«Նախագահի հիմնական թեկնածուների անուններ են շրջանառվում, իրավիճակն ամեն վայրկյան փոխվում է». Արմեն Պետրոսյան

Օգոստոսի 31-ին Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարեց, որ հրաժարականի դիմում է ներկայացնում՝ Արցախում ստեղծված իրավիճակը պահանջում է դերակատարների փոփոխություն, այդ պատճառով էլ ներկայացնում է հրաժարականի դիմում։ Այսօր արդեն Արցախի Հանրապետության ԱԺ-ն պաշտոնական հաղորդագրություն տարածեց, որ հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը  սեպտեմբերի 1-ին հրաժարականի դիմում է ներկայացրել Ազգային ժողով:

Հիշեցնենք, որ երեկ Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանի լրազորությունները ևս դադարեցվել են, նրան փոխարինել է Անվտանգության խորհրդի արդեն նախկին քարտուղար Սամվել Շահրամանյանը։

Արցախում տեղի ունեցող այս  և դեռ սպասվող փոփոխություններն  ի՞նչ զարգացումների կարող են հանգեցնել, և ի՞նչ ակնկալիքներ ունեն Արցախում։

168.am հետ զրույցում Արցախի Հանրապետության Կրթության և գիտության նախարարության արտադպրոցական ծրագրերի բաժնի վարիչ, Կիոկուշին կարատեի մարզիչ Արմեն Պետրոսյանը խոսելով այս հարցերի շուրջ, նախ ասաց, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո Հայաստանի ու Արցախի ղեկավարները պետք է անմիջապես հրաժարական ներկայացնեին, քանի որ պարտված իշխանությունն իրավունք չուներ մնալու երկրի կառավարման ղեկին։

Կարդացեք նաև

«Սա երևի համաշխարհային պատմության մեջ բացառիկ դեպք է, երբ պարտված իշխանությունները շարունակել են մնալ ու պաշտոնավարել։

Անկախ ամեն ինչից, առանց Հայաստանի մենք գոյություն չունենք, մեր գոյատևումը շատ դժվար է, հատկապես շրջափակման պայմաններում։ Հիմա կարելի է ասել՝ Արցախի բնակչությունը գտնվում է սովամահության եզրին»,- նշեց Արմեն Պետրոսյանը։

Մեր զրուցակիցն ընդհանուր առմամբ դրական քայլ է համարում Արայիկ Հարությունյանի հրաժարականը, քանի որ անձամբ մշտապես պայքարել է, որպեսզի Արցախում իշխանության գա ոչ պարտված ուժ՝ ավելի ազգային ու նպատակասլաց, այնպիսի ուժ, որը կկարողանա հակադրվել ՀՀ ներկայիս իշխանություններին, և Արցախը կրկին դառնա համազգային շարժման ավանգարդ։

«Բայց այս պահին Արայիկ Հարությունյանի հրաժարականը, կարծում եմ, այդքան էլ ճիշտ չէ, ստացվում է, որ ամեն ինչ տանուլ տալուց հետո, իշխանությունը պետք է ստանձնի այլ մարդ, որի ուսերին է մնալու այս ամբողջ բեռը։ Ստացվում է, որ ներկայիս իշխանությունը խուսափելու է պատասխանատվությունից։ Ամեն դեպքում գուցե նոր ուժ գա ու նոր եռանդ բերելով՝ փոխի մեր ներկայիս իրավիճակը։ Արցախի հասարակությունը կարծես թե մասնատված է, և այս ներքին հակասությունը կոնսոլիդացնելու համար պետք է լինի այնպիսի ղեկավար, որը բոլորի կողմից հարգանք է վայելում»,- շեշտեց նա։

Արմեն Պետրոսյանի փոխանցմամբ, թե ինքը, և թե արցախցիները դրական կարծիք ունեն նորանշանակ պետնախարար Սամվել Շահրամանյանի մասին։

«Ես նրա ղեկավարությամբ աշխատել եմ, ազնիվ ու արժանի արցախցի է, գուցե նա կարողանա մասնատված հասարակության բոլոր շերտերի համար միասնական թեկնածու լինել։ Նախագահի հիմնական թեկնածուների անուններ են շրջանառվում՝ Դավիթ Իշխանյան, Սամվել Շահրամանյան, իրավիճակն ամեն վայրկյան փոխվում է։

Կփորձենք այնպես անել, որ ամեն մի փոփոխություն իր հետ դրական որոշակի բաներ բերի Արցախի համար։ Հուսանք, նոր ուժը կհակադրվի ՀՀ ներկայիս իշխանություններին և թելադրողի դեր կունենա։ ՀՀ իշխանությունը մինչև այժմ չունի որոշում, թե Արցախի վրա հարձակվելու դեպքում ձեռքերը ծալած նստելո՞ւ է, թե՞ օգնելու է»,- եզրափակեց Արմեն Պետրոսյանը։

Տեսանյութեր

Լրահոս