ՊՆ նախարարը ոչինչ չի արել, որ գոնե ապահովի ՀՀ այն ճղճիմ սահմանները, որը գծել է Նիկոլ Փաշինյանը. ադրբեջանագետ
Ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանն Արցախում տեղի ունեցող գործընթացների հետ լուրջ հեռանկարներ չի կապում` նկատելով, որ Արցախը, ինչպես և Հայաստանը, 2018 թվականից հետո այլևս բանակցությունների սուբյեկտ չեն:
«Հետևաբար, Արայիկ Հարությունյանի հրաժարականը ոչինչ չի տալու. գումարելիների տեղափոխությունից գումարը չի փոխվում,- 168.am-ի հետ զրույցում շեշտեց Արմինե Ադիբեկյանը՝ հիշեցնելով,- Առաջ, երբ ՀՀ-ն բանակցում էր, վերջին խոսքն Արցախինն էր, իսկ այժմ դա չկա, որովհետև Նիկոլ Փաշինյանն Արցախը ճանաչել է Ադրբեջանի կազմում:
Ըստ նրա՝ այս համատեքստում կապ չունի՝ ով կլինի Արցախի առաջնորդ, նա չի կարողանալու լուծել այն խնդիրները, որոնք ծառացած են արցախցիների առջև:
Հստակեցմանը, թե ՀՀ ԱԳՆ-ն Նիկոլ Փաշինյանի հայտնի հայտարարության առնչությամբ պարզաբանել էր, որ ԼՂ հիմնախնդիրը երբևէ չի եղել տարածքային վեճ Հայաստանի և Ադրբեջանի միջև՝ ասել է, թե Փաշինյանի հայտարարությունը չպետք է խոչընդոտեր գործընթացներին, ադրբեջանագետն արձագանքեց.
«Հայաստանը չունի արտգործնախարարություն. ընդամենը կա ՔՊ անդամ Արարատ Միրզոյան, որն անելու է այն, ինչ հրահանգում են, իսկ դա բացարձակապես կապ չունի Հայաստանի և Արցախի շահերի հետ: Երկրորդը՝ ԱԳՆ խոսնակն իրադարձությունների մասին, ինչպես հիշում ենք, տեղեկանում է Ֆեյսբուք սոցիալական ցանցից, հետևաբար, չի տիրապետում և չունի այնքան ներուժ և հեղինակություն, որ նման հայտարարությունների անի: Եվ երրորդը՝ երբ ՀՀ-ն 30 տարի բանակցությունների ընթացքում պնդում էր, որ սա ազգերի ինքնորոշման իրավունքի հարց է, բայց Փաշինյանը որոշեց, որ տարածքային վեճ է, և ճանաչեց Արցախն Ադրբեջանի մաս, դրանով զրկեց Հայաստանին իրավունքից՝ միջամտել «Ադրբեջանի ներքին գործերին»: Ու թե այժմ խոսնակն ինչ է ասում, էական չէ, որովհետև Հայաստանը չունի ռեսուրս, գործիքակազմ, որը թույլ կտա Հայաստանին տանել այն քաղաքականությունը, և Արցախի ու Հայաստանի անվտանգությունն ապահովել այնպես, ինչպես մինչև 2018 թվականն էր»:
Արմինե Ադիբեկյանը հավելեց, որ բանակի ոչնչացմամբ կոտրեցին ազգի ուժն ու դիմադրողականությունը:
«Հենց հիմա ծնողները փորձում են հանդիպել ՊՆ նախարարի հետ, իսկ նախարարն առնետի պես թաքնվել է մի անկյունում ու վախենում է ծնողների հետ հանդիպել: ՊՆ նախարարը ոչինչ չի արել, որ գոնե ապահովի ՀՀ այն ճղճիմ սահմանները, որը գծել է Նիկոլ Փաշինյանը: Մենք ամեն Աստծո օր ունենք զոհ ու վիրավոր, ու սա այն մարդկանց իշխանավարման օրոք, որոնք 30 տարի դժգոհում էին սահմանային կրակոցներից, որ ամիսը մեկ մարդ է զոհվում, իսկ հիմա զոհերն ամեն օր են,- ասաց նա՝ խորհուրդ տալով համեմատել զոհերի վիճակագրությունը և ներկայացնել ընտրողներին՝ իրենց ընտրած ապագան:
Այս համատեքստում անդրադառնալով Գեղարքունիքի մարզում սահմանային լարվածությանը՝ մեր զրուցակիցը նշեց,- Սոթքն Ադրբեջանի օրակարգում առաջնային հարց է, որովհետև նրանք ցանկանում են Սոթքով մտնել և Սևանի կեսով գնալ դեպի Ջերմուկ և ապա՝ ուղիղ կապ հաստատել Նախիջևանի հետ: Այսինքն՝ օտարելու են Սյունիքը: Այդ տարածքները Հայաստանը կորցնելու է, և հիմա Ադրբեջանը շատ ակտիվ այդ գործողությունները կատարում է. Սոթքում հանքը չի աշխատում, բնակչություն չկա»:
Այս իրավիճակում ԵՄ դիտորդների լռությունը մեր զրուցակիցը համարում է սպասելի՝ հիշեցմամբ, որ Ադրբեջանից Եվրոպան ստանում է նավթ, գազ, լայնամասշտաբ կաշառքներ.
«Այնպես, ինչպես այսօր է կաշառված Եվրոպան Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից, պատմությունը չի տեսել՝ մեկ էլ Բյուզանդիայում է նման բան եղել, երբ թուրքերը քանդեցին Բյուզանդիան»:
Ադրբեջանագետը, թեև սեպտեմբերի 2-ին սպասվող հանրահավաքից ու անգամ դրանով մեկնարկող հանրային գործընթացների արդյունքում հնարավոր իշխանափոխությունից հետո շրջադարձային փոփոխություններ չի ակնկալում՝ հաշվի առնելով ՀՀ այս իշխանությունների ստանձնած պարտավորությունները, ստորագրած փաստաթղթերը, պետության դիվանագիտական ու ռազմական ռեսուրսների մսխված վիճակը, սակայն հավելում է.
«Դա չի նշանակում, որ իշխանափոխություն պետք չի, և, որ Փաշինյանն իր բոլոր մերձավորներով չպետք է պատիժ կրի: Նա իր արածների համար պետք է խստորեն պատժվի, որ հաջորդ եկածի մտքով իսկ չանցնի, թե նա կարող է հողեր բաժանի, խոստումներ տա, փաստաթղթեր ստորագրի, հանրությանը խաբի»: