Ինչո՞ւ են իշխանություններն ուզում, որ Դավիթ Տոնոյանը շարունակի մնալ անազատության մեջ
Այսօր հայտնի դարձավ, որ Հակակոռուպցիոն դատարանը մերժել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ միջնորդությունը, և նա կշարունակի մնալ կալանավորված։
Հիշեցնենք, որ օգոստոսի 28-ին հրթիռների գործով անցնող պաշտպանության նախկին նախարարի պաշտպանական խումբը հայտարարություն էր տարածել, որտեղ պնդել էին, որ Դավիթ Տոնոյանին անազատության մեջ պահելու համար բերված պատճառները չունեն հիմնավորում:
«Ի սկզբանե Դավիթ Տոնոյանին կալանքի տակ պահելու հիմքում դատարանը դրել էր հենց վկաների նկատմամբ ապօրինի ազդեցություն գործադրելու կասկածը։ Ակնհայտ էր, որ Դավիթ Տոնոյանին շարունակական կալանքի տակ պահելու համար անհրաժեշտ էր մոգոնել նոր հիմք, քանի որ դատակոչված վկաներին հարցաքննելուց հետո Դավիթ Տոնոյանին անազատության մեջ պահելու հիմքերը սպառվում էին, և դատարանը ստիպված էր լինելու ազատել նրան կալանքից։ Ըստ այդմ՝ առանցքային վկաներին հարցաքննելուց հետո ՀՀ Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վահե Դոլմազյանի կողմից Դավիթ Տոնոյանի կալանքը այլ խափանման միջոցով փոխարինելու միջնորդության քննության արդյունքում կայացվեց դատական ակտ, որով Դավիթ Տոնոյանին կալանքի տակ պահելու հիմքերին ավելացվեց նաև ամբաստանյալների նկատմամբ ապօրինի ազդեցություն գործադրելու կասկածը, որը զուրկ էր որևէ հիմնավորումից։
Ասվածը հաստատվել է ՀՀ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի 27.07.2023 թվականի որոշմամբ, որով դատարանի կողմից մասնակի բավարարվեց Դավիթ Տոնոյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը գրավով փոխարինելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասին ՀՀ Հակակոռուպցիոն դատարանի վերոնշյալ որոշման դեմ ներկայացված վերաքննիչ բողոքը այն հիմնավորմամբ, որ Հակակոռուպցիոն դատարանն առանց որևէ հիմնավորման բողոքարկվող որոշման մեջ նշել է Դավիթ Տոնոյանին անազատության մեջ պահելու նոր հիմք (ամբաստանյալների նկատմամբ ապօրինի ազդեցություն գործելու կասկածը)»,- մասնավորապես, նշել էր Տոնոյանի փաստաբանական թիմը:
Ի դեպ, օգոստոսի 1-ին 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովում Դավիթ Տոնոյանի հրապարակային հարցաքննությունից հետո, որոշ մարդիկ սկսեցին ենթադրել, որ պաշտպանության նախկին նախարարն ազատության մեջ է հայտնվելու, քանի որ փորձեց «մաքրել» Նիկոլ Փաշինյանին, կամ առնվազն չմեղադրեց: Մասնավորապես, Դավիթ Սանասարյանի հարցին՝ պատերազմի օրերին Նիկոլ Փաշինյանի կողմից եղե՞լ են զիջելու, հանձնելու հանձնարարականներ, Տոնոյանը պատասխանել էր.
«Ես այդպիսի հանձնարարություններ չեմ ստացել, և ամեն դեպքում, ինձ վերաբերող մասով հարցերը քննարկվել են: Եղել է և՛ վիճաբանություն, եղել են իրար չհասկանալու, ճշգրտելու խնդիրներ, բայց դա բնական պրոցես է եղել: Վիճաբանությունը միգուցե սուր ասացի, բայց այնպիսին, որը կարող էր ազդել ռազմական գործողությունների կամ ԶՈՒ կիրառման վրա, այդպիսի հանձնարարություններ չեն եղել»: Այնուհետև, թերևս, լավ հասկանալով, թե ինչպես է ընկալվելու իր այս պատասխանը, Տոնոյանն առաջ ընկնելով՝ շարունակել էր.
«Հանկարծ որևիցե մեկի մտքով չանցնի՝ թե՛ ընդդիմության, թե՛ դիմության, որ ես ինչ-որ գործարքի եմ գնում, չգիտեմ ինչ եմ անում: Ես շատ լավ գիտակցում եմ, թե ինչի համար եմ ես հիմա կալանավորված, ինձ համար ենթագիտակցաբար կրում եմ այս կալանավորումը, ոչ թե այն փաթեթավորումը, որ կա. պատերազմի արդյունքի համար, ոչ նրա համար, ինչը որ ձևակերպված է: Ոնց ուզում են դրան վերաբերվեն: Հենց այդ ենթագիտակցությամբ պատրաստ եմ շարունակել, որպեսզի պարզ լինի, իրավիճակն էլ լիցքաթափվի: Հանկարծակի որևիցե մեկի մտքով չանցնի… Այդ բանսարկու մեղադրանքը, ի վերջո, մեկ է՝ բացահայտվելու է»:
Ավելին, մինչև իր հիմնական խոսքը կամ հարցուպատասխանը սկսելը, Դավիթ Տոնոյանը հետաքրքրվել էր՝ արդյո՞ք փաստաբանական խմբին թույլ է տրվելու ծանոթանալ Քննիչ հանձնաժողովի արձանագրություններին իր մասով, ինչին Անդրանիկ Քոչարյանը դրական պատասխան էր տվել՝ «քանի որ դատական պրոցես է լինելու, և փաստաբանական խումբը կարող է դիմել, և դատարանի որոշումով հանձնաժողովի նյութերը կարող են հասանելի դառնալ իրենց համար»:
Սրանից հետո Դավիթ Տոնոյանը պարզաբանել էր.
«Խոսքը չի գնում այն քրեադատավարական վարույթի մասին, որով ես հիմա ամբաստանյալ եմ, այլ հնարավոր ապագա կամ արդեն եղած գործերի շրջանակների, որ դուք ձեր ծրագրում նշել եք, որ քրեական գործերին առնչվող որոշ խնդիրների վերաբերյալ եք ուշադրություն դարձնելու: Ապագային միտված են իմ հարցադրումները, որ ես պատրաստ լինեմ իրավական որևէ նոր վարույթների պարագայում»:
Կարո՞ղ ենք ենթադրել, որ Դավիթ Տոնոյանը դեռ այն ժամանակ չէր բացառում 44-օրյա պատերազմի համատեքստում իր դեմ նոր քրեական գործի հարուցումը, գուցե՞ այլ առիթներ և պատճառներ կան, որոնց մասին մենք տեղյակ չենք, բայց Տոնոյանը լավ գիտի ու հենց այդ նկատառումով էլ ԱԺ Քննիչ հանձնաժողովում ակնարկներ արեց, մեսիջներ ուղարկեց հասցեատերերին: Այլապես մի տեսակ միամիտ կլինի կարծել, որ Դավիթ Տոնոյանին չեն ազատում, որ 44-օրյա պատերազմից ինչ-որ բաներ չպատմի, գուցե այլ բաներ կան, որոնց մասին չպետք է խոսել:
Ի դեպ, Քննիչ հանձնաժողովում պաշտպանության նախկին նախարարի հարցաքննության ժամանակ, չգիտես ինչու, ՔՊ-ական պատգամավոր և հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հանկարծ հիշեց 2020 թվականին համացանցում Դավիթ Տոնոյանի մասին շրջանառված տեղեկությունը, թե իբր նա «զբաղվել է Թուրքիա զենքի վաճառքով՝ զենքի վաճառքով զբաղվող Դավիթ Գալստյանի (Պատրոն Դավիթ) հետ»:
«Պարոն Տոնոյան, տեղյա՞կ եք, որ համացանցում հրապարակված են մի շարք փաստաթղթեր «Mosston Engineering» ընկերության և Թուրքիայի ՊՆ-ի և մի շարք թուրք գործարարների համագործակցության մասին»,- Քննիչ հանձնաժողովի նիստի ժամանակ Տոնոյանին էր դիմել Անդրանիկ Քոչարյանը:
Դավիթ Տոնոյանն արձագանքել էր, թե չի պատրաստվում համացանցային հրապարակումներին արձագանքել, քանի որ դրա համար գոյություն ունեն իրավապահ մարմիններ, թող պարզեն:
«Ինձ թվում է, որ ժամանակին այդ բացատրությունները տրվել են, և ես՝ որպես պաշտպանության նախարար, չպետք է հետևեի, թե այս կամ այն երկրում գրանցված կազմակերպությունը արդյո՞ք իրականացրել է որևէ գործողություն: Այո, սպառազինությունների ներկրման, արտահանման, վերահսկման առումով դա անհրաժեշտ է իրականացնել, բայց այստեղ բովանդակություն չկար, նյութ չկար, այսինքն, փաստեր չկային, որին մենք պետք է արձագանքեինք»,- հավելել էր պաշտպանության նախկին նախարարը:
Հիշեցնենք, դեռ 2020 թվականին ՀՀ պաշտպանության նախարարությունն արձագանքել էր այդ ժամանակ նախարար Դավիթ Տոնոյանի հասցեին հնչեցված վերոնշյալ մեղադրանքներին՝ մասնավորապես, նշելով.
«Ներկայացվում է, թե իբր ՀՀ պաշտպանության նախարարությունը մասնավոր ընկերության միջոցով զենք ու զինամթերք է վաճառել Թուրքիային, որտեղից այն հայտնվել է Սիրիայում գտնվող թուրքամետ ահաբեկիչների ձեռքում։
Բացահայտ և լկտի սուտ է. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը, որևէ խողովակով, երբևէ, որևէ տեսակի զենք կամ զինամթերք չի վաճառել Թուրքիայի Հանրապետությանը։ Հրապարակման մեջ նշված փաստաթղթերի հիմնական մասը մեկնաբանվում է խեղաթյուրված կերպով, և հենց այդ խեղաթյուրման վրա էլ կառուցվում է շրջանառվող ապատեղեկատվությունը»:
Ի դեպ, նման տեղեկություն և ինչ-ինչ փաստաթղթեր հրապարակել էր Armenian military portal տելեգրամյան ալիքը:
Դավիթ Տոնոյանի հասցեին այս մեղադրանքներն ավելի ուշ կրկնել էին ռուսական շրջանակներից. ռուս ռազմական փորձագետ Ալեքսեյ Լեոնկովը հղում կատարելով տելեգրամյան ալիքներին՝ ասել էր «սկսած 2018 թ.-ից՝ Հայաստանը ստացել է բավականաչափ քանակով զենք-զինամթերք, բայց միևնույն ժամանակ՝ Թուրքիայի հետ ինչ-որ գործարքների է գնացել»:
Ավելին, 2020 թվականի դեկտեմբերին Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը հայտարարել էր.
«ՀՀ ՊՆ-ին առաջարկվել է Ռուսաստանի արտադրության «Կալաշնիկով» կոնցեռնի կողմից արտադրված «Կալաշնիկով ԱԿ-103» ինքնաձիգներ՝ համապատասխանաբար մոտ 243 դոլարով։ Բայց նրանք պատերազմի օրերին գնել են «Պատրոն Դավոյի» և Տոնոյան Դավիթի գործարանից 385 դոլարով նույն «Կալաշնիկով» ինքնաձիգը։ Պատերազմի օրերին, երբ հայերը կռվում էին իրենց երկրի համար, երբ ՀՀ քաղաքացիները կռվում էին իրենց ինքնիշխանության համար, իրենց հողի, մայրերի համար, Նիկոլ Փաշինյանը և երկու Դավիթները փող են աշխատել՝ ամեն մի ավտոմատից ավելի քան 140 դոլար»:
ՀՀ պաշտպանության նախարարությունն այս մեղադրանքին արձագանքել էր դեռ 2020 թվականի նոյեմբերին, քանի որ չճշտված տեղեկություններն ավելի վաղ էին սկսել տարածվել այլ հարթակներում:
«ՀՀ պաշտպանության նախարարությունը, ՀՀ և ՌԴ ստորագրված համապատասխան պայմանագրերով, ռուսական արտադրության զենքը, զինամթերքն ու սպառազինությունը ձեռք է բերում Ռուսաստանի Դաշնության կողմից Հայաստանի Հանրապետության համար սահմանված արտոնյալ գներով։ Հետևաբար՝ նույնիսկ տեսականորեն բացառվում է իրավիճակը, երբ որևէ անձ կամ կազմակերպություն կարող է ՀՀ ՊՆ-ին առաջարկել ռուսական արտադրության զենք, զինամթերք կամ սպառազինություն, որի արժեքը կլինի ավելի ցածր, քան պետականորեն առաջարկվողը»,- նշվում էր ՊՆ պատասխանում:
Իսկ թե ի՞նչ հեռահար նպատակով էր ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահը նորից հիշել և հիշեցրել Դավիթ Տոնոյանին՝ «Թուրքիա զենքի վաճառքի» պատմությունը, որին դեռ 3 տարի առաջ պաշտոնական պատասխան էր տրվել, դժվար է գուշակել, փաստ է, որ Անդրանիկ Քոչարյանը երբեք ոչինչ հենց այնպես չի հարցնում և չի ասում: Ժամանակը ցույց կտա նաև, թե ինչու են իրականում Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ Դավիթ Տոնոյանին շարունակում պահել անազատության մեջ: Իսկ այն, որ պաշտպանության նախկին նախարարին այսօր չէին ազատելու և դեռ երկար չեն ազատի, ասում են, Դավիթ Տոնոյանը հասկացել է Քննիչ հանձնաժողովում դռնփակ նիստում հարցաքննությունից հետո:
Հիշեցնենք, որ 168.am-ը թեև գրել էր, որ Տոնոյանը ոչ մի լուրջ փաստ չավելացրեց Փաշինյանի դեռ չգրված մեղադրականում, միաժամանակ անդրադարձել էր Քննիչ հանձնաժողովում Դավիթ Տոնոյանի՝ ՔՊ-ական պատգամավորների հարցերին ոչ իշխանահաճո պատասխանների տողատակերին և մեսիջներին: