Կառավարությունը սահմանել է կրթաթոշակի տրամադրման նոր պայմաններ ու չափեր
Կառավարությունը սահմանել է ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում կամ կազմակերպություններում բակալավրի և մագիստրոսի կրթական աստիճաններով առկա ուսուցմամբ սովորողներին տրվող պետական կրթաթոշակների չափերը և հաստատել պետության համար առաջնային և կարևորություն ներկայացնող մասնագիտությունների (կրթական ծրագրերի) ցանկը:
Ինչպես տեղեկանում ենք օգոստոսի 24-ին տեղի ունեցած Կառավարության հերթական նիստից, որոշմամբ նախատեսված կարգավորումներն ուղղված են նաև պետության համար կարևոր և առաջնահերթ մասնագիտություններով ընդունելության համար գրավիչ պայմաններ ստեղծելուն՝ հաշվի առնելով այդ մասնագիտություններով ընդունելության ցուցանիշները, ինչպես նաև բարձր կրթաթոշակների միջոցով լրացուցիչ խթանող քայլերի՝ առավել պահանջարկ ունեցող աշխատատեղերի համալրման խնդրի համաչափ կարգավորման նպատակով: Հիմք ընդունելով ոլորտում իրականացված, այդ թվում՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության տրամադրած վերլուծությունները, սահմանվել են պետության համար կարևոր և առաջնահերթ մասնագիտությունները (մասնագիտական մանկավարժություն՝ ըստ ԲՏՃՄ ուղղությունների): Այս ուղղություններով ուսանողների համար կսահմանվի 70 հազար դրամ կրթաթոշակ, գերազանց սովորելու դեպքում՝ 77 հազար դրամ։ Որոշման նպատակն է նաև հասանելի և մատչելի կրթական ծառայությունների ապահովումը օրենքով նախատեսված սոցիալական խմբերի բարձրագույն և մասնագիտական կրթություն ստանալու համար ֆինանսական աջակցության մեխանիզմների բազմազանեցումը, այդ թվում՝ կրթաթոշակների տրամադրման մեխանիզմների էական լավարկման միջոցով։ Արդյունքում ակնկալվում է ապահովել կրթաթոշակի տրամադրման նոր պայմաններ ու չափեր, որոնք կնպաստեն ՀՀ տնտեսությունը և աշխատաշուկան նոր և որակյալ կադրերով ապահովելուն, ինչպես նաև համապատասխան բուհերի՝ պետության համար կարևոր և առաջնահերթ մասնագիտություններով ընդունելության տեղերի մրցակցության բարձրացմանը: Որոշումն ուժի մեջ մտնելուց հետո, ցանկում ընդգրկված մասնագիտության համապատասխան կրթական ծրագրերով 2023-2024 ուսումնական տարում բուհ ընդունված ուսանողները կստանան որոշմամբ սահմանված կրթաթոշակը: Նախատեսվում է, որ 2023-2024 ուսումնական տարում բակալավրի կրթական ծրագրով նպատակային մասնագիտություններով կրթաթոշակ ստացող ուսանողների թիվը կլինի 58, իսկ մագիստրոսի կրթական ծրագրով՝ առավելագույնը 169:
«Պետական բյուջեից միայն բուհերում կրթաթոշակների համար տարեկան տրամադրվում է շուրջ 846 միլիոն դրամ, սակայն դա որևէ կերպ խթան չի հանդիսանում սովորողների առաջադիմության ու կրթական արդյունքի բարելավման համար, որովհետև մեկ ուսանողին հատկացվող ամսական կրթաթոշակը տատանվում է 4-5 հազար դրամի սահմաններում: Հետևաբար, կարելի է պնդել, որ դա որևէ էական ազդեցություն չի կարող թողնել ո՛չ կրթության մատչելիության, ո՛չ էլ կյանքի որակի վրա: Միաժամանակ, այն արժենում է պետությանը զգալի միջոցներ։ Եվ որպեսզի ավելի նպատակային իրագործենք այս ծրագիրն, պետք է վերանայենք կրթաթոշակային քաղաքականությունը՝ մեծացնելով յուրաքանչյուր ուսանողին տրամադրվող կրթաթոշակի չափը և հստակեցնելով կրթաթոշակի տրամադրման պայմաններն ու պահանջները»,- ասել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:
Մեկ այլ որոշմամբ էլ նախատեսվում է ապահովել ՀՀ նախնական մասնագիտական (արհեստագործական) և (կամ) միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատություններում ուսանողական նպաստ հատկացնելու, ուսման վարձը փոխհատուցելու և կրթաթոշակ սահմանելու գործընթացի կանոնակարգումը, ինչպես նաև ՀՀ կառավարության կողմից տարվող քաղաքականությամբ, մասնավորապես՝ կրթաթոշակի տրամադրման նոր մոտեցումների ներդրումը: ՀՀ կառավարության կողմից յուրաքանչյուր տարի հաստատված առաջնահերթ և կարևոր ոլորտների մասնագիտությունների ցանկով հիմնական կրթության հիմքով ընդունված ուսանողներին 50000 ՀՀ դրամի չափով, իսկ ով կունենա գերազանց առաջադիմություն՝ լրացուցիչ կտրամադրվի ևս 5000 դրամ կրթաթոշակ: «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» կամ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՀՀ օրենքներով սահմանված սոցիալական խմբի, ինչպես նաև սահմանամերձ և բարձրլեռնային բնակավայրերի ուսումնական հաստատության ուսանողին՝ գերազանց առաջադիմություն դեպքում կտրամադրվի կրթաթոշակ 25000 ՀՀ դրամի չափով:
Նիկոլ Փաշինյանը կարևորել է ընդունված որոշումը և նշել, որ այս թեմայով քննարկումները սկսվել են՝ մինչև 2030 թվականը կրթության զարգացման ռազմավարության նախագծի ձևավորման շրջանակում. «Կարծում եմ՝ կարևոր որոշում ենք կայացնում: Այսինքն՝ « բոլորին տալ մի բան, որը ոչ մեկի համար ոչ մի բան է» քաղաքականությունը փոխարինում ենք ավելի թիրախային ծախսերի տրամաբանությամբ։ Մեր ունեցած գումարները կենտրոնացնում և ծախսում ենք ավելի նպատակային»:
Վարչապետն ընդգծել է, որ անհրաժեշտ է հետագայում այս ոլորտում այլ քաղաքականություն իրականացնել՝ կրթաթոշակի տրամադրումը պետք է կապված լինի կրթության որակի հետ. «Քաղաքականությունը պետք է սրբագրենք, որովհետև պետք է կապ տանք կրթության որակի հետ։ Մենք մարդուն արդեն վատ մեսիջ ենք տալիս՝ հաշմանդամություն ունես, դրա համար կրթաթոշակ ես ստանում: Մեր մեսիջը պետք է լինի հետևյալը՝ կրթաթոշակ եմ ստանում, որովհետև լավ եմ սովորում։ Եթե մարդ սոցիալական խնդիր ունի, թող դրանով զբաղվի Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը»:
Նիկոլ Փաշինյանը նշել է նաև, որ ՀՀ ՊՆ-ն որոշում կկայացնի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում և Մոնթե Մելքոնյանի անվան վարժարանում այս նույն մոտարկված համակարգը ներդնելու համար։