««Միջանցք՝ միջանցքի դիմաց». գլխի էի ընկնում, թե միջանցքային տրամաբանության շուրջ այս ամենն ինչով կարող էր ավարտվել». Գարիկ Քեռյան
Օգոստոսի 16-ին հայկական կողմից դիմումի հիման վրա տեղի ունեցավ ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստ՝ Արցախում ստեղծված ադրբեջանական շրջափակման և դրա բերած հետևանքների վերաբերյալ։ Ամբողջ նիստի ընթացքում Արցախում ստեղծված իրավիճակը ներկայացվեց զուտ որպես հումանիտար խնդիր, մինչդեռ՝ արդեն 8 ամիս տևող ադրբեջանական շրջափակումն Արցախում 120 հազար արցախահայերի համար ստեղծել է անվտանգային լուրջ խնդիրներ, գրեթե ամեն օր կրակելով խաղաղ բնակավայրերի, դաշտում աշխատող քաղաքացիների ուղղությամբ։
168.am-ի հետ զրույցում ԵՊՀ քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի վարիչ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գարիկ Քեռյանն ասաց, որ չպետք է խնդիրը դիտարկվեր որպես հումանիտար, որովհետև ցանկացած հումանիտար խնդիր ունի իր քաղաքական դրդապատճառները։ Հումանիտար խնդիրները ծնվում են քաղաքական գործողությունների, միջպետական հարաբերությունների և որոշակի քաղաքական գործընթացների արդյունքում։ Հետևաբար՝ դրանք չեն կարող ծնվել օդում՝ բացառությամբ այն դեպքերի, երբ կա բնական աղետ՝ երաշտ, սով, որից առաջանում է հումանիտար աղետը։
«Օրինակ, Հավայան կղզիներից մեկն ամբողջությամբ այրվեց, և դրա արդյունքում առաջացավ հումանիտար աղետ, բայց այդտեղ քաղաքական գործոն չկա։
44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանը փորձում է սողացող, աստիճանական, ոչ սպոնտան, հանգիստ քայլերով հասնել իր նպատակներին։ Նրա նպատակը, թերևս, նորություն չէ՝ կտրել Արցախը Հայաստանից և Ադրբեջանի վերաինտեգրման տակ հասնել այն բանին, որ կամ հայաթափվի Արցախը, կամ հայերն այնքան քիչ տոկոս կազմեն այնտեղ, որ հետագայում խնդիրներ չառաջանան։
44-օրյա պատերազմից հետո, ըստ նոյեմբերի 9-ի հայտարարության, գործում էր Լաչինի միջանցքը, որպես արտատարածքային միջանցք, որն ապահովում էր Արցախի կապը Հայաստանի հետ։ Մեկ տարուց ավելի այդ միջանցքը գործում էր և Արցախին ապահովում էր կենսական նշանակության անհրաժեշտ ապրանքներով։ Ադրբեջանը պատերազմից մի քանի ամիս հետո կարող էր անցնել հարձակման, այդ ճանապարհը կտրել ու չեղարկել, այն, ինչ անում է հիմա։ Մեզ համար, ցավոք, Ալիևն այնքան հեռատես է, որ հասկացավ՝ պետք է ընտրել հարմար պահը, երբ իր այդ գործողությունները չեն ստանա արժանի հակահարված և՛ միջազգային, այսպես կոչված, «հանրության», և՛ Հայաստանի ու հարևան պետությունների կողմից»,- շեշտեց Գարիկ Քեռյանը։
Շարունակելով միտքը, քաղաքագետն ասաց, որ այս ամենն իրականացնելու համար դաշտ նետվեց նարատիվ՝ «միջանցք՝ «միջանցքի» դիմաց»։ Դրանով Ադրբեջանը ցանկանում է ասել, որ թողնում է, որպեսզի Լաչինի միջանցքը բաց լինի, որի արդյունքում, ըստ նրա՝ կգոյատևի «Ղարաբաղի հայկական համայնքը», բայց պետք է ստանան նմանատիպ «միջանցք»։
«Մեր ղեկավարության պատասխանը, թե նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ չկա նման դրույթ, ադրբեջանական կողմը մեկնաբանում էր որոշակի հոդվածներ, որոնցով պետք է ապահովվի կապը։ Կապը, իրենք ասում են՝ հենց միջանցքն է, բացատրելով, թե «ինչու ձեզ համար կապը կարող է լինել միջանցք, իսկ մեզ համար չի կարող լինել»։ Եթե հիշում եք, մոտ 6-7 ամիս շարունակ այս ամենը պտտվեց և շատ հմուտ կերպով դա ներկայացվեց տարբեր հարթակներում և ներկայացվեց հետևյալ սոուսով, որ ըստ էության Հայաստանը տապալում է ամբողջական կապուղիների վերականգնման խնդիրը և ինչքան էլ ՀՀ ղեկավարությունը իր տերմինաբանությամբ փորձում էր ապացուցել, որ միջանցքային տրամաբանություն չի կարող լինել, միաժամանակ չէր կանխատեսում այն, որ եթե «Զանգեզուրի միջանցք» չկա, ինչպե՞ս են ապահովելու Արցախի «միջանցքը»։ Այսինքն՝ Ադրբեջանը լավ հասկանալով, որ «Զանգեզուրի միջանցք» չկա, տապալեց Լաչինի միջանցքը, խնդրեմ՝ հավասարության նշան դրեց և գործը կամաց-կամաց առաջ է տանում։ Ցավոք սրտի, մեծ ցավով եմ ասում՝ հակառակորդի դիվանագիտությունը փայլուն էր և՛ միջազգային հարթակներում, և՛ նույնիսկ ՀՀ դաշնակից ՌԴ-ի հետ հարաբերություններում»,- հավելեց Գարիկ Քեռյանը։
Ըստ քաղաքագետի, երբ Ադրբեջանը փակեց Լաչինի միջանցքը, օգտագործեց Հայաստանի կողմից բարձրաձայնած այն հանգամանքը, որ ամեն մի պետության տարածքով կապուղին պետք է ենթարկվի ըստ միջազգային օրենքի ներկայացվող պահանջին։
«Ադրբեջանն ասում է՝ խնդրեմ, հայկական կողմն է, չէ՞, ասում՝ միջազգային օրենք, մենք էլ միջազգային օրենքով դրել ենք մեր անցակետը, հենց հայկական իշխանության պնդմամբ։ Ամբողջը գլորեց հայկական իշխանության վրա, և, ցավոք, մեր մեդիադաշտում սա շատ չի լուսաբանվում։ Բացի դրանից, Ադրբեջանի գործողություններին քաղաքական ու դիվանագիտական վերլուծություն չտրվեց։ Չեմ ուզում մեծամտանալ, բայց որպես մասնագետ՝ արդեն գլխի էի ընկնում, թե միջանցքային տրամաբանության շուրջ այս ամենն ինչով կարող էր ավարտվել։ Պատահական չէր Հակարիի կամրջի վրայի սադրանքը, երբ դրոշը մի տեղից տարան մեկ այլ տեղ: Չգիտեմ, ով էր հրամայել կրակել, նրանք սա օգտագործեցին ու առհասարակ երթևեկությունը փակեցին։
Ընդհանուր վերլուծական եզրահանգումը սա էր, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո շուրջ 2,5 տարուց ավելի Ադրբեջանը քայլ առ քայլ մոտենում է իր հիմնական նպատակին՝ կտրել Արցախը Հայաստանից և արցախահայությանը ստիպել ինտեգրվել Ադրբեջանին, և հավերժ փակել Արցախի հարցը»,- եզրափակեց Գարիկ Քեռյանը։