
Հայաստանի և Ադրբեջանի միջև նախաստորագրված համաձայնագրի տեքստը կհրապարակվի օգոստոսի 11-ին

Հայաստանի և Ադրբեջանի միջև նախաստորագրված խաղաղության համաձայնագրի տեքստը կհրապարակվի օգոստոսի 11-ի երեկոյան։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԱԳ նախարարությունը։
«Վաշինգտոնում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։
Ադրբեջանի հետ ձեռք բերված համաձայնությամբ, համաձայնագրի նախաստորագրված տեքստը երկուշաբթի՝ օգոստսի 11-ի երեկոյան կհրապարակվի:
Նախարարները ստորագրել են նաև ԵԱՀԿ-ին համատեղ դիմումը ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացների և առնչվող կառույցների փակման վերաբերյալ»,- ասված է հաղորդագրության մեջ ։
X-ի հարթակում նախարար Միրզոյանն իր գրառման մեջ նշել է.
«Հիրավի պատմական պահ է խաղաղության համար։ Նշանակալի և խորհրդանշական օր Հայաստանի Հանրապետության, տարածաշրջանի և աշխարհի համար։ Այսօր մենք նաև հայտարարում ենք ավելի ամուր փոխկապակցվածության, բարօրության և մեր սերունդների համար ավելի ապագայի մասին»: