Լուծարումի սարսափից  

Համակարգերի ամենատարբեր տեսություններում այդ հասկացությունը բնորոշող տասնյակ սահմանումների շարքում ամենաընդհանրականն այն բնորոշումն է, ըստ որի՝ համակարգն իրար հետ փոխկապակցված առանձին մասերից բաղկացած այնպիսի ամբողջություն է, որում մասերից մեկի վիճակի փոփոխությունն ազդում է մյուսների և ընդհանուր համակարգի վիճակի փոփոխության վրա։

Նորմալ պայմաններում պետությունը և հասարակությունը մեկ ընդհանրական համակարգի առանձին մասեր են, որոնք միմյանց հետ կապված են օրգանական, դիալեկտիկական կապերով, և դրանում մասերից որևէ մեկի փոփոխությունը հանգեցնում է մյուսների և ամբողջ սիստեմի վիճակի փոփոխությանը։

Հայաստանում, հայկական պետական շահերի, ավելի լայն համատեքստում՝ հայկականության համակարգում խախտվել է հենց այդ՝ սիստեմի հիմնարար օրենքը։ Նախկինում որպես մեկ ամբողջություն հանդես եկող միասնական համակարգը դադարել է այդպիսին լինելուց, և դրա առանձին մասերը սկսել են գործել ու ապրել անջատ, մեկուսի, առանց մյուսի փոփոխությունը զգալու ու դրա ազդեցությունը կրելու և համարժեք արձագանքելու։

Նորանկախ Հայաստանի պետական շահերի ճարտարապետությունը խարսխված է եղել Հայաստանի ու Արցախի՝ միասնական կենսական ու անվտանգային տարածք լինելու սկզբունքի վրա։ Հայկական կամ, եթե կարելի է այդպես անվանել՝ հայկականության համակարգը հիմնվել է Հայաստանի ու Արցախի օրգանական, անքակտելի կապի վրա։ Ամենատարբեր թելերով հայկական ճանաչված և չճանաչված, բայց դե ֆակտո կենսունակ երկու հանրապետությունների միասնականության, մեկ ընդհանուր սիստեմի մաս լինելու իրողությունը միահյուսված է եղել հանրային ու սոցիալական համակարգերի գիտակցության, արժեբանության, առաջնահերթությունների հետ՝ այնպես, որ դրանք կազմել են մեկ ամբողջական համակարգ։ Եվ հենց այդ կապերի խախտումն է նաև հանգեցրել նրան, որ շուրջ երեք տասնամյակ որպես միասնական համակարգի մաս հանդես եկող առանձին ենթահամակարգերը, ինչպես, օրինակ՝ Արցախի և Հայաստանի հասարակությունները, հիմա ապրում են միանգամայն այլ իրականություններում։ Համակարգի կարևոր մասերից մեկի՝ Արցախի ու նրա քաղաքացիների վիճակի փոփոխությունը գործնականում որևէ կերպ չի ազդում մյուս ենթահամակարգի՝ Հայաստանի քաղաքացիների կյանքի, կենցաղի վրա։

Կարդացեք նաև

Սովամահության դատապարտված Արցախի պայմաններում Երևանում անցկացվող գինարբուքները և, որ ավելի զազրելի է՝ դրանց անխնա ցուցադրությունը, ասվածի գռեհիկ, բայց միևնույն ժամանակ ցայտուն օրինակներ են։

Խնդիրը ոչ թե այն է, որ Արցախի քաղաքացիներն ավելի լավն են, Հայաստանում բնակվողները՝ պակաս մարդասեր, կամ՝ հակառակը. խորքային պատճառն այն է, որ այդ թվում՝ հետևողական քարոզչության ու հանրային գիտակցությունը մանիպուլացնող լատենտ տեխնոլոգիաների միջոցով մենք կտրել ենք այն անտեսանելի կապերը, որոնցով Արցախի հետ հանդես էինք գալիս՝ որպես մեկ միասնական համակարգ։

Համակարգային կապերի խախտման մեկ այլ դրսևորում է արդեն ներհայաստանյան իրականությունը։ Պետությունը՝ որպես ամբողջական, միասնական համակարգ, կարող է հանդես գալ միայն այն դեպքում, երբ պետական ու հանրային կառավարման մարմինները, քաղաքական ուժերը, քաղաքացիական խմբերը և, ի վերջո, հասարակությունը գտնվում են համակարգային օրգանական, դիալեկտիկական կապերի մեջ։ Հայաստանում, ահա, խախտվել են նաև տարաբնույթ հարաբերություններից բաղկացած այն ցանցային կապերը, որոնք պետությունը, հասարակության հետ միասին, դարձնում են մեկ միասնական համակարգ։

Դրա վկայությունն է այն, որ Հայաստանն ապրում է համաժամանակյա մի քանի, եթե ոչ՝ մի քանի տասնյակ իրականություններում՝ իշխանական վայելքներով ապրողների սանձարձակ իրականությունից՝ մինչև զոհվածների հարազատների ու անհետ կորածների դժոխային իրականություն, սպառողականության մոլուցքը բավարարելու համար ամեն ինչի պատրաստ անհայրենիքներից՝ մինչև ամեն ինչ զոհաբերելու պատրաստ իրական հայրենասերներ, պետությունն ուղիղ եթերի ռեժիմում կազմաքանդող բարձրաստիճան պաշտոնյաներից՝ մինչև պետության իսկական արժեքն իմացող, բայց անտեսված նվիրյալ անհատներ։

Այս իրականությունները խզված են իրարից, գործում են միևնույն ժամանակային, բայց միանգամայն այլ, հակադիր, փոխբացառող տարածական ու արժեքային հարթություններում, որոնք ոչ միայն չեն կարող միավորվել համակարգին բնորոշ կապերով, այլ ամեն օրվա հետ փոշիացնում են իներցիայով գործող համակարգից դեռևս մնացած բեկորները։

Դեռևս ունենալով պետության՝ որպես համակարգի, ձևական ատրիբուտները, բովանդակային առումով մենք ապրում ենք հակահամակարգի ռեժիմում։ Այն դեպքում, երբ աշխարհը որպես երկրներ հանդես եկող հարյուրավոր համակարգերից բաղկացած մեգահամակարգ է, որը գործում է միայն համակարգերին ներհատուկ օրենքներով ու օրինաչափություններով։

Այս պայմաններում մենք՝ որպես պետություն ու հասարակություն՝ լայն իմաստով, ունենք երկու ճանապարհ՝ կամ վերակազմավորվել որպես համակարգ ու համաշխարհային մեգահամակարգում փորձել վերագտնել մեր դերը, կամ գնալ լուծարման ճանապարհով՝ հրաժարվելով միայն սիստեմի օրենքներով գոյատևելու հնարավորություն ունեցող պետությունից՝ այլ համակարգերի տարածքում հուշ-երեկույթներ կազմակերպելով ու հիշելով, որ մենք ևս երբևէ ունեցել ենք պետություն, որը, բոլոր թերություններով, այդուհանդերձ սիստեմ էր և ոչ թե՝ հակահամակարգ։

Ընտրության ժամանակը սարսափելիորեն քիչ է։

Տեսանյութեր

Լրահոս