Բաժիններ՝

«Տեսան, որ համառորեն դուրս չենք գալիս, ստիպված մարդ ուղարկեցին՝ որ մեզ Սուրեն Պապիկյանը կընդունի». Անհետ կորածի մայր

Երեկ Էջմիածնի «Քիմիկների զորամասի» անհետ կորած զինծառայողների ծնողները գնացել են Պաշտպանության նախարարություն՝ պահանջելով հանդիպում նախարար Սուրեն Պապիկյանի հետ։ Թեպետ ծնողներին թույլ էին տվել մտնել նախարարության շենք և հատկացրել էին սենյակ, որպեսզի նրանք նստեին, սակայն շենքի ներսից տեղեկացրել էին, որ Պապիկյանը շենքում չէ և նրանց չի կարող ընդունել։ Ծնողները հայտարարել էին, որ իրենք շենքից չեն գնալու, մինչև հանդիպում տեղի չունենա, այդպես սպասել էին մինչև կեսգիշերն անց։

168.am հետ զրույցում «Քիմիկների զորամասի» անհետ կորած զինծառայողներից մեկի մայրը՝ Հռիփսիմե Հակոբյանը, ասաց, որ ՊՆ շենքում սպասել են մինչև ժամը 24։00-ն, դրանից հետո իրենց ասել են, որ շենքից դուրս գան, առավոտյան Պապիկյանն իրենց կընդունի։

«Ինչ-որ կոնտր ռազվեդկից եկան ասացին, որ այսօրվա համար Սուրեն Պապիկյանը մեզ կընդունի։ Մեր բոլորի անուն-ազգանունները գրեցին, որ ժամը 17։00-ին Սուրեն Պապիկյանը հանդիպի մեզ հետ։ Հիմա այսօր այդ հանդիպումը պետք է ՊՆ-ում տեղի ունենա։

Մենք ՊՆ շենքից դուրս ենք եկել միայն այդ պայմանով, որ այսօր նախարարը մեզ հետ հանդիպի։

Կարդացեք նաև

Երեկ մեզ որևէ բացատրություն չտվեցին, թե ինչու նախարարը մեզ չի ընդունում, միայն համոզում էին, որ դուրս գանք շենքից։ Տեսան, որ համառորեն դուրս չենք գալիս, ստիպված մարդ ուղարկեցին, որ ասի՝ մեզ կընդունի Սուրեն Պապիկյանը»,- նշեց Հռիփսիմե Հակոբյանը։

Ըստ նրա, ծնողները որոշել են, որ կհամաձայնեն այդ պայմանին, ու դուրս են եկել շենքից։

«Հուսամ, այնպես չի լինի, որ չի ընդունի, իսկ եթե այդպես եղավ, մենք ծնողներով արդեն կորոշենք, թե ինչ է պետք անել»,- շեշտեց Հռիփսիմե Հակոբյանը։

Ի դեպ, երեկ լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում անհետ կորածի ծնող Կարինե Մանավազյանն ասել էր , որ երեկ իրենց ընդունել է Պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը, մոտ 2 ժամ նրա հետ խոսելուց հետո այդպես էլ իրենց հուզող ոչ մի հարցի պատասխան չեն ստացել։

Հիշեցնենք, որ հուլիսի 26-ին Էջմիածնի «Քիմիկների զորամասի» անհետ կորած զինծառայողների ծնողները բողոքի ակցիա էին իրականացրել Բաղրամյան փողոցում՝ նախագահական նստավայրի դիմաց, որտեղ ժամանակավոր նստում է նաև Նիկոլ Փաշինյանը: Ակցիայի մասնակիցները հայտարարել էին, որ նստացույց կիրականացնեն այնքան ժամանակ, մինչև Նիկոլ Փաշինյանը չընդունի և չլսի իրենց։

Չնայած ծնողները ժամեր շարունակ փակել էին ճանապարհը, սակայն նրանց, Ոստիկանության ծառայողներից ու պաշտոնյաներից բացի, Կառավարության որևէ անդամ չէր մոտեցել։

Երեկ ՊՆ-ում հավաքված ծնողները նաև հայտարարել էին, որ եթե Սուրեն Պապիկյանն իրենց չընդունի, ապա իրենք կշարժվեն դեպի կառավարական կեցավայր՝ Նիկոլ Փաշինյանից պահանջելու իրենց որդիներին։

Տեսանյութեր

Լրահոս