Փաշինյանը ցանկանում է հասնել ՀՀ ռազմական և ռազմավարական դիրքերի ամբողջական կորստին՝ Նախիջևանից մինչև Տավուշ

Նիկոլ Փաշինյանը, POLITICO Europe պարբերականին տված և երեկ հեռարձակված հարցազրույցում հարցին՝ «հաղորդումներ կան, որ առկա են բավական մեծ ադրբեջանական կուտակումներ Հայաստանի հետ սահմանի երկայնքով և Լեռնային Ղարաբաղի շուրջ, որքանո՞վ է նոր կոնֆլիկտը հավանական», պատասխանել է.

«Քանի որ Ադրբեջանը սկսել է զորքերի կուտակում Հայաստանի սահմանի երկայնքով, Հայաստանի Հանրապետությունը նույնպես պետք է որոշակի միջոցներ ձեռնարկի պաշտպանական նպատակներով: Բայց կարծում եմ, որ Հայաստանում Եվրամիության քաղաքացիական առաքելությունը, որը սահմանագծի երկայնքով դիտարկման առաքելություն է իրականացնում, կարող է արձանագրել, որ Հայաստանի Հանրապետությունն ամենևին էլ էսկալացիայի մտադրություն չունի, և Ադրբեջանն է, որ սկսել է իր կենտրոնական զորքերի դուրսբերումը դեպի Հայաստանի հետ սահման և Լեռնային Ղարաբաղի շփման գծի ողջ երկայնքով: Նման իրավիճակում, ցավոք, հնարավոր չէ բացառել էսկալացիայի սցենարը, և դրա տարբերակը դուրսբերված զորքերը մշտական տեղակայման վայրեր ետ տանելն է, և Հայաստանը պատրաստ է նման քայլի»:

Այսինքն, Փաշինյանն ակնարկում է, որ ՀՀ զինված ուժերը ևս այս օրերին պաշտպանական միջոցներից ելնելով՝ հավելյալ զո՞րք է տարել առաջնագիծ: Այլապես ինչպե՞ս հասկանալ սա, երբ հայկական զինուժը մնացել է իր դիրքերում, առաջխաղացում չի ձեռնարկել, իսկ առնվազն 2021 թվականից սկսած Ադրբեջանը ամրացել և դիրքեր է դրել ՀՀ ինքնիշխան տարածքներում:

Ի դեպ, մոտ մեկ շաբաթ առաջ Reuters-ին տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը պնդել էր, թե իբր «Ադրբեջանի զինված ուժերը պլանային վարժանքներ են անցկացնում աշուն-ձմեռ սեզոնին նախապատրաստվելու համար, իսկ Հայաստանը զորք է կուտակում սահմանին»:

Կարդացեք նաև

Նման մեղադրանքներ Հայաստանի հասցեին դրանից առաջ տարածել էր նաև Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունը:

ՀՀ պաշտպանության նախարարությունը, մասնավորապես, սեպտեմբերի 1-ին հայտարարություն էր տարածել, որտեղ նշվում է.

«Ադրբեջանական քարոզչամեքենան ստահոդ տեղեկություններ է տարածում այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ-ն մեծ քանակությամբ զենք, ռազմական տեխնիկա և անձնակազմ է կենտրոնացնում Սոթքի հատվածում:
Նման կեղծ տեղեկությունների շրջանառմամբ ադրբեջանական կողմը տեղեկատվական հիմք է ստեղծում Սոթքի ուղղությամբ այսօր առավոտյան սկսած հերթական սադրանքը շարունակելու նպատակով»:
Փոխարենը ՀՀ պաշտպանական գերատեսչությունը հրապարակել էր տեսանյութ, որտեղ հստակ երևում է՝ ինչպես է Ադրբեջանի ԶՈՒ-ն լրացուցիչ միջոցներ կենտրոնացնում Սոթքի ուղղությամբ:

Իսկ այն, որ Ադրբեջանը զորք և խոշոր տրամաչափի զինտեխնիկա է կուտակում ինչպես ՀՀ հետ պետական սահմանի, այնպես էլ ԼՂ հետ շփման գծի երկայնքով՝ ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտու մերձակայքում, սեպտեմբերի 13-ին հայտարարել էր նաև ՀՀ արտաքին գործերի նախարարությունը:

Արարատ Միրզոյանի ղեկավարած նախարարությունը, իհարկե, հիշել էր, որ Ադրբեջանի կողմից ավելի քան 150 քկմ տարածք ունենք օկուպացված: Բայց դա չէր խանգարել հերթական անգամ հաստատել Նիկոլ Փաշինյանի՝ ՀՀ-ի համար արած վտանգավոր առաջարկն Ադրբեջանին՝ «իրականացնել զորքերի հայելային հետքաշում Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական սահմանից՝ հիմք ընդունելով 1975թ. ԽՍՀՄ ԳՇ քարտեզները»:

Հիշեցնենք, որ մայիսի 15-ին հրավիրված ասուլիսում Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինն առաջ էր քաշել սահմանազատմամբ զորքերը հանելու հարցը:

«Մեկ-երկու կետ կա, որտեղ ՀՀ զորքերն են սահմանային տարածքներում, շատ հստակ սահմանազատում պետք է լինի, դա է եղել ձևակերպումը Բրյուսելում հստակ օգտագործված, ես պարզապես կրկնում եմ»,- ՀՀ-ի վերաբերյալ ընդգծել էր դեսպանը:

Վիկտորինի հայտարարությունից ոչ այնքան առաջ Պրահայում «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանն էր խոսել Տավուշի հատվածում զորքերի հետքաշման մասին՝ կապելով այն սահմանազատման և խաղաղության պայմանագրի հետ:

«Հիմա ենթադրենք՝ Ադրբեջանի կամ Հայաստանի զորքը կանգնած է այս գծի վրա, և պետք է այդ գծից հետ քաշվի, էդ սկզբունքորեն համաձայն ենք, բայց պիտի հետ քաշվի, գնա որտե՞ղ կանգնի, էդ կանգնելու տեղը, էդ գիծը ո՞նց է որոշվում:

Նշանակում է՝ այդտեղ կա սահման, եթե կա սահման, ուրեմն եկեք վերցնենք էդ սահմանը, և ադրբեջանական զորք սահմանի գծից էս կողմ պետք է չլինի, հայկական զորք սահմանի գծից էն կողմ չպետք է լինի»,- նշել էր Փաշինյանն «Ազատության» հետ զրույցում:

2021 թվականի մայիսի 20-ին էլ ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե կան Սովետական Ադրբեջանին պատկանած տարածքներ, որոնք գտնվում են ՀՀ զինված ուժերի վերահսկողության տակ:

«Ես ձեզ ավելին ասեմ՝ դեռևս 90-ականներից կան Ադրբեջանի ԶՈւ մարտական դիրքեր, որոնք գտնվում են Սովետական Հայաստանի տարածքում: Եվ նախորդ անգամ պաշտպանության նախարարն էլ ասաց՝ հակառակ իրավիճակն էլ ունենք: Եվ մենք հիմա պետք է ի վերջո խոսենք, հասկանանք՝ ինչ ենք անում: Կան ամենատարբեր տարբերակներ, օրինակ՝ եղած իրավիճակն արձանագրում ենք՝ որպես պետական սահման, չգիտեմ»,- ասել էր Փաշինյանը:

Թե ինչ ռիսկեր է պարունակում Տավուշի հատվածից հայկական զորքերի հետքաշումը, մեկ անգամ չէ, որ զգուշացրել ենք։

Իսկ ՀՀ 3-րդ բանակային կորպուսի ենթակայության տակ գտնվող դիրքերն ու տարածքներն այսօր համարվում են բավականին ամուր՝ շնորհիվ 3-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար գեներալ Գրիգորի Խաչատուրովի, որին իշխանությունները «կարված» և «ժամկետանց» գործով, մոտ 6 ամիս է, պահում են անազատության մեջ։

Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը զորքերի հետքաշման առաջարկ էր արել նաև Երասխի հատվածում: Այս առաջարկի վտանգավորությանը ևս բազմիցս անդրադարձել ենք հոդվածների և հարցազրույցների միջոցով:

Մասնավորապես, վերջերս 168.am-ի հետ զրույցում «Հենակետ» վերլուծական կենտրոնի փորձագետ Շիրազ Խաչատրյանն ասել էր.

«Ի տարբերություն ՀՀ արևելյան և հարավարևելյան սահմանագծի հատվածների, որտեղ ադրբեջանական կողմը 2021 և 2022թթ. էսկալացիաների ընթացքում գրավել և զբաղեցրել է գրեթե բոլոր ռազմավարական կարևոր բարձունքները, նախիջևանյան սահմանային հատվածներում հայկական կողմն ունի բազմաթիվ դիրքեր, որոնք ռազմավարական առումով առավելություն ունեն թշնամու դիրքերի նկատմամբ։ Եվ Փաշինյանի հայելային հետքաշման առաջարկն ինձ համար աբսուրդային է, չեմ պատկերացնում, ոնց են զորքերի հայելային հետքաշում իրականացնելու, օրինակ, հենց Երասխի հատվածում, Սյունիքի բազմաթիվ բնակավայրերի մասին էլ չեմ խոսում։ Այսինքն, զորքերը պետք է հետ քաշեն բոլոր այն ռազմավարական կարևոր կետերից, որտեղ մենք գերակայություն ունենք թշնամու նկատմամբ»:

Այս համատեքստում հավելենք, որ ադրբեջանական կողմը երկար ժամանակ թիրախավորում էր Երասխում կառուցվող հայ-ամերիկյան մետալուրգիական գործարանը: Օգոստոսի 28-ին GTB Steel LLC ընկերությունը հայտարարություն էր տարածել՝ նշելով.

«Օգոստոսի 25-27-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական զինված ուժերը բարձր ինտենսիվությամբ աննախադեպ քանակի կրակոցներ են արձակել Երասխում կառուցվող գործարանի ուղղությամբ՝ թիրախավորելով նաև բանվորների կացարանը: Կատարվել է ավելի քան 60 կրակոց»:

Որտեղից ընկերությանը կրակոցների թվի մասին տեղեկությունը, երբ ՊՆ-ն նման մանրամասնություն չի հայտնել, և հնարավոր է՝ կրակոցների թիվն այդքան չլինի: Ինչևէ, սրանից հետո մամուլում սկսեցին լուրեր շրջանառվել գործարանի վայրի փոփոխության մասին: Այս թեման երեկվանից ակտիվացավ, երբ Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելություն նախ Երասխի գործարանի վայրի տեղափոխման վերաբերյալ X-ում (նախկին թվիթեր) գրառում արեց, թե «ԵՄ դիտորդական առաքելությունն իր ներկայությամբ նպաստում է նյութերի և սարքավորումների անվտանգ տեղափոխմանը նոր վայր»:

Այնուհետև հեռացրեց գրառման այդ հատվածը՝ խմբագրելով ասելիքը. «ԵՄ դիտորդական առաքելությունը պարբերաբար պարեկություն է իրականացնում Երասխի հատվածում՝ ներառյալ մետաղաձուլական գործարանը՝ դիտարկելու համար անվտանգային և ռազմական ցանկացած զարգացում, մեր ներկայությամբ մենք նպաստել ենք ավելի անվտանգ և ապահով միջավայրի ձևավորմանը»:

Ավելի ուշ հարցուպատասխանի տարբերակով GTB հոլդինգն է արձագանքել Երասխի գործարանի տեղափոխման մասին լուրերին:

«Ոչ մի բան չի տեղափոխվել, չի կասեցվել և չի դադարեցվել։ Երասխն անպայման ունենալու է իր շարունակությունը։ Ինչպես ծրագրված ու նախատեսված էր՝ այն արտադրական պրոցեսի ընդամենը փուլերից մեկն է։ Թե ո՞ր փուլը, թույլ տվեք այս պահին չմանրամասնել։ Ամեն ինչ կտեղեկացվի ժամանակին»,- նշել են ընկերությունից:

Sputnik Արմենիայի թղթակիցը, սակայն, եղել է Երասխի տարածքում և համոզվել, որ շինարարությունը սառեցված է։ Գործարանի կառուցման վայրում աշխատակիցներից միայն պահակն է եղել։ Եվ փաստացի գործարանն այժմ կառուցվում է Արարատ քաղաքին հարող տարածքում։

Թե ինչ զարգացումներ կլինեն դեռ գործարանի շուրջ, ժամամակը ցույց կտա: Բայց փաստ է, որ Փաշինյանի առաջարկով հերթական անգամ կանգնած ենք ռազմավարական առումով թշնամու նկատմամբ առավելություն ունեցող հայկական դիրքերը և կետերը կորցնելու վտանգի առաջ, ինչի նախադեպն ունեցել ենք Սյունիքում, երբ 2020 թվականի նոյեմբերի 9-10-ի եռակողմ հայտարարությունը ստորագրելուց մոտ մեկ ամիս հետո Փաշինյանը հրամայել էր հայկական զորքերը միակողմանի հետ քաշել Սյունիքից:

Այսինքն, ՀՀ ղեկավարը շարունակում է թուլացնել ՀՀ ԶՈՒ ռազմական և ռազմավարական դիրքերը, իսկ ադրբեջանական կողմը շարունակում պնդել՝ իր սահմանն այնտեղ է, որտեղ կանգնած է իր զինվորը:

Տեսանյութեր

Լրահոս