«Եթե ձեզ վրա պարտականություն եք վերցրել, բարի եղեք կատարել, չե՞ք կարողանում՝ ասեք՝ չենք կարողանում». Դավիթ Բաբայանը՝ ռուս խաղաղապահներին

Ադրբեջանը մի կողմից արգելում է Կոռնիձորում տևական ժամանակ հումանիտար բեռով բեռնված 21 բեռնատարների՝ Լաչինի միջանցքով Արցախ հասցնելը, մյուս կողմից՝ կեղծ հումանիզմ է դրսևորում։

Մասնավորապես՝ Ադրբեջանի Կարմիր մահիկի ընկերության ղեկավար Նովրուզ Ասլանը հայտարարել է, որ այսօր 40 տոննա ալյուր կուղարկի Ակնա-Ստեփանակերտ ճանապարհ՝ «որպես մարդասիրական քայլ՝ ուղղված ԼՂ հայերին»։

Մինչդեռ՝ արդեն 261 օր ադրբեջանական շրջափակման մեջ գտնվող Արցախի Հանրապետությունը բազմիցս հայտարարել է, որ պետք է բացվի Բերձորի միջանցքը, իսկ Ակնա-Ստեփանակերտ ճանապարհից իրենք չեն օգտվելու։

168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական, հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ, ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանն անդրադառնալով Ադրբեջանի Կարմիր մահիկի ընկերության ղեկավարի հայտարարությանը, ասաց՝ այդ բեռն Արցախին պետք չէ, այնուհետև նկատեց.

Կարդացեք նաև

«Այս ամենը ոչ այլ ինչ է, քան անհարգալից վերաբերմունք մեր ժողովրդի նկատմամբ։ Եթե Ադրբեջանն ուզում է «բարի կամք» դրսևորել, ապա ասեմ՝ այդ ձևով չեն դրսևորում։ Ադրբեջանը կոպտորեն խախտել է 2020 թվականի պայմանագիրը, կոպտորեն խախտում է միջազգային բոլոր նորմերն ու կանոնները։

Նա պաշարել է Արցախը, օկուպացրել է Բերձորի միջանցքը, որի իրավունքը չուներ։ Նա չի թողնում, որպեսզի հումանիտար բեռներ հասնեն Ստեփանակերտ, դրանք կանգնած են այնտեղ։

Ադրբեջանը վարում է հայատյաց քաղաքականություն, նույնիսկ Հակարիի կամրջի վրա արցախցիներից նարդի են վերցնում, առևանգում են մարդկանց, ենթարկում կտտանքների։ Այսքանից հետո, հիմա ի՞նչ բեռների մասին է խոսքը, եթե այս ամենը տեղի է ունենում։ Հետևաբար՝ Ադրբեջանի կողմից այս քայլը ոչ այլ ինչ է, եթե ոչ՝ շահակում ու սպեկուլյացիա»,- նշեց Դավիթ Բաբայանը։

Ինչ վերաբերում է երեկ Հակարիի կամրջի վրայից Ադրբեջանի կողմից առևանգված երեք հայ երիտասարդներին ու հայ հասարակության քննադատություններին, թե նրանք ռուս խաղաղապահների ուղեկցությամբ էին, որոնք պետք է երաշխավորեին նրանց անվտանգությունը, Դավիթ Բաբայանն ասաց, որ ռուս խաղաղապահները բանակցում են ադրբեջանական կողմի հետ, պետք է սպասել՝ հասկանալու համար, թե ինչ կլինի արդյունքը։

«Խնդիրն այն է, որ տեղի է ունեցել արմատական վերաֆորմատավորում Բերձորի միջանցքում, սա մի խայտառակ բան է։ Մինչդեռ Բերձորի միջանցքն ունի միջազգային կարգավիճակ, որտեղ Ադրբեջանն առհասարակ իրավունք չուներ արգելափակելու ու օկուպացնելու, և որպես երաշխավոր հանդես է գալիս Ռուսաստանի Դաշնությունը։

Հիմա, տեղի է ունեցել նման սարսափելի բան, մարդիկ լեգիտիմ իրավունք ունեն, չէ՞, ասելու՝ ի՞նչ է կատարվում, ինչո՞ւ չեք կատարում ձեր պարտականությունները։ Լավ, հասկացանք, Երևանը հայտարարում է, որ ճանաչում է  Արցախն Ադրբեջանի մաս, հետո՞ ինչ, բայց չէ՞ որ մինչև 2025 թվականը դուք պետք է, չէ՞, երաշխավորեք Արցախի անվտանգությունը։ Ռուս ժողովուրդը մեզ համար եղբայրական է, բայց խնդիրը դա չէ, եթե ձեզ վրա պարտականություն եք վերցրել, բարի եղեք կատարել, չե՞ք կարողանում՝ ասեք՝ չենք կարողանում, հարցը սա է»,- եզրափակեց Դավիթ Բաբայանը։

Տեսանյութեր

Լրահոս