«Այդքան էլ մեծ հույսեր չունեմ, որ Թուրքիայի տնտեսությունը կվերականգնվի». Տարոն Աջեմօղլու

ԱՄՆ Մասաչուսեթսի տեխնիկական համալսարանի պրոֆեսոր, թուրքահայ աշխարհահռչակ տնտեսագետ Տարոն (Դարոն) Աջեմօղլուն անդրադարձել է Թուրքիայի կենտրոնական բանկի կողմից վերջերս կայացված տոկոսային քաղաքականությանն առնչվող որոշմանը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Մասնավորապես Աջեմօղլուն նշել է, որ միայն տոկոսների բարձրացմամբ տնտեսական խնդիրը չի լուծվի, ապա առաջ քաշել դրա լուծմանը նպաստող որոշումների անհրաժեշտության մասին իր տեսակետը։

Ըստ թուրք պրոֆեսորի՝ չնայած բանկի կողմից ընդունված ճիշտ որոշմանը, հավելյալ փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն կա։

Տնտեսագետը որպես այդպիսին թվարկում է 4-ը։

1․ Փաստացի (իրական) տոկոսադրույքի բարձրացում

2․ Միաժամանակյա ինստիտուցիոնալ փոփոխությունների մեկնարկ

3․ Աղբյուրների (նկատի է առնվել ներդրումները) հոսք արտերկրից

4․ Աղքատության աճի կանխում

Բացի այդ, Աջեմօղլուն որպես տնտեսության զարգացման նախադրյալ է համարել Թուրքիայում ժողովրդակավարական իրավունքների ամրապնդումն ու խոսքի ազատությունը։

«Այս թվում հատկապես կարեւոր է վերահսկել կոռուպցիան, դադարեցնել մրցակցությունը նվազեցնող գործելաոճը, ապահովել դատական մարմինների անկախությունը եւ ճանապարհ հարթել ներդրումների համար։ Դրանցում ոչ մի առաջընթաց չկա, կարծում եմ, որ չի էլ լինելու»։

Անվանի տնտեսագետը նշել է նաեւ, որ ինքը Թուրքիայի տնտեսության վերականգման հետ կապված այդքան էլ մեծ հույսեր չունի։

Հիշեցնենք, որ օգոստոսի 25-ին Թուրքիայի կենտրոնական բանկի (CBRT) Դրամավարկային քաղաքականության կոմիտեի (PPK) կողմից հրապարակված տոկոսադրույքի փոփոխությունների վերաբերյալ որոշման համաձայն՝ երրորդ անգամ անընդմեջ կենտրոնական բանկի տոկոսադրույքը հասցվեց 25-ի։

Տոկոսադրույքի շուրջ 750 բազիսային կետով բարձրացմամբ՝ դոլար/լիրա (թուրքական դրամային արժույթ) հարաբերակցությունը նվազեց մինչեւ 25․80։

Տեսանյութեր

Լրահոս