«Դա հիմար թեզ է. Նիկոլը փորձում է աբսուրդի հասցնել Արցախի հարցը». Անժելա Էլիբեգովա

«Երբ Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի իշխանությունները միահամուռ ինչ-որ բան մերժում կամ քննադատում են, ուրեմն՝ մեզ համար ճիշտ բան է, ինչպես ցույց է տալիս պրակտիկան: Արցախում երեք տարի շարունակ տարածվում էր քարոզչական թեզ, թե Արայիկ Հարությունյանի գնալուց հետո ամեն ինչ փլվելու է, ոչնչանալու է, և որևէ պարագայում չի կարելի նրա տակից այդ աթոռը շարժել: Ինչպես տեսանք, դա բացարձակ այդպես չէր. Արցախում կա նոր նախագահ՝ անկախ նրանից, որ ՀՀ իշխանությունը հարկ չի համարում նրան շնորհավորել»,- 168TV«Ռեվյու»  հաղորդման ընթացքում ասաց Ադրբեջանի հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովան՝ զերծ մնալով այս պահին նշել, թե ինչպիսի նախագահ կլինի Սամվել Շահրամանյանը:

«Արայիկը սարսափելի ժառանգություն է այդ մարդուն թողել: Պետք է հասկանալ, որ միջազգային կառույցները նախկինում էլ Արցախում անցկացված ընտրությունները չէին ճանաչում: Այստեղ խնդիրն այն է, որ չճանաչելով հանդերձ՝ պատրա՞ստ են իրենք Ստեփանակերտի հետ աշխատել, ընդունել, որ Արցախը՝ որպես սուբյեկտ, ունի իր պառլամենտը, իր ղեկավարներին, որոնց հետ պետք է հաշվի նստել: Առանց ճանաչելու էլ տարիներ շարունակ ՄԽ համանախագահները գալիս էին Ստեփանակերտ, հանդիպում էին նախագահների, արտգործնախարարների հետ, լսում նրանց դիրքորոշումը, ներառում բանակցային գործընթացի մեջ: Եթե պրոցեսն այդպես շարունակվի և որպես սուբյեկտ՝ ԼՂՀ-ն շարունակի մնալ բանակցային գործընթացում, շատ լավ, բայց Հայաստանի իշխանությունը կարծես թե անում է ամեն ինչ, որ դա տեղի չունենա: Երբ ՀՀ իշխանությունը ճանաչում է Արցախն Ադրբեջանի կազմում, հետո պահանջել ուրիշ երկրներից ինչ-որ բան, շատ դժվարությամբ կարող ենք: Մեզ հենց այդպես էլ պատասխանում են, ասում են՝ սկզբից ստիպեք, թող ձեր իշխանությունը ձեզ հետ անկեղծ լինի և պատմի իր պայմանավորվածությունների մասին: Մեզ անընդհատ միջազգային հանրությունն ասում է՝ սկզբում ներսում ձեր հարցերը լուծեք, սկզբում ներսում ձեր իշխանությանը պատասխանատվության կանչեք, նոր մենք ձեր հարցերին լիարժեք կպատասխանենք: Եթե Հայաստանի իշխանությունն ասում է՝ Արցախը Ադրբեջան է, շատ դժվար է դրանից հետո դրսում ինչ-որ մեկից պահանջել ավելի կաթոլիկ լինել, քան Հռոմի պապը»,- ընդգծեց նա:

Ինչ վերաբերում է Հայաստանի իշխանությունների քարոզչությանը, թե՝ սա մի արեք, նա մի արեք, որ պատերազմ չլինի, Անժելա Էլիբեգովան հետևյալն ասաց. «Պատերազմ չլինելու համար պետք է կոնկրետ պատրաստվել պատերազմին, ոչ թե սեփական իշխանությունն ամեն գնով պահելուն, հետո ասել՝ բայց մենք ի՞նչ կարող էինք անել: Պատերազմին պատրաստվելու փոխարեն՝ զբաղվել ամեն ինչով, հետո ասել՝ դե, մենք ոչինչ չկարողացանք անել: Պարզ է, որ պատերազմի համար պատասխանատուն երկրի ղեկավարությունն է, կոնկրետ պաշտոնյաներ, որոնք պատասխանատու են պատրաստվել պատերազմի: Եթե իրենք փորձեն խուսափել պատերազմից, ապա իրենց արած գործողությունների 90 տոկոսը չէին անի»:

Կարդացեք նաև

Նա բացարձակ հիմար թեզ է համարում Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, թե Արցախում ստեղծված իրավիճակը հումանիտար խնդիր է, և պետք չէ այն քաղաքականացնել:

«Դա ոտքից գլուխ քաղաքական հարց է: Եթե Արցախի շրջափակումը և հումանիտար ճգնաժամը, մարդկանց անվտանգությունը և կարգավիճակը քաղաքական չեն, ապա ինչի՞ մասին են այդ բանակցությունները: Դա բացարձակ հիմար թեզ է: Իհարկե, խնդիրը քաղաքական է, աշխարհաքաղաքական է, դիվանագիտական է, ռազմական է, սոցիալական է, հումանիտար է, տեղ-տեղ կրոնական է, այսինքն՝ դա բազմաշերտ խնդիր է, և կանգնել ասել, որ դա բացարձակ հումանիտար հարց է, ոչ, դա այդպես չէ: Նման հայտարարություն անելը շատ հարմար է, երբ դու մեծ, գլոբալ քաղաքական հարցը հասցնում ես ուտելիքի մակարդակի հարցի և լուծելով այդ հումանիտար հարցը՝ փակում ես այն քո և միջազգային հանրության համար, ասում ես՝ խնդիրը միայն հումանիտար է, այդ մարդկանց ուտելիք տվեք, թեման փակվի:

Բայց այդ մարդիկ իրենց իրավունքների համար են պայքարում, ինքնորոշման իրավունքի, անվտանգության համար են պայքարում: Այդ մարդկանց խնդիրը մի փոր հաց ուտելը չէ, իրենք 9 ամիս դրա համար չեն պայքարում, որ սոված չմնան, այդ մարդկանց խնդիրը շատ ավելի լուրջ է: Իրենք ուզում են իրենց ինքնորոշման իրավունքը հարգվի, իրենց սեփական հողում ապրելու իրավունքը հարգվի, դա շատ ավելի խորը խնդիր է, քան սնունդը: Իսկ Նիկոլը, իհարկե, փորձում է պրիմիտիվացնել, աբսուրդի հասցնել խնդիրը և ասել, թե դա ընդամենը հումանիտար հարց է»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս