«Գլոբալ ցնցումների մեջ ենք հայտնվել, և, ցավոք, մեր «նավապետը» իրավիճակին չի կարողանում տիրապետել»
«Արցախի սեղմվող օղակը» թեմայով քննարկման ժամանակ միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը նկատեց, որ թեև դիվանագիտության մեջ հնարավորություններ կան, սակայն լուծումներ գտնողներ, իրականացնողները պետք է համապատասխան կարողություններ, գիտելիք, փորձ ունենան: Ըստ նրա, սակայն, վերջինը մեր մասին չէ:
«Գլոբալ մեծ ցնցումների մեջ ենք մենք հայտնվել և, ցավոք սրտի, մեր «նավապետն» իրավիճակին չի կարողանում տիրապետել, չի կարողանում ճիշտ լուծումներ գտնել»,- հավելեց նա:
Միջազգայնագետի կարծիքով՝ այս իշխանության հետ նման հույս կապել պետք չէ, քանի որ արդեն կա փորձը, թե այդ կարողությունների բացակայությունը մեզ ուր է տարել:
Անդրադառնալով տարածաշրջանին, դերակատարներին՝ Սուրեն Սարգսյանը հիշեցրեց, որ Արևմուտքն այս տարածաշրջանում, այլ տարածաշրջաններում սպասարկում է իր շահերը:
«Օրինակ, Միացյալ Նահանգներում 30 տարի է՝ կարծիք կա, որ եթե Հարավային Կովկասում հնարավոր լինի կարգավորել հակասությունները, հայ-ադրբեջանական, հայ-թուրքական հարաբերությունները, ապա դա Արևմուտքի համար հնարավորություն կլինի տարածաշրջանից ՌԴ-ին դուրս մղել: Եվ հիմա այդ հնարավորությունը տեսնելով՝ Արևմուտքը շատ ավելի ակտիվ է աշխատում:
Եվ, բնականաբար, Ռուսաստանն էլ ամեն ինչ անելու է, որպեսզի փորձի տարածաշրջանում մնալ եթե ոչ՝ սառեցված կոնֆլիկտների, ապա՝ այլ ձևերով»,- մանրամասնեց միջազգայնագետը:
Մանրամասները՝ տեսանյութում