Միացում՝ հանուն փրկության
Արցախում կատարվող ողբերգությունը Հայաստանում գիտակցվում է ոչ ամբողջապես կամ գոնե ոչ բոլորի կողմից։ Խոսքը միայն իշխանության մասին չէ, որն ամբողջությամբ Արցախը հանձնել է Ադրբեջանին և հիմա զբաղված է դրա փաթեթավորմամբ։ Խոսքը նաև միայն ընդդիմության մասին չէ, որը թեև փորձեր է անում հանուն Արցախի պայքարի համար, բայց դեռևս շոշափելի հաջողության չի հասնում։ Խոսքն ավելի լայն համատեքստում հասարակության մասին է՝ իր բոլոր շերտերով, իշխանականներով ու ընդդիմադիրներով, չեզոքներով ու անտարբերներով, մտահոգներով ու անդարդներով։
Լայն իմաստով, իշխանությունը և ընդդիմությունը հանրային կյանքի արտապատկերն են, և եթե հիմա ունենք Հայաստանի ինքնիշխանության և անվտանգության հենասյուն Արցախը հանձնող իշխանություն ու Արցախը փրկելուն ուղղված քայլեր անող, բայց դեռևս չհաջողող ընդդիմություն, նշանակում է որպես հասարակություն, որպես քաղաքականության սուբյեկտ՝ թեկուզ և հաշտ չլինելով, հանդուժում ենք իրականությունը, որից Արցախը դուրս է մղվում ամեն օրվա հետ։ Մենք անհատապես ու հավաքականորեն Արցախը, արցախահայերին չենք նույնացնում մեզ հետ, չիդենտիֆիկացնելով՝ չենք ապրումակցում նրանց, կամ մեր էմպաթիան թույլ է ու ոչ գործնական։ Այդ ամենի արդյունքում՝ մենք օտարել ենք Արցախը մեզանից առաջին հերթին մտավոր ու հոգեբանական հարթություններում, ինչի քաղաքական ձևակերպումներն արտահայտվում են արդեն իշխանության ու ընդդիմության գործողություններով։
44-օրյա պատերազմից հետո փաշինյանական իշխանությունը՝ վերարտադրվելուց առաջ, խոստանում էր Արցախի ինքնորոշմանը հասնել «անջատում՝ հանուն փրկության» սկզբունքի կիրառմամբ։ Երկու տարվա ընթացքում իշխանությունն իրագործեց այդ խոստումը՝ Արցախն անջատվեց Հայաստանից՝ սկզբում քաղաքականապես ու հանրային հոգեբանության մեջ, հետո արդեն նաև ֆիզիկապես՝ ադրբեջանցի բնապահպանների, ապա ուժայինների միջոցով ճանապարհի փակմամբ։
Հաշվի առնելով իշխանությունների ցինիզմը, ամենևին բացառելի չէ, որ հաջորդ ընտրություններից առաջ Նիկոլ Փաշինյանը կարող է հայտարարել, որ ամբողջությամբ կատարել է խոստումը և Արցախի համար կյանքի է կոչել «անջատում՝ հանուն փրկության» սկզբունքը, քանի որ 2021 թվականին չէր կոնկրետացրել, թե ումից է անջատելու Արցախը։
Այս սարսափելի իրականությունը փոխելու համար, իհարկե, անհրաժեշտ են բեկումնային քաղաքական քայլեր։ Բայց որքան էլ քաղաքական լուծումները կարևոր են, դրանից առաջ մենք՝ որպես հասարակություն, որպես Հայաստանի կողմից վարվող քաղաքականության պատվիրատու, պետք է կարողանանք գտնել Արցախը հայկական իրականություն, Արցախը հայ հասարակության մտքեր ու հոգիներ վերադարձնելու, արցախահայերին՝ որպես եղբայրներ ու քույրեր վերագտնելու միջոցը։
Այսինքն՝ մինչև քաղաքական լուծումները, հանրային, հասարակական մակարդակով պետք է իրականացնել «միացում՝ հանուն փրկության» սկզբունքը, որը քաղաքական բանաձև դառնալուց առաջ անհրաժեշտ է կյանքի կոչել մեր մտքերում ու հոգիներում։ Առավել ևս, որ դա ոչ միայն, իսկ գուցե ոչ այնքան Արցախի ու արցախահայերի, որքան նաև Հայաստանի ու ՀՀ քաղաքացիների փրկության միակ բանաձևն է։
Հարություն Ավետիսյան