ԿԸՀ դիրքորոշմամբ՝ բացահայտ այս ուղղորդումը քարոզչություն ընկալվել չի կարող. hraparak.am
168.am-ը քիչ առաջ տեղեկացրել էր, որ Նոր Նորքի թիվ 2\24 ընտրատեղամասում բացահայտ քարոզչություն և ուղղորդում է իրականացվում ՔՊ-ի թեկնածուի օգտին։ Հանձնաժողովի անդամը տեղամասում քվեաթերթիկների սեղանի վրա փակցրել է «քվեաթեթիկ 2» գրությամբ թուղթն ու ընտրություն էր անցկացնում։
Հիշեցնենք, որ 2-րդ համարի քվեաթերթիկը ՔՊ-ի քվեաթերթիկն է։
hraparak.am-ը ԿԸՀ-ից խնդրել է պարզաբանել, թե ինչպե՞ս է այդպես ստացվել, որ ՔՊ-ի քվեաթերթիկի համարը գրվել է հանձնաժողովի անդամի դիմաց։ ԿԸՀ-ից պատասխանել են, որ առավոտյան, երբ աշխատանքները բաշխելիս են եղել, ցուցակներն ու քվեաթերթիկի ստացման կետերը բաժանել են 2 մասի, այսինքն՝ բացի «Քվեաթերթիկ 2-ից» կա նաև սեղան «Քվեաթերթիկ 1», «ցուցակ 1» և «ցուցակ 2» պայմանական անվանումներով, և դա քարոզչության համար չի արվել։
Դիտարկմանը, որ քվեարկողի վրա դա կարող է քարոզչական ազդեցություն ունենալ, երբ նա ստանում է քվեաթերթիկն ու տեսնում, որ գրված է «քվեաթերթիկ 2», ԿԸՀ-ից պատասխանել են, որ իրենց դիրքորոշմամբ դա քարոզչություն ընկալվել չի կարող։
Հիշեցնենք, որ ԿԸՀ նախագահը Վահագն Հովակիմյանն է, ով մինչ ԿԸՀ նախագահ դառնալը ՔՊ անդամ էր և երկար տարիներ եղել է Նիկոլ Փաշինյանի ընտանեկան թերթի լրագրողներից։