ինչու, ՀՀ արտաքին գործերի նախարարությունը մոռացել է իր պատասխան հայտարարության մեջ: Ավելին, ՀՀ զինված ուժերին վերաբերող ադրբեջանական մեղադրանքին պատասխանել է այնպես, ասես ՀՀ-ն չճանաչված պետություն է:

«Ադրբեջանի նկատառումները Հայաստանի ռազմական կարողությունների զարգացման մասին նույնպես անհասկանալի են: Հայաստանի Հանրապետությունը բազմիցս հայտարարել է, որ հարևանների նկատմամբ ագրեսիվ գործողություններ ձեռնարկելու որևէ մտադրություն չունի, իսկ ռազմական ոլորտի բարեփոխումները սեփական տարածքային անվտանգությունն ապահովելու նպատակ ունեն»,- նշված է ԱԳՆ հայտարարության մեջ։ 

Ի դեպ, Արարատ Միրզոյանի «կանտորան», որի համար Ադրբեջանի հստակ պահանջն ընդամենը նկատառում է, լավ կանի օգտվի Ադրբեջանի ԱԳՆ բնօրինակ հայտարարությունից, որտեղ ոչ թե լղոզված խոսվում է ՀՀ ԶՈՒ բարեփոխումների մասին, այլ հստակ պահանջ է դրվում՝ դադարել զարգացնել ռազմական հզորությունը:

Այս իրավիճակում ՀՀ-ի ԱԳՆ-ն առաջ է քաշել նաև Հայաստան-Ադրբեջան պետական սահմանից զորքերի հայելային ետքաշման վտանգավոր առաջարկը, ինչի մասին բազմիցս խոսել ենք։

Այսինքն, Փաշինյանը ցանկանում է հասնել ՀՀ ռազմական և ռազմավարական դիրքերի ամբողջական կորստին՝ Նախիջևանից մինչև Տավուշ: Այլ կերպ՝ թուրք-ադրբեջանական պահանջով Փաշինյանը ՀՀ զինված ուժերի կազմաքանդումն է վերջնագծին հասցնելու, երբ ՊԲ-ի հետ հարցերը վերջնական լուծված կլինեն:

Տեսանյութեր

Լրահոս